Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Պերմյակովի անմիջական հրամանատարը միանշանակ պետք է հարցաքննվի


Ավետիսյանների սպանության գործով դատական նիստերից մեկը Գյուրիում, արխիվ

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստերից մեկը Գյուրիում, արխիվ

Գյումրիում այսօր շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը:

Ինչպես և մեկ շաբաթ առաջ, այսօր էլ դատարանը շարունակում է հրապարակել նախաքննության նյութերը՝ 26 հատոր քրեական գործը պետք է դատական նիստերի ընթացքում թերթվի, և հրապարակվեն կարևոր փաստաթղթերը, դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները, տեղազննությունների արդյունքները:

Այսօր հրապարակվեցին լուսանկարներ, թե ինչպես է հայ-թուրքական սահմանին հայտնաբերվել Պերմյակովը՝ այն տնակը, որտեղ նա թաքնվել էր, վայրը, որտեղ արձակվել էր նախազգուշական կրակոցը և նրան հայտնաբերել էին ռուս սահմանապահները:

Հրապարակվեց փորձաքննությունների եզրակացությունը՝ կապված հրազենի հետ, ներկայացվեցին փորձաքննության լուսանկարները՝ ԱԿՍ-74 տիպի ինքնաձիգի և դեպքի վայրից հայտնաբերված պահունակում գտնվող փամփուշտների:

Սրան զուգահեռ՝ Ավետիսյանների իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբաններն արձանագրում են, որ դատավարության ընթացքում ավելի ու ավելի հրատապ է դառնում Պերմյակովի արդեն իսկ զորացրված ծառայակիցների և նախկին անմիջական հրամանատարի հարցաքննության հարցը:

«Տուժողի իրավահաջորդները պնդում են, որ 7 զինծառայողները՝ 6 ծառայակից և Պերմյակովի անմիջական հրամանատար [Անդրեյ] Նիկիշինը, պետք է հարցաքննվեն, այդ միջնորդությունը մինչև վերջ պաշտպանելո՞ւ եք», - «Ազատության» այս հարցին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներից Երեմ Սարգսյանը արձագանքեց․ - «Միանշանակ պաշտպանելու եմ, որովհետև մեր համար էդ ապացույցները, ըստ էության, էական են, հատկապես պաշտպանելու ենք հենց Նիկիշինի հարցաքննությունը»:

«Մենք չենք կարող կանխատեսել, օրինակ, Նիկիշինի հարցաքննության ժամանակ ի՞նչ նոր և կարևոր հանգամանքներ հարցաքննության արդյունքում ի հայտ կգան, և քանի որ նա այն անձն է հանդիսացել, որը գնացել է Չիտայում ընտրություն է կատարել՝ Պերմյակովին բերել, նա այն անձն է հանդիսացել, ով էստեղ անմիջական հրամանատարն է եղել Պերմյակովի և նաև բուն հերթապահության օրը նա էդ հերթափոխի ղեկավարն է եղել, որի օրոք էլ Պերմյակովը փախել է, այսինքն՝ սա այն անձն է, որը անմիջականորեն դեպքերի կիզակետում է, պետք է նրան միանշանակ փորձենք հարցաքննել», - հայտարարեց փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG