Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը պարտավոր է հետևություններ անել»


Հայաստան - Ցուցարարների և իրավապահների միջև բախումները Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մերձակայքում, 15-ը հունվարի, 2015թ․

Հայաստան - Ցուցարարների և իրավապահների միջև բախումները Գյումրիում Ռուսաստանի հյուպատոսարանի մերձակայքում, 15-ը հունվարի, 2015թ․

Ռուսաստանյան մամուլն անդրադարձել է Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած հրեշավոր հանցագործությանը։

«Վզգլյադ» պարբերականի ծավալուն հոդվածում ասվում է, որ Ռուսաստանը պարտավոր է խիստ հետևություններ անել ողբերգությունից։ «Գյումրիում ընտանիքի գնդակահարությունը ակնառու կերպով ցույց է տալիս, թե որքան փխրուն են և միաժամանակ որքան կարևոր Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Այդօրինակ ողբերգությունները կարող են Մոսկվայի և մերձավոր դաշնակիցների միջև հակամարտության հիմք դառնալ», - գրում է ռուսական պարբերականը:

Ըստ «Վզգլյադ»-ի, Պերմյակովի հանցանքից հետո տեղական մամուլի և համացանցի հրապարակումներում հաճախ շեշտը դրվել է կասկածյալի քաղաքացիության և ազգային պատկանելության վրա։ «Վզգլյադ»-ը միաժամանակ նշում է, որ իշխանության, ինչպես նաև հայ փորձագետների մեծ մասը նման բանով չի զբաղվել և ընդհակառակը՝ փորձել է հանրությանը համոզել, որ այդ մոտեցումը վնասակար է։ Նույնիսկ ամենապոպուլիստական խմբավորումները «համատեղ հետաքննության և հավասարակշռված մոտեցման կոչեր են անում»։

Վեճի առանցքը իրավասության հարցն է. Ռուսաստանի Սահմանադրությունը քաղաքացուն այլ երկրի հանձնելու հնարավորություն չի տալիս, մինչդեռ 1997 թվականին կնքված հայ - ռուսական պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի տարածքում ռազմակայանի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կատարած հանցանքները հետաքննում են հայ իրավապահները։ Եթե հանցանքը կատարվեր ռազմակայանի տարածքում, վեճ չէր ծագի: Այս իրավաբանական հակասությունն է Գյումրիում զգացական հզոր ալիք բարձրացրել։

«Փոխզիջում կա և հիմա մշակվում է։ Զինվորը մնում է ռազմակայանի կալանատանը, հետաքննությունը հիմնականում հայկական կողմն է վարում, ինչը նպատակահարմար է թե՛ քաղաքական և թե՛ իրավական տեսակետից», - գրում է հոդվածի հեղինակը։

Նա նշում է, որ ակտիվիստների համոզմամբ՝ Հայաստանի դիրքորոշումը վկայում է Սերժ Սարգսյանի թուլության և Մոսկվայի առաջ նվաստանալու մասին։

Արժանահավատ է ռազմակայանում ոչ կանոնադրային հարաբերությունների վարկածը։ Կարգուկանոնի համար ուրիշ մարդիկ են պետք, և հավանաբար կլինեն կադրային որոշումներ։

«Վզգլյադ»-ը նշում է, որ ընդհանուր առմամբ ռուսաստանցի զինծառայողների և տեղացիների միջև միշտ եղել են շատ լավ հարաբերություններ։

Հեղինակը քննադատել է նաև ռուսական կողմին՝ գրելով, թե «դիվանագիտության առանձին ներկայացուցիչներ որոշակի թափթփվածություն են դրսևորել, հայերի զգացմունքները վիրավորող արտահայտություններ են արել, վերջին տարվա ընթացքում հայ - ռուսական հարաբերությունները մի քանի անգամ տհաճ աստիճանի սրվել են հենց ռուսաստանցի չինովնիկների այդ տարօրինակ պահվածքի արդյունքում»։ Այլ խնդիրներով զբաղված Մոսկվան Հայաստանին շատ քիչ ժամանակ է հատկացրել, ինչը և Հայաստանում որոշակի մեկուսացվածության տրամադրություն է առաջացրել։ Այդ ամենը ստեղծում է անվստահության և օտարացածության մթնոլորտ, որի պայմաններում սկսում են հեշտությամբ շրջանառվել տարատեսակ ասեկոսեներ և հնչում հակառուսաստանյան ու նույնիսկ հակառուսական գնահատականներ։ «Այդ եղանակով խարխլված վստահությունը վերականգնելու համար տարիներ կպահանջվեն», - եզրակացնում է «Վզգլյադ»-ը։

«Նովիե Իզվեստիա»-ն գրում է, որ Գյումրիում ձերբակալված Պերմյակովը կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման։

Հունվարի 12-ի աննախադեպ ոճիրի մասին սոցցանցերում իրենց կարծիքն են հայտնել նաև ռուսաստանցի անվանի քաղաքական գործիչներ։

Ընդդիմադիր Բորիս Նեմցովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին պուտինյան քարոզչամեքենան լռում է: Ռուսական ռազմաբազայի զինծառայողը սպանել է վեց մարդու, այդ թվում՝ երկու տարեկան երեխայի, սակայն «Դոժդ» հեռուստաընկերությունից բացի այդ մղձավանջը Ռուսաստանում ոչ ոք լրջորեն չի լուսաբանում: Մինչդեռ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են մարդասպանին հանձնել հայկական իշխանություններին և դատել Հայաստանում: Եվ դա ճիշտ է: «Ի վերջո հայերը կպահանջեն դուրս բերել 102-րդ ռազմաբազան Հայաստանի տարածքից: Սրա՞ն է ձգտում Ռուսաստանի պաշտպանության նախարարը», - հարց է տալիս Նեմցովը:

«Պրավդա»-ն գրել է, որ հանցագործությունը հարկ է հետաքննել օրենքի տառի, այլ ոչ թե քաղաքականության համաձայն։ Ռազմակայանի հանդեպ մշտապես բարյացակամ Գյումրիում բացասական տրամադրություններ են առաջացել։ Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը «Պրավդա»-ին ասել է, որ կան հարցեր Ռուսաստանի սահմաններից դուրս ծառայության մեկնող կադրերի ընտրության վերաբերյալ։ «Շատ բան կախված կլինի հետաքննության ընթացքից, դեռևս հնարավոր է նվազագույն կորուստներով դուրս գալ այս վիճակից, սակայն պատիվն արդեն արատավորված է», - ասել է Մարկարովը և ավելացրել, որ ոչ ոք ինքնադատաստան չի պահանջում, խոսքը միայն արդար դատի մասին է, ամեն ինչ պետք է արվի գործը արդարադատության սահմաններում պահելու և քաղաքական հարթություն չփոխադրելու համար։

ABC ամերիկյան հեռուստակայանն էլ իր կայքում տեղադրած հաղորդագրությունում նշում է, որ հայերը պահանջում են Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահներին։ «Հայաստանի հիմնական հովանավոր և դաշնակից Ռուսաստանն այսօրվա դրությամբ ընդամենը ցավակցություն է հայտնել և խոստացել է աջակցել հետաքննությանը», - հաղորդում է ABC-ն:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG