Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շեշտում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը


«Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը», - շաբաթ կեսօրին Վարշավայում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում՝ հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Լեհաստանի մայրաքաղաքում երեկվանից մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի ամբիոնից Հայաստանի նախագահը հակադարձեց Ադրբեջանի առաջնորդին․ - «Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած մեղադրանքներին, տեղին չեմ համարում մեր այս հանդիպումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հռչակագրերը արհեստականորեն Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկման հարթակ դարձնելը. դրա համար կա մասնագիտացված կառույց: Պարզապես պարտքս եմ համարում հատուկ ընդգծել, որ այսօր հակամարտության խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտը Ադրբեջանի բարձր ղեկավարության վարած քաղաքականությունն է և հարցը խաղաղ ճանապարհով լուծելու կամքի բացակայությունը: Դրա վառ ապացույցն էր Ադրբեջանի կողմից ընթացիկ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հանդեպ սանձազերծված լայնածավալ ագրեսիան, ինչը խոշոր հարված հասցրեց խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների կողմից իրականացվող ջանքերին: Ստատուս քվոն կփոխվի, եթե ճանաչվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը»:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում պայմանավորվածություն է ձեռք բերվել շփման գծում հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ ներդնել, ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հնարավորությունները:

Ղարաբաղյան խնդիրը Հայաստանի նախագահը երեկ ուշ երեկոյան Վարշավայում քննարկեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Զոն Քերրիի հետ: Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, կողմերը փոխադարձաբար կարևորել են ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Սերժ Սարգսյանը ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային շնորհակալություն է հայտնել «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված ապրիլյան ագրեսիայի պատճառով հակամարտության գոտում ստեղծված լարված իրավիճակից դուրս գալուն միտված գործուն քայլերի համար»:

Զոն Քերրիի հետ երեկ հանդիպեց նաև Ադրբեջանի նախագահը: Եռակողմ բանակցությունների մասին, սակայն, մինչև այս պահը ոչինչ հայտնի չէ:

ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովում` երկու տարի առաջ, հենց Միացյալ Նահանգների պետքարտուղար Զոն Քերրին էր նախաձեռնել երկու նախագահների հետ հանդիպումը:

Այսօրվա հանդիպումներից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Թվիթերում գրեց, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մերժում են պատերազմը ու նվիրված են բանակցություններին:

Ժամեր առաջ էլ Հայաստանի նախագահը հանդիպեց Ֆրանսիայի առաջնորդ Ֆրանսուա Օլանդի հետ: Ղարաբաղի թեման քննարկելուց բացի, Սարգսյանը երախտագիտություն է հայտնել վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի ընդունման համար` շեշտելով, որ այդտեղ մեծ է նախագահ Օլանդի անձնական ներդրումը:

Ֆրանսիայի նախագահը, իր հերթին, մամուլի ասուլիսում անդրադարձավ ղարաբաղյան թեմային` նորից խոսելով Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին:

Սերժ Սարգսյանին Վարշավայում ուղեկցում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սեյրան Օհանյանը:

Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը փորձեր է կատարում հետ կանգնել պայմանավորվածություններից` ձևացնելով, թե հետաքննությունների մեխանիզմ ներդնելու պայմանավորվածություն ընդհանրապես ձեռք չի բերվել: «Չնայած եռանախագահող երկրները Վիեննայի գագաթաժողովի արդյունքում հրապարակած իրենց հայտարարության մեջ հստակ ասում էին, որ նախագահները պայմանավորվել են այդպիսի մեխանիզմի ստեղծման մասին: <...> Հնարավոր չէ հանդիպումից հանդիպում որևէ հարցի շուրջ պայմանավորվել, և կողմերից մեկը հետ քայլ անի, որովհետև դրանով իսկ կորցնում է վստահությունը, որ կարելի է այդ երկրի հետ ընդհանրապես բանակցել և ինչ-որ բանի մասին պայմանավորվել», - Վարշավայում կայացած ճեպազրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարը:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում Լեռնային Ղարաբաղին անդրադարձ կա անուղղակի` Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու մասով: «Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականության, անկախության ու ինքնիշխանության մեր սատարմանը: Այս համատեքստում մենք շարունակում ենք սատարել Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետությունում, հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք հիմնված են այդ սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի Կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողականորեն և ավելի ուժեղ քաղաքական կամքով ներգրավվել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը` սահմանված բանակցային շրջանակներում», - ասված է փաստաթղթում:

Ակնկալվում էր, որ այս գագաթնաժողովին հստակություն կմտցվի ՆԱՏՕ-ին Վրաստանի հնարավոր անդամակցության հարցում, մինչդեռ ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստից հետո հնչեցին միայն ընդհանրական հայտարարություններ` համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ:

Քիչ անց եզրափակիչ ելույթով հանդես է գալու Բարաք Օբաման: Ըստ ամենայնի, Միացյալ Նահանգների նախագահը կանդրադառնա ՆԱՏՕ - Ռուսաստան հարաբերություններին: Չնայած Մոսկվայի դժգոհությանը, Հյուսիսատլանտյան դաշինքը երեկ կայացրեց որոշումը` ամրապնդել ռազմական ներկայությունը Լեհաստանում և բալթյան երկրներում:

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովն անցկացվելու է 2017 թվականին Բրյուսելում:

Կարլեն Ասլանյան, Վարշավայից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG