Մատչելիության հղումներ

Պերմյակովի դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին


Վալերի Պերմյակով, արխիվ:

Վալերի Պերմյակով, արխիվ:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 23-ի կհրապարակի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավճիռը:

Մեղադրողը, հիշեցնեմ, անցած շաբաթ ցմահ ազատազրկում պահանջեց Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով մեղադրվող ռուս զինծառայողի համար:

Պերմյակովը, ով մեղադրվում է սպանության, ավազակային հարձակման, հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեջ, այսօր հրաժարվեց վերջին խոսքից:

Դատարանում ճառով հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Արթուր Սաքունցը՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով մի շարք հանգամանքների վրա: Ըստ նրա, հանցագործությունը բացահայտված չէ, քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության շարժառիթը բացահայտված չէ:

«Թե՛ նախաքննությամբ, թե՛ դատաքննությամբ չեն բացահայտվել Ավետիսյանների ընտանիքի սպանության շարժառիթը, դրդապատճառը, առանց որի չենք կարող պնդել հանցագործության բացահայտված լինելու մասին: Առնվազն ինձ համար, որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, անհնարին է համարել որպես շարժառիթ վեց հազար դրամով Թուրքիայի սահմանն անցնելու և այնուհետև այնտեղից Ռուսաստանի Դաշնություն անցնելու այդ պատճառաբանությունը, որ տալիս է Պերմյակովը», - դատարանում ասաց Սաքունցը:

Անդրադառնալով նախաքննությանը՝ իրավապաշտպանը հայտարարեց, որ ռուսական կողմից որևէ մեկը պատասխանատվություն չի կրել․ թեկուզ այն հանգամանքի համար, որ Պերմյակովի փախուստից հետո 4 ժամ անց է միայն հայ իրավապահներին այդ մասին տեղեկացվել:

Սաքունցը հատուկ անդրադարձավ նաև այն հանգամնքին, որ նախաքննությունը այլ վարկած չի քննել․ - «Կատարված հանցագործության համար մեղադրանք է առաջադրվել միայն Պերմյակովին, որն էլ նախաքննությամբ հիմնավորվել է նրանով, որ դեպքի վայրից հայտնաբերվել է Պերմյակովի զենքը, զինվորական համազգեստը, երկու ծխախոտի գլանակ, և վերջինս ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել: Քննություն չի կատարվել այն ուղղությամբ, թե հնարավո՞ր էր արդյոք Պերմյակովի զենքը և հագուստը գողանալու արդյունքում անհայտ անձանց կողմից կատարված լիներ ոճրագործությունը»:

Այդ վարկածի հիմնավորման համար տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը մատնանշեց Պերմյակովի հագուստի վրա այլ՝ չպարզված մարդու արյան ու մազի նմուշի առկայությունը, ինչը փորձաքննությամբ հաստատվել է: Ե՛վ կատարված նախաքննությունը, և՛ դատավարությունը, ըստ Սաքունցի, իրականացվել են մի շարք խախտումներով:

Պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալի պաշտպան Էդվարդ Աղաջանյանը, ով կանգ չառավ Ավետիսյանների ընտանիքի սպանության հանգամանքի վրա՝ հայտարարելով, որ իր վստահորդը մեղքը ընդունել է և ինքնախոստովանական ցուցմունք է տվել:

Պաշտպանը ապացուցված չհամարեց Պերմյակովի՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մեղադրանքը՝ այն որակելով շինծու․ - «Առաջադրված մեղադրանքը մեղմ ասած՝ հիմնավորված չէ, շինծու է և մտացածին: Եվ առաջադրվել է միայն Պերմյակովին առաջադրված մյուս մեղադրանքները արհեստականորեն ծանրացնելու, անիմաստ ճոխացնելու և դրանց հետ նույն փաթեթով դատարանում «ձեռքի հետ» անցկացնելու նպատակով․․․ Դատաքննության ընթացքում հենց մեղադրանքի կողմի ներկայացված ապացույցների հետազոտման ժամանակ հերքվել է Պերմյակովի կողմից պետական սահմանը հատելու փորձը»:

Աղաջանյանը միջնորդեց դատարանին, որ իր պաշտպանյալը արդարացվի հայ-թուրքական սահմանը հատելու փորձի մասով:

Ի դեպ, Պերմյակովի պաշտպանը անդրադարձավ նաև ռուս զինծառայողի պատժի կրման վայրի հարցին, թեև դիրքորոշում չհայտնեց․ - «Ինչ վերաբերում է Պերմյակովի՝ պատիժը կրելու վայրին, ապա, նկատի ունենալով, որ մեղադրողը իր ճառում դրան չի անդրադարձել, չի նշել, թե որ երկրի որ քրեակատարողական հիմնարկում նա պետք է կրի իր պատիժը, պաշտպանական կողմը նպատակահարման է գտնում այս փուլում ձեռնպահ մնալ որևէ կարծիք հայտնելուց այդ կապակցությամբ»:

Պերմյակովն այսօր դատարանում հրաժարվեց օգտվել նաև ճառով հանդես գալու իր իրավունքից:

XS
SM
MD
LG