Մատչելիության հղումներ

Միգրացիոն կանոնների խախտման խստացված պատժաչափեր՝ Ռուսաստանում


Ռուսաստան -- Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնյաները կալանավորում են անօրինական միգրանտներին Մոսկվայում շինհրապարակի տեսչական ստուգման ժամանակ, 8-ը ապրիլի, 2014թ․
Ռուսաստան -- Դաշնային միգրացիոն ծառայության պաշտոնյաները կալանավորում են անօրինական միգրանտներին Մոսկվայում շինհրապարակի տեսչական ստուգման ժամանակ, 8-ը ապրիլի, 2014թ․

Ռուսաստանում այսօրվանից ուժի մեջ են մտնում միգրացիոն օրենսդրության մի շարք փոփոխություններ, համաձայն որոնց Ռուսաստան մուտք գործելու արգելք է սահմանվում այն օտարերկրացիների նկատմամբ, որոնք կխախտեն օրինական կեցության ժամկետը։

Այդպիսով, նրանք, ովքեր Ռուսաստանում կմնան սահմանված ժամկետից 120 օր ավելի՝ 3 տարով կզրկվեն այդ երկիր մուտք գործելու իրավունքից, 270 օր անօրինական մնալու դեպքում՝ արգելքը 5 տարի է, ավելի քան 360 օրվա դեպքում՝ 10 տարի։

Հիշեցնենք, ըստ օրենքի, առանց վիզայի Ռուսաստան մուտք գործած օտարերկրացիները կարող են մնալ այդ երկրում 180 օրվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր։ Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռամադանովսկին զգուշացրել է, որ նոր խստացման արդյունքում ավելի քան 1 միլիոն օտարերկրացիների համար 10 տարով կարող է փակվել մուտքը Ռուսաստանի Դաշնություն: Ըստ պաշտոնյայի, օրինախախտների մեծ մասը ԱՊՀ երկրներից են։

Թե Հայաստանի քանի քաղաքացի կհայտնվի այդ ցուցակում, դեռ հստակ չէ. այս պահին այդպիսի տեղեկատվության Հայաստանի միգրացիոն ծառայությունը չի տիրապետում, «Ազատության» հետ զրույցում ասաց ծառայության պետ Գագիկ Եգանյանը։ Ընդ որում, ըստ պաշտոնյայի, չնայած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, նոր խստացումները կտարածվեն նաև այն հայաստանցիների վրա, որոնք կխախտեն սահմանված ժամկետները։

Միևնույն ժամանակ, Գագիկ Եգանյանը նշում է․ - «Եթե նախկինում անձինք, անգամ Ռուսաստանի Դաշնությունում անլեգալ գտնվելու պարագայում, կարող է դուրս չգային Ռուսաստանից, մտածելով, որ կարող է իրենց հետագայում արգելվի մուտք գործել, ապա հիմա Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմաններում, երբ այդպիսի վտանգ չկա, երկկողմանի միգրացիոն հոսքերը երկու ուղղությամբ էլ կմեծանան»:

Պաշտոնյաները շարունակում են պնդել, որ նոր միությունում հայաստանցի միգրանտներն ավելի մեծ արտոնություններ կունենան և Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի քաղաքացիների նման հավասար իրավունքով կկարողանան աշխատանք գտնել այդ երկրներում: Ժողովրդագրագետ Ռուբեն Եգանյանը, սակայն, փաստում է, որ չնայած այդ արտոնություններին՝ միության առաջատար երկրում՝ Ռուսաստանում տնտեսական ճգնաժամը շատ ավելի մեծ խոչընդոտ է միգրանտների համար, քան փոփոխված օրենսդրությունը։

«Կախված Ռուսաստանի տնտեսական իրավիճակի փոփոխությունից, կարող են իմաստից զրկվել միգրացիոն աշխատանքային ուղևորությունները», - ասում է նա:

Շինարարությունը կարող է սահմանափակվել, քանի որ ճգնաժամով պայմանավորված կնվազեն թե պետական և թե մասնավոր կապիտալ ներդրումները, ասում է Ռուբեն Եգանյանը։

Ինչ վերաբերում է մշտական միգրացիային, ապա Եգանյանը կարծում է, որ այն հիմնականում փոփոխության չի ենթարկվի։

«Կարող է մի քիչ սահմանափակվի այն հոսքը, որ դեպի Ռուսաստան էր ուղղորդված՝ կապված այդ տնտեսական դժվարությունների, բարդությունների հետ: Ինչ վերաբերում է դեպի Արևմուտք կատարվող մշտական միգրացիային, դրանում ես որևիցե փոփոխություն չեմ տեսնում: Ձգտումը դեպի այդ կողմ կարող է մեծանալ, բայց այդ ձգտումը առարկայանալ կարող է, թե չէ՝ կասկածներ ունեմ», - մեկնաբանում է փորձագետը:

Ի դեպ, ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Ռուսաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռամադանովսկին հայտարարել էր, որ երկրի տնտեսությունում տիրող դժվար իրավիճակով, ինչպես նաև խստացված օրենսդրությամբ պայմանավորված, այս տարվա առաջին տասը օրերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդեն իսկ 70 տոկոսով կրճատվել է Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թիվը։

XS
SM
MD
LG