Մատչելիության հղումներ

Հայաստանը «դեռ չի կիրառում» ԵՏՄ-ի մաքսային կարգավորումները


Հունվարի 2-ից Եվրասիական միության (ԵՏՄ) անդամ Հայաստանում հնարավոր է չգործեն նորաստեղծ միության մաքսային կարգավորումները։

Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանի տվյալներով՝ դեկտեմբերի վերջին Ֆինանսների նախարարության մի քանի պաշտոնյաներ մաքսային միջնորդների համար խորհրդակցություն են անցկացրել և տեղեկացրել, որ փոփոխված կարգավորումները դեռ չեն գործելու, աշխատելու են ինչպես նախկինում։ Արտահանողների միության նախագահը ասաց, որ այս մասին իրեն փոխանցել է խորհրդակցությանը ներկա անձանցից մեկը։

«Փաստորեն, եթե դա իրականություն է, դա նշանակում է, որ դե ֆակտո մենք ԵՏՄ-ի առաջարկած կամ ստորագրված պայմանները չենք կատարում»,- ասաց Մխջյանը։

Ֆինանսների նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նման խորհրդակցություն տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին, որի նպատակը մաքսային ընթացակարգերի փոփոխությունների իրազեկումն է եղել։ Կփոփոխվի՞ արդյոք Մաքսային օրենսգիրքը, թե գործարարները կաշխատեն հին օրենսգրքով, ֆինանսների նախարարությունից պարզել չհաջողվեց, գերատեսչությունը արձակուրդում է։ Նոր օրենսգրքի գործարկման մասին տեղեկատվություն նախարարության կայքէջում չկա։

Արդեն երկուշաբթի օրվանից մաքսատները կսկսեն սովորական ռեժիմով աշխատել, մինչդեռ գործարարների համար դեռ պարզ չէ, թե որ օրենսգրքով են իրենք մաքսազերծելու։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի համար տարօրինակ է, թե ինչու են պետական կառույցները այս կարևոր պահին նման երկարատև արձակուրդի մեկնել։

«Ոչ ոք մինչև վերջ չի պատկերացնում, թե ինչպես է դա տեղի ունենում։ Սա ուղղակի խոսում է այն մասին, որ իշխանության ներկայացուցիչները ամենայն լրջությամբ չեն վերաբերել այս գործընթացին։ Հակառակ դեպքում ցանկացած իրեն հարգող երկիր իր տնտեսվարողներին շատ ավելի լուրջ կվերաբերեր»,- ասաց տնտեսագետը։

Նախորդ տարվա ընթացքում ֆինանսների նախարարությունը գործարարներին նոր օրենսգիրքը ներկայացնելու համար մի քանի խորհրդակցություններ էր կազմակերպել, մինչդեռ գործարարները «Ազատության» հետ զրույցում մի քանի անգամ ասել էին, որ բազմաթիվ անպատասխան հարցեր ունեն։ Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխջյանի խոսքով՝ ամեն ինչ բացատրվում է տեսականորեն, բայց ինչպես փորձն է ցույց տալիս՝ գործնականում ամեն ինչ այլ է լինում։ Մխջյանի համար, օրինակ, մինչև հիմա անհասկանալի է, թե ինչ փաստաթղթերով են բեռները Վրաստանով տեղափոխելու Եվրասիական միության անդամ Ռուսաստան։

Չնայած պաշտոնական հաստատումը դեռ չկա, բայց Մխջյանի խոսքով՝ վերջին խորհրդակցությանը ներկա Արարատյան մաքսատան մաքսավոր Արմեն Պետրոսյանը էլ հայտարարել է, որ հին դրույքաչափերը կգործեն ևս 18 ամիս։

«Թերևս պատրաստ չէ Հայաստանի կառավարությունը... մեկ տարի է մենք աշխատում ենք այս ամենի վրա, օրենքներ են փոփոխում, օրենքներ են հարմարեցնում այդ ԵՏՄ-ի համար, բայց փաստը մնում է փաստ, որ թերևս չեն հասցրել, և դրա համար էլի ժամանակ է պահանջվում»,- ասաց Արտահանողների միության նախագահը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ասում է՝ հենց ընդհանուր սահմանի բացակայության պատճառով որոշ մասնագետներ համոզված են, որ միությունը Հայաստանին օգուտ չի բերի։ Խաչատրյանի տվյալներով՝ կբարձրանան միայն մաքսային դրույքաչափերը, իսկ ընթացակարգը կմնա նույնը։

«Դրա մասին խոսել ենք միշտ, այդ թվում՝ ես։ Մենք ասում ենք, որ ԵՏՄ-ի անդամակցությունը ավելի շուտ քաղաքական քայլ է, քան տնտեսական»,- ասաց տնտեսագետը.- «Տնտեսական այն առավելությունը, որի մասին խոսում ենք, հիմնականում վերաբերում էներգակիրներին և ադամանդի ներմուծման առավելություններին, այլ հարցերով մեզ առավելություն չի տալիս ԵՏՄ-ն»։

Այս օրերին Հայաստանի մաքսատներում մաքսազերծում չի իրականացվում։ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասում է՝ երբ հունվարի 12-ից մաքսակետերը սկսեն սովորական ռեժիմով աշխատել, շատ գործարարներ խնդիրներ կունենան, քանի որ պարզապես տեղյակ չեն նոր օրենսգրքին։

Մակարյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ գործարարների համար նոր կարգը բացատրող գրքույկներ տպագրել։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG