Մատչելիության հղումներ

Ճնշումներ և վերահսկողություն ծայրահեղականության մեջ մեղադրվող հայի գործով


Արամայիս Ավագյանը որդու հետ

Արամայիս Ավագյանը որդու հետ

Տեղական իշխանությունները շարունակում են ճնշումները: Օմբուդսմենը սպասում է դատախազության պատասխանին:

Իսլամիստական ծայրահեղականության, Ուզբեկստանի սահմանադրական կարգը տապալելու և մի շարք այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ուզբեկստանի քաղաքացի, հայազգի Արամայիս Ավագյանի գործով արտադատարանական ճնշումները տեղափոխվել են նոր հարթություն:

Դիզակում ձկնաբուծարան հիմնադրած, սակայն ավելի ուշ բիզնեսը տեղական իշխանությանը զիջելու պահանջին ընդդիմանալուց հետո 2 անչափահաս երեխա ունեցող Արամայիս Ավագյանն արդեն 4 ամիս է՝ նախնական կալանքի տակ է: Տեղական իշխանությունների ճնշումներից ու սպառնալիքներից հետո Արամայիս Ավագյանի կինը և մայրը շարունակում են բարձրաձայնել ապօրինությունների, դատական գործընթացի վրա ազդելու շարունակական փորձերի մասին:

Արամայիսի կինը՝ ազգությամբ ուզբեկ Շիրին Տուրսունովան, այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ հորը կանչել են և ստիպել ստորագրել գրության տակ, ըստ որի՝ Արամայիս Ավագյանի գործով ճնշումներ չկան: Ավելի վաղ Շիրին Տուրսունովայի հայրը տեղի էր տվել իրավապահների պահանջներին և Ուզբեկստանում սովորական թվացող մի հավաքի ժամանակ հրապարակավ հրաժարվել էր հարազատ աղջկանից, քանի որ հայազգի երիտասարդի կինը, չնայած զանազան ճնշումներին, շարունակում է պայքարել, որ ամուսնու հետ կապված պատմությունը հանգուցալուծվի արդար դատաքննությամբ և օրենքով: Շիրին Տուրսունովայի խոսքով, հորը կանչել էին 4 օր առաջ, երեկ՝ նույնպես:

Գրության տակ ստորագրելու համար համայնքի ղեկավար Գաֆուր Կարշիբաևի ներկայացուցիչներն, ըստ Արամայիս Ավագյանի կնոջ, իր հորը կանչել են համայնքապետարան: Սպառնացել են, որ եթե փաստաթուղթը չստորագրի, «ապա ամբողջ ընտանիքով կզրկվեն պետական ֆինանսական բոլոր հատկացումներից»՝ նպաստներից, կենսաթոշակից։

Ուզբեկստանի օմբուդսմեն Ուլուկբեկ Մուհամադիևի ավագ օգնականն այսօր «Ազատությանը» տեղեկացրեց, որ օմբուդսմենն այժմ սպասում է գլխավոր դատախազության գրավոր պատասխանին՝ կապված Արամայիս Ավագյանի գործով ճնշումների և խոշտանգումների հետ:

Ավագ օգնականը նաև ասաց.- «Ըստ Ուզբեկստանի օրենսդրության, մենք ունենք ժամկետ, և այդ ժամկետի սահմաններում մեզ տեղեկություններ են տրամադրում համապատասխան կառույցները: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իրավիճակը վերահսկողության տակ է, հիմա դեռ ժամանակ կա, և հենց մեզ պատասխան տան գլխավոր դատախազությունից, մենք անմիջապես կտեղեկացնենք հայկական կողմին»։ Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի օգնականն ասաց, որ օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ պաշտոնական պատասխանի համար, եթե լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա:

Նախքան Հայաստանի օմբուդսմենի պաշտոնից հրաժարական տալը Կարեն Անդրեասյանը Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպան Ուլուկբեկ Մուհամադիևին գրել էր, որ հունվարի 6-ին իրեն է դիմել Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը: «Հիմնվելով մարդու իրավունքների ինստիտուտների կամավորական և փոխօգնության սկզբունքի վրա»՝ խնդրել էր հնարավորությունների դեպքում համագործակցություն՝ «Արամայիս Ավագյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու կապակցությամբ, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վերջինիս նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է Արամայիսի աներոջ նկատմամբ ճնշումների պնդումներին, Ուզբեկստանի օմբուդսմենի առաջին օգնականն ասաց՝ ճնշումների նոր ալիքի վերաբերյալ տեղեկությունը լսում է առաջին անգամ: Խոստացավ այդ տեղեկությունները փոխանցել իր ղեկավարին։ «Ես գրում եմ, կփոխանցեմ ղեկավարությանը, և ամեն դեպքում Հայաստանի օմբուդսմենը կտեղեկացվի հետաքննության արդյունքների մասին»,- ասաց Մուհամադիևի ավագ օգնականը:

Այսօր ևս փորձեցինք կապ հաստատել նաև Գաֆուր Կարշիբաևի հետ, ով, ըստ Արամայիս Ավագյանի ընտանիքի, փորձել է խլել ձկնաբուծարանը և հանրային աղմուկից հետո ձգտում է ճնշել բողոքները:

Բջջային հեռախոսը վերցրեց մի անձնավորություն, ներկայացավ որպես Կարշիբաևի օգնական։ Օգնականը նաև ասաց, թե չգիտի՝ հրավիրե՞լ է արդյոք Կարշիբաևը Շիրին Տուրսունովայի հորը: Ըստ պատասխանի՝ օգնականը տեղյակ չէ՝ դատախազությունից այցելե՞լ են Կարշիբաևին՝ բողոքները ստուգելու: Վերջին հարցը լսելով՝ օգնականն անջատեց հեռախոսը:

​Ստորագրահավաք՝ հայազգի գործարարին ազատելու պահանջով

Համացանցում շարունակվում է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին հասցեագրված ստորագրահավաքը։ Ստորագրահավաք նախաձեռնած ուզբեկ լրագրող, քաղաքական հետապնդումներից հետո Կանադա տեղափոխված Ուլուկբեկ Աշուրը ներկայացրել է հայազգի երիտասարդից բիզնեսը խլելու փորձերից հետո տեղական իշխանության սպառնալիքները։

«Շատերը գիտեն, որ մեղադրանքի իրական պատճառը վարչական շրջանի ղեկավարի՝ խակիմ Գաֆուր Կարշիբաևի և Ավագյանի միջև ծագած կոնֆլիկտն է՝ վերջինիս պատկանող հաջողակ ձկնաբուծարանի հարցով»: Ապա Արամայիս Ավագյանի գործով հետաքննությունը շարունակող ուզբեկ լրագրողը գրում է.- «Հայտնի է, որ Արամայիս Ավագյանը հավատացյալ է: Նա քրիստոնյա է, Հայ Առաքելական եկեղեցու հետնորդ: Իսկ նրա վրա կարում են ոչ ավելի, ոչ պակաս՝ իսլամական ծայրահեղականությանը և անգամ «Իսլամական պետությանն» առնչություն ունենալու մեղադրանք։ Մեկ այլ իրավիճակում դա կդիտվեր ծիծաղելի, մինչդեռ մարդը նստած է Ազգային անվտանգության նկուղային բանտում»։

Ստորագրահավաք նախաձեռնած ուզբեկ լրագրողը հայտարարում է, որ անմեղ մարդկանց բանտ նետած անձինք և ռեժիմները վախենում են միայն պարզությունից և խոսքի ազատությունից: «Այսպիսով, եկեք ամբողջ աշխարհով պահանջենք, որ չխոշտանգեն Արամայիս Ավագյանին և նրա ընկերներին ու դատեն միայն օրենքով»,- գրում է նա։

XS
SM
MD
LG