Մատչելիության հղումներ

Երևանում շարունակվում է մոմավառությունը ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի


6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահը հարյուրավոր երևանցիների երեկվանից Ազատության հրապարակ է բերել: Օպերայի թատրոնի աստիճանահարթակին դարձյալ հայտնվել են հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների լուսանկարները, մոմեր, խաղալիքներ: Մարդիկ մոտենում, աղոթում էին Ավետիսյանների հոգիների համար և չէին կարողանում զսպել իրենց հուզմունքը:

«Աստծու դատաստանին պիտի արժանանա․․․ երեխայի ցավը իմ հոգու մեջ այնքան մեծ ավերածություններ առաջացրեց, որ խոսքերը ի զորու չեն այս ժողովրդի վիշտը ամոքել», - մեզ հետ զրույցում ասաց աստիճանահարթակին մոտեցած մի կին:

«Մի ամբողջ ընտանիք կործանվեց, որը դեռ ինչքա՜ն արմատներ պետք է գցեր», - նշեց մեկ ուրիշը:

Ավետիսյանները մե՛նք ենք՝ նշում էին Ազատության հրապարակ եկած մարդիկ և պահանջում, որ սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովն ու հանցագործության բոլոր մեղավորները խստագույնս պատժվեն, իսկ դրա համար, նրանց խոսքով, նախևառաջ հարկավոր է, որպեսզի իշխանությունները անհապաղ քայլեր ձեռնարկեն և գործի քննությունը վերցնեն ռուսական կողմից:

«Ես պահանջում եմ իմ հայ ազգին, իմ հայ ժողովրդին՝ բոլորս ոտքի կանգնենք միասնական ուժով, ձեռք-ձեռքի տանք, ամուր բռունցք լինենք և պահանջենք այս անմեղ զոհերի արյունը: Պահանջենք, որ այդ ոճրագործը չտարվի Ռուսաստան, թող ինքը այստեղ՝ Հայաստանում դատվի», - մեկնաբանեց հավաքվածներից մեկը:

«Պետք է մենք բոլորս՝ ամբողջ հայ ազգը տեղյակ լինենք, թե ինչպես է ընթանում այդ ամբողջ պրոցեսը, արդյո՞ք ինքը ըստ արժանվույն ստանում է իր պատիժը և բոլոր մեղավորները, ուրիշ անձինք, եթե եղել են», - մեզ հետ զրույցում ասաց հիշատակի ակցիայի մեկ այլ մասնակից:

Գյումրիի դաժան սպանությունից 8 օր անց շարունակում են անհայտ մնալ ոճրագործության դրդապատճառները: Իրավապաշտպանների խոսքով, իշխանության անգործությունն ու դատախազության լռությունը քաղաքացիներին ստիպում են տիրոջ դիրքերից հանդես գալու փոխարեն սեփական երկրում իրենց զգալ հյուրի կարգավիճակում: Հազարավոր գյումրեցիներ անհապաղ քայլեր են ակնկալում, ընդգծում է Ժաննա Ալեքսանյանը:

«Եթե չեն բացահայտում և հանրությանը չեն ներկայացնում ճշմարտությունը, դրդապատճառը, ինչ է տեղի ունեցել՝ սա մերժելի կարող է դարձնել այդ ռազմակայանի ներկայությունը Գյումրիում: Շատ կարևոր է, որ այս տրամադրությունները չխորանան: Իրոք այս օրերին երևաց այդ՝ օտարի ներկայությունը մեր երկրում», - «Ազատության» հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:

Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու՝ քաղաքացիների պահանջը, ըստ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի, վկայում է, որ ժողովուրդը փորձում է վերականգնել երկրի պատիվը: Իրավապաշտպանը չի շտապում սպանությունը վերագրել միայն Պերմյակովին, միևնույն ժամանակ՝ չի բացառում, որ այլ մեղադրյալներ գործում այդպես էլ չեն հայտնվի:

«Չեմ ուզում կատեգորիկ ձևով ասել, բայց այսպես ասեմ՝ ես շատ կասկածում եմ, որ ընդհանրապես մենք կիմանանք, թե ինչ դրդապատճառներով է, եթե նույնիսկ ինքն է գործել, և եթե ինքը միայնակ չէ՝ ովքեր են կանգնած թիկունքին: Կարծում եմ, որ սրանք փակ կմնան, ուղղակի այդ մեղադրյալը կհամարվի հիմնական հանցագործ և դրանով հարցը կփակվի», - ասում է իրավապաշտպանը:

XS
SM
MD
LG