Մատչելիության հղումներ

Հայ երիտասարդը չի ընդունում Ուզբեկստանում իրեն առաջադրված ծանր մեղադրանքները


Արամայիս Ավագյանը որդու հետ

Արամայիս Ավագյանը որդու հետ

33-ամյա Արամայիս Ավագյանի գործով Ուզբեկստանի օմբուդսմենին նամակ է հղել Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

Ուզբեկստանի Դիզակի շրջանի դատարանում երեկ հայազգի Արամայիս Ավագյանը չի ընդունել իրեն առաջադրված ծանր՝ իսլամիստական ծայրահեղականության վերաբերյալ մեղադրանքները, «Ազատությանը» այսօր տեղեկացրեց նրա պաշտպան Օլիմ Կադիլովը:

Սեպտեմբերի 4-ին Արամայիս Ավագյանին և նրա ուզբեկստանցի 4 ընկերներին առևանգել են: Ապա հայտնի է դարձել, որ Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայությունը երկու անչափահաս երեխա ունեցող հայազգի երիտասարդին մեղադրում է կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու, սահմանադրական կարգը տապալելու, նաև՝ գողության մեջ:

Պաշտպանն ասաց, որ Ավագյանը մյուս ամբաստանյալների նման «մասամբ ընդունել է միայն խողովակների գողության մեղադրանքը»: Մայրը, սակայն, պնդում է, որ տղաները խողովակները գնել են մի ֆերմերից, վերջինս պատմել է, որ վաճառել է դրանք:

Ի տարբերություն «գողության», ըստ փաստաբանի, Արամայիսը կտրականապես հերքում է իսլամիստական ծայրահեղականության մեղադրանքները: Փաստաբանի խոսքով, ընդհանրապես չկան Արամայիս Ավագյանին վերագրվող ծանր հանցագործությունների պնդումները հիմնավորող ապացույցներ: Պաշտպան Օլիմ Կադիլովը հաստատեց տեղեկությունները, որ տաջիկ ամբաստանյալ Ֆուրքաթ Ջուրաևի ցուցմունքների հիմքով են մեղադրանք առաջադրել Արամայիս Ավագյանին, սակայն նշեց, որ նրա ցուցմունքները միայն բառեր են.- «Միայն նրա բառերն են, պետք է լինեն ապացույցներ… »։

Ավագյանին ծայրահեղականության, «Իսլամական պետություն» խմբավորման հետ համագործակցելու մեղադրանքներ առաջադրելու շարժառիթի վերաբերյալ փաստաբանն առայժմ զերծ մնաց որևէ բան ասելուց: Պարզաբանումների համար սպասում է դատաքննության ավարտին:

Իսկ Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը պնդում է, որ որդուն բանտարկել են նրա վարձակալած ձկնաբուծարանը խլելու՝ Դիզակի համայնքապետի անհաջող փորձերից հետո: Պաշտպանական կողմը պնդում է, որ կան վկայություններ, ըստ որոնց՝ համայնքապետը երիտասարդի բիզնեսը խլելու փորձերը ձախողելուց հետո նրան սպառնացել է՝ «ես քեզ կնստեցնեմ բանտ»:

Ավագյանի պաշտպանը հայտնեց, որ համայնքապետը դատակոչված չէ որպես վկա։ «Եթե իմ պաշտպանյալն անձամբ խնդրի, հայտարարություն գրի, ես կմիջնորդեմ, որ դատարան հրավիրեն այդ համայնքապետին՝ Սաբիր Կարշիբաևին»,- ասաց Կադիլովը։

Վկաները դատարանում պատմում են ճնշումների մասին

Երեկ դատարանը հարցաքննել է նաև նախաքննության մարմնին անհրաժեշտ ցուցմունքներ տված վկային՝ Ազամաթ Խալիլովին, որը, մոր փոխանցմամբ, Արամայիս Ավագյանի հարևանն է։ «Ասում ա՝ ինձ ծեծել են ու ասել, որ պիտի անպայման ասես… Ինքը մի խոսք ա ասում, հետո՝ 5 րոպե հետո ուրիշ խոսք ա ասում: Դատավորը ասում ա՝ դու կարա՞ս մի խոսքի ճիշտ ասես: Քրտնել էր: Քուրը նստած լացում էր, ասում էր՝ ես ի՞նչ անեմ, ախպորս ծեծել են, ըտենց օրը քցել, հիմա ախպերս ձեր համար դուշման ա դառել, ինքը չի ուզում ոչ մի բան ասի, բայց իրան ստիպել են…»։

Ըստ փաստաբանի, Արամայիս Ավագյանը դատարանին ցուցմունք կտա հավանաբար հաջորդ նիստին, երբ ապահովվի թարգմանիչ:

Հայաստանի օմբուդսմենի նամակը Ուզբեկստանի օմբուդսմենին

Արամայիս Ավագյանը ծնվել է Ուզբեկստանում, այդ երկրի քաղաքացի է: Ծնողները Հայաստանից հեռացել են 36 տարի առաջ:

Ավագյանի մայրը հունվարի 6-ին դիմել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ նշելով, որ որդուն խոշտանգում են մեկուսարանում՝ ծանր մեղադրանքների կապակցությամբ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով:

Կարեն Անդրեասյանի նամակը

Կարեն Անդրեասյանի նամակը

Օրերս Կարեն Անդրեասյանը դիմել է Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպան Ուլուկբեկ Մուհամադիևին: Հրաժարական տալուց առաջ Ուզբեկստանի օմբուդսմենին հղած նամակում Կարեն Անդրեասյանը գրել է, որ իրեն է դիմել մեր հայրենակիցը:

«Հիմնվելով մարդու իրավունքների ինստիտուտների կամավորական և փոխօգնության սկզբունքի վրա, խնդրում եմ, հնարավորությունների դեպքում, Ձեր համագործակցությունը Ա. Ավագյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու վերաբերյալ, ինչպես նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ վերջինիս նկատմամբ ապօրինի գործողությունները կանխելու վերաբերյալ»,- գրել է Կարեն Անդրեասյանը:

Ֆլորա Սաքունցն ավելի վաղ նամակներ էր ուղարկել Ուզբեկստանի նախագահի գրասենյակ, դատախազություն, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: «Արամայիսը պատմեց, որ էնքան ծեծել են, մտածել ա, որ կմահանա: Մեր էսքան նամակներից հետո մի քիչ, ասում ա, ես հիմա լավ եմ: Երեկ դրությունը լավ էր երեխու, խոսացինք»:

Ֆլորա Սաքունցի փոխանցմամբ, որդու հարցով ոչ բոլոր խնդիրներն են կարգավորվել, նրան բանտում չեն կերակրում, նաև 4 ամիս է՝ նրան չի փոխանցվել ընտանիքի տրամադրած նոր հագուստը։

XS
SM
MD
LG