Մատչելիության հղումներ

Ոստիկանական ուժերի կենտրոնացում Գյումրիում


Գյումրիում այս պահին նկատվում է ոստիկանական ուժերի կենտրոնացում։ Բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր նաև Երևանից ուղևորվում են Գյումրի։

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը քիչ առաջ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում խորհրդակցություն է անցկացրել։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին։

Գասպարյանի և Ռուզինսկու՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից դուրս գալուց հետո այնտեղ կայանած ոստիկանական ուժերը ևս տեղաշարժվել են։

Ռուսական նշանակության օբյեկտները վերցվել են ավելի խիստ հսկողության տակ, այսինքն դրանց մոտ ավելացել է ոստիկանների թիվը։

Ոստիկանությունից «Ազատությանը» պարզաբանեցին, որ ոստիկանության մի շարք ստորաբաժանումներ մեկնել են Գյումրի՝ փոխարինելու այնտեղ ծառայություն իրականացնող իրենց գործընկերներին։

Հիշեցնենք, անցած շաբաթ Գյումրիում տեղի ունեցան բազմամարդ ցույցեր՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվող ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը հանձնելու պահանջով։ Ցույցերի ընթացքում նաև բախումների տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանության միջև։

Այսօր յոթ օր պայքարելուց հետո Երևանում մահացել է Գյումրու սպանդը վերապրած Ավետիսյանների ընտանիքի միակ անդամը՝ վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը։

Սաթենիկ Կաղզվանցյան և Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG