Մատչելիության հղումներ

Մոսկվան ուշադրությամբ հետևում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին․ Պեսկով


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Ակնկալվում է, որ այս հավաքի ընթացքում ՆԱՏՕ-ն կորոշի Լեհաստանում և Բալթյան երկրներում նոր գումարտակներ տեղակայելու հարցը:

Պաշտոնական Մոսկվան ուշադրությամբ հետևում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և հույս ունի, որ կհաղթեն առողջ բանականությունն ու քաղաքական կամքը՝ հետագա դիմակայությունից խուսափելու համար, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Կրեմլի ներկայացուցիչը կրկին ընդգծել է՝ Ռուսաստանին ամենևին դուր չեն գալիս Հյուսիսատլանտյան դաշինքի ընդարձակման ու ռազմական հզորացման ծրագրերը իր սահմանների մոտ:

«Մենք եղել ենք և բաց կմնանք երկխոսության համար, սակայն միայն այն դեպքում, երբ դա կլինի փոխշահավետ և երկու կողմերի հետաքրքրությունները հաշվի առնող», - ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանն ու ՆԱՏՈ-ն կարող են արդյունավետ համագործակցել, երբ դաշինքը դադարեցնի իր հռետորաբանությունը՝ իբրև թե Ռուսաստանից բխող վտանգների վերաբերյալ:

«Հիմա, երբ Եվրոպայում տասնյակ մարդիկ են զոհվում, Մերձավոր Արևելքում՝ հարյուրավոր, խոսել Ռուսաստանի վտանգավորության մասին անհեթեթություն է, և վկայում է այդ կազմակերպության կարճատեսության մասին»:

«Եթե նրանք թշնամու կերպարը ստեղծում են, որ դրա վրա հակառուսական հիստերիա սերմանեն, ապա այդ ֆոնին նորանոր ռազմաօդային ու ցամաքային ուժեր տեղակայեն՝ քայլ առ քայլ մոտենալով ռուսական սահմաններին, ապա այս դեպքում, անշուշտ, դժվար կլինի որևէ հենք գտնել արդյունավետ փոխգործակցության համար», - ասել է Վլադիմիր Պուտինի խոսնակը:

Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Ռուսաստանն ինքը ՆԱՏՕ-ին համարում է թշնամի․- «Մենք այնտեղ թշնամի չենք փնտրում, բայց երբեմն գտնում ենք, երբ մեր սահմանների մոտ սկսում են քայլել ՆԱՏՕ-ի զինվորներն ու երկնքում օդ են բարձրանում ՆԱՏՕ-ի ինքնաթիռները»:

Ավելի վաղ՝ այսօր Վարշավայում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ն նոր սառը պատերազմ չի ուզում, սակայն անելու է ամեն ինչ՝ պաշտպանելու անդամ պետությունների անվտանգությունը:

Ակնկալվում է, որ հենց այս հավաքի ընթացքում ՆԱՏՕ—ն կորոշի Լեհաստանում և Բալթյան երկրներում 4 նոր բազմազգ գումարտակ տեղակայելու հարցը: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այսօր արդեն պաշտոնապես հայտարարել է Լեհաստան հազար ամերիկացի զինվոր ուղարկելու մասին:

Ռուսաստանի նախագահն այս հայտարարությունների ֆոնին այսօր խոսել է ռուսական սպառազինության արդյունավետության մասին:

«Մեր զենքը գնալով ավելի արդյունավետ է դառնում՝ միաժամանակ մնալով շատ դյուրին օգտագործման մեջ, ինչի մեջ կարելի է համոզվել ոչ միայն ցուցահանդեսներում», - ըստ «Ռիա նովոստի»-ի այսօր ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով․ - «Ռուսաստանը ներդրումներ է անում պաշտպանության ոլորտում՝ հրաձգային զենքերից մինչև օդային և ծովային մարտերի համար նախատեսված ժամանակակից միջոցներ, որոնք կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը ցանկացած ռազմադաշտում»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG