Մատչելիության հղումներ

Նոր վկայություններ Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հայ երիտասարդի գործով


Արամայիս Ավագյանը որդու հետ
Արամայիս Ավագյանը որդու հետ

Արամայիս Ավագյանի ընտանիքը գնահատում է Հայաստանի օմբուդսմենի նամակի ազդեցությունը:

Ուզբեկստանի Դիզակի շրջանի դատարանում երկուշաբթի օրը շարունակվել է 33-ամյա Արամայիս Ավագյանի գործով դատավարությունը:

Իր չորս ընկերների հետ հայազգի երիտասարդը մեղադրվում է «կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու», «սահմանադրական կարգը տապալելու», նաև՝ «գողության» մեջ:

Երկու անչափահաս երեխայի հայր Արամայիսի հարազատները պնդում են, որ նրա նկատմամբ քրեական հետապնդումները սկսվել են իր և Ուզբեկստանի Դիզակի շրջանի վարչական ղեկավարի միջև առկա հակասությունների պատճառով:

Ըստ Արամայիսի մոր պնդումների, Դիզակի վարչական շրջանի ղեկավարը փորձել է խլել որդու ձկնաբուծարանը, սակայն դիմակայությունից հետո Արամայիսին առևանգել են, բռնություններ գործադրել, ոտքը կոտրել, ավելի ուշ Ազգային անվտանգության ծառայությունը նրան ներկայացրել է ծանրագույն մեղադրանքներ:

Ի դեպ, իրավապահ առաքելություն ունեցող մարմիններն իբրև Արամայիսի՝ ծայրահեղականության մեջ ընդգրկված լինելու «վառ ապացույց» վկայակոչում են ձերբակալվելու պահին պապի և կրտսեր եղբոր մահվան կապակցությամբ ըստ հայկական ավանդույթի մորուք պահելու հանգամանքը: Կա Արամայիսի գերդաստանի տղամարդկանց լուսանկարը՝ արված նրա կրտսեր եղբոր քառասունքին:

Արամայիսի մոր՝ 36 տարի առաջ Հայաստանից հեռացած Ֆլորա Սաքունցի փոխանցմամբ, երեկ դատական նիստի ժամանակ ցուցմունք է տվել Դիզակում ձկնաբուծարանի տարածքի պահակը և հայտնել տեղեկություններ Արամայիսի և Դիզակի վարչական շրջանի ղեկավարի հարաբերությունների մասին: Ուզբեկստանում վարչական շրջանի ղեկավարին անվանում են «խակիմ»: «Էդ պահակը ցուցմունք տվեց, որ խակիմի կողմից եկել են, ասել, որ էդտեղ քանդեցեք, ուրիշ ձև սիրուն սարքեք, որ մարդիկ գան հանգստանան: Հետո խակիմը մարդկանց ուղարկել ա, եկել, երեխու հետևից ա ընգել, ուզել, թե բռնի, ծեծի: Էդ տղեն ասում ա՝ ես փախել եմ, գնացել, երկու օր աշխատանքի չեմ եկել», - «Ազատության» հայկական ծառայությանը պատմեց Ֆլորա Սաքունցը: Ըստ նրա՝ Դիզակի վարչական շրջանի ղեկավարը Արամայիսի կնոջը հրավիրել է հանդիպման:

Շիրին Տուրսունավոն երեխաների հետ
Շիրին Տուրսունավոն երեխաների հետ

Արամայիս Ավագյանի կինը՝ ազգությամբ ուզբեկ Շիրին Տուրսունովան «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Դիզակի վարչական շրջանի ղեկավար Գաֆուր Կարշիբաևը իրեն հրավիրել է հանդիպման: Շիրինի փոխանցմամբ՝ հանդիպմանը գնացել է իր քույրը: «Մի՛ վախեցեք, ամեն ինչ լավ կլինի, ամեն ինչ նորմալ է, Մայիսը ճիշտ է․․․», - Շիրին Տուրսունովայի վկայությամբ՝ իրեն քրոջ միջոցով այս բառերն է փոխանցել Դիզակի վարչական շրջանի ղեկավարը:

Մինչդեռ, անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը տեղեկացրել էր, որ Կարշիբաևը իսպառ հերքել է իր առնչությունը հայազգի երիտասարդի դեմ ծանր մեղադրանք ներկայացնելու գործին: «Առաջին հերթին, ես ընդհանրապես չեմ տեսել Ավագյանին: Երկրորդը՝ ֆերմերը չպիտի լինի այդպիսին․․․ Հարկային հաշվետվությունների մեջ չի գրանցվել անգամ մեկ կիլոգրամ ձուկ, այնտեղ այդքան ձուկ չի եղել [70-80 տոննա]», - «Ազատության» ուզբեկական ծառայության լրագրողի փոխանցմամբ՝ Դիզակի վարչական շրջանի ղեկավարն այս ամենն անցած շաբաթ ասել է «նյարդայնացած ձայնով»:

Երեկվա դատական նիստի ժամանակ ցուցմունք են տվել վկաներ, որոնք, Արամայիսի մոր պնդմամբ, չեն հաստատել Արամայիսի հարևանի ավելի վաղ՝ նախաքննության ժամանակ տված մեղադրական ցուցմունքները, որոնց հիմքով կազմել են քրեական գործը:

Հայաստանի օմբուդսմենի նամակի ազդեցությունը

Արամայիս Ավագյանի կինը՝ Շիրինը կարծում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրությունը Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանին ազդեցություն է ունեցել:

Ինչպես Ֆլորա Սաքունցը, այնպես էլ Շիրին Տուրսունովան նշում են՝ վերջին դատական նիստերին Արամայիսի հետ զրույցներից տպավորություն ունեն, որ Կարեն Անդրեասյանի նամակից հետո բանտում դադարեցրել են ահաբեկումները Արամայիսի նկատմամբ: Շիրին Տուրսունովան «Ազատության հարցին» ի պատասխան միևնույն ժամանակ ասաց, որ մեկուսարանում դեռ արգելում են տեսակցությունները, նաև հրաժարվում են Արամայիս Ավագյանին փոխանցել ընտանիքի տրամադրած հագուստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG