Մատչելիության հղումներ

Վարշավայում կայացել է Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր հարցերում Ֆրանսուա Օլանդի հետևողական աջակցության և կարևոր դերակատարման համար, ընդգծելով, որ Հայաստանում իրապես հպարտանում են Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ հարաբերություններ ունենալու իրողությամբ:

Նա գոհունակությամբ փաստել է, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը տարիների ընթացքում նկատելիորեն ընդլայնվել է. Եվրամիության երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել վերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի ընդունման համար, որում մեծ է նախագահ Օլանդի անձնական ներդրումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Հայաստանի նախագահը մեծապես կարևորել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի, ակտիվ դերակատարությունը բանակցային ճանապարհով հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում և շնորհակալություն հայտնել նախագահ Օլանդին նաև անձնական ջանքերի հետևողական ներդրման համար։ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը երկուստեք կարևորել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ընդունված հայտարարություններում ամրագրված դրույթների անվերապահ կատարումը: Նախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացի առաջմղման հեռանկարի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG