Մատչելիության հղումներ

Արամայիս Ավագյանի վերաքննիչ բողոքին զուգահեռ՝ նոր նամակներ միջազգային կառույցներին


Արամայիս Ավագյանը որդու հետ
Արամայիս Ավագյանը որդու հետ

Գործը, ըստ էության, դուրս է եկել Ուզբեկստանի սահմաններից, ընդգծում է հայաստանցի իրավապաշտպանը:

Ուզբեկստանում ծայրահեղական իսլամիստական գործունեության մեջ մեղադրվող Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը «Ազատությանը» տեղեկացրեց, որ որդին դիմել է վերաքննիչ դատարան` բողոքարկելով իրեն 7 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ Դիզակի շրջանի առաջին ատյանի դատարանի դատավճիռը:

Հայաստանցի իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ երեկ նույնպես Արամայիս Ավագյանի գործով ստեղծված կոմիտեի կազմում ներգրավված իրավապաշտպանները հայազգի երիտասարդի գործով արդար քննություն կատարելու, նրա նկատմամբ ապօրինի հետապնդումներ իրականացրածներին պատժելու պահանջով և գործի նկարագրություն պարունակող գրություններ են ուղարկել հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին. - «Դիմել ենք դիվանագիտական ներկայացուցչություններ, և ապագայում Ավագյանի գործի վերաբերյալ փաթեթը փոխանցվելու է Միջին Ասիայում գործող դիվանագիտական կորպուսներին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին: Այդպիսի պայմանավորվածություն ունենք ձեռք բերված: Մենք միջազգային շատ մեծ, հզոր կառույցների՝ այնպիսի կառույցների, ինչպիսին ՄԱԿ-ն է, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն է, Եվրամիությունն է, ԵԱՀԿ-ը, Human Rights Watch կազմակերպությունը, Amnesty International-ը, Freedom House-ը, այս կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ավագյանը դատապարտված է ոչ արդար դատաքննության ընթացքով»: «Ուղարկել ենք այս կառույցների առաջին դեմքերին՝ խնդրելով, որ նրանք իրենց հնարավորությունների սահմաններում ճնշումներ գործադրեն ուզբեկական իշխանությունների վրա: Նաև ուղարկել ենք Ուզբեկստանի նախագահին, որովհետև ունենք տեղեկատվություն, որ այս գործը Արամայիս Ավագյանի և նրա ընկերների նկատմամբ սարքվել է ոչ թե բարձրագույն իշխանության թելադրանքով, այլ տեղական կառույցների ջանքերով՝ ընդամենը ունեցվածքը խլելու նպատակ է հետապնդել հենց սկզբից», - ասաց Հարությունյանը:

Անցյալ շաբաթ ստեղծված Արամայիս Ավագյանի և նրա 4 ընկերների պաշտպանության միջազգային կոմիտեն ուղերձ էր հղել միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններին:

Վարդան Հարությունյանի մեկնաբանությամբ, միջազգային կառույցների ուշադրությանն արժանացած գործով իրավապաշտպանները, հետամուտ լինելով Amnesty International հեղինակավոր կազմակերպության նախաձեռնած ակցիային, թե' միասնաբար և թե' առանձին՝ իրենց երկրներից անընդհատ բողոքներ են հղում տարբեր ատյաններ. - «Անհատ քաղաքացիներից սկսած, վերջացրած քաղաքացիներով՝ կարող են մասնակցել և իրենց բողոքի ձայնը Amnesty International-ի էջի օգնությամբ հղել: Բոլորը փորձում են ինչ-որ բան անել: Որովհետև այս գործը, ըստ էության, դուրս է եկել Ուզբեկստանի սահմաններից»:

Իրավապաշտպանն ընդգծեց Արամայիս Ավագյանի գործում առկա աղաղակող ապօրինություններին վերջ դնելու նպատակով ստեղծված միջազգային կոմիտեի նախաձեռնությունների կարևորությունը: «Այստեղ այնքան էլ կարևոր չէ դատապարտվածի ազգային պատկանելիությունը: Կարևոր է, թե ինչ դատ է տեղի ունեցել՝ անարդար, դատարանին ոչ սազական պրոցեսի ընթացքում է մարդը հետապնդվել, սարքված գործով է մարդը հետապնդվել: Եվ այստեղ իմ մասնակցությունը չպետք է վերագրվի Ավագյանի ազգային պատկանելիությանը: Իհարկե, ազգային պատկանելիությունը դեր ունի, բայց դա առաջնային չէ», - հայտարարեց Վարդան Հարությունյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG