Մատչելիության հղումներ

ԵՏՄ անդամակցությունը չի լուծի Ռուսաստանի «սև ցուցակում» հայտնված 30 հազար հայերի հարցը


Հայաստանի միգրացիոն ծառայության պետի խոսքով՝ արտոնություններ կտրվեն միայն նոր աշխատանքի մեկնողներին:

Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացման հետևանքով «սև ցուցակում» հայտնված 30 հազար հայաստանցիներից միայն 300-ին է ներում շնորհվել:

Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանի խոսքով՝ այս հարցը օրերս բարձրացվել է Հայաստանում գտնվող Ռուսաստանի Միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու հետ հանդիպման ժամանակ։ Եգանյանը գործընկերոջը խնդրել է հնարավորության դեպքում սև ցուցակում հայտնված հայաստանցիների նկատմամբ ավելի ներողամիտ լինել։ Ի պատասխան, ռուս պաշտոնյան խոստացել է աջակցել։

Սոֆյա Գաբրիելյանը Ռուսաստանի միգրացիոն ծառայության «սև ցուցակում» հայտնված 30 հազար հայաստանցիներից մեկն է: Ռուսաստանում մի քանի տարի ապրելուց հետո որոշել է կարճ ժամանակով Հայաստան գալ և հենց այստեղ էլ պարզել է, որ Ռուսաստանի դռներն այսուհետև փակ են իր առաջ։ Ռուսաստանում տուն-տեղ թողած կինը չգիտի, թե ո՞ր օրինախախտման համար է այդ երկրի համար դարձել անցանկալի անձ։ Հիմա ստիպված է թակել Միգրացիոն ծառայության դռներն ու ներում խնդրել՝ չիմանալով անգամ ի՞նչ զանցանքի համար:

«Տուն ունեմ իմ անունով, բայց քաղաքացի չեմ: Փորձել եմ գնալ, բայց ասացին ճանապարհը ձեր դեմ փակ է: Ուր գնում եմ՝ չեն ասում, ոչ մի տեղից չեմ կարողանում իմանալ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գաբրիելյանը:

Ռուբեն Ալոյանը երկրորդ անգամ էր Միգրացիոն ծառայություն գալիս․ ռուսներին ուղղված նրա դիմում-խնդրանքը մեկ անգամ արդեն մերժվել է։ Ռուսաստանի իշխանությունները պատճառաբանել են, թե նա իրենց տեղյակ չի պահել, որ որդին Ռուսաստանի քաղաքացի է և հրաժարվել են ներել։ Որդուն ու թոռներին ևս մեկ անգամ տեսնելու համար Ռուբենը կրկին ներման դիմում էր գրում։

«Ասենք՝ գնում եմ հանգստանալու ես՝ ծովափ, ի՞նչ պարտադիր է՝ իմ տղայի մոտ գնամ: Ինչո՞ւ պետք է ես գրեմ, որ բարեկամ ունեմ: Ես սա երկրորդ անգամ եմ գրում արդեն, տղայիս ասել եմ՝ անձնագրի պատճեն, ծննդականի պատճեն», - դժգոհեց Ալոյանը:

«Սև ցուցակում» հայտնվածները, ըստ ռուսական իշխանությունների, զրկվել են Ռուսաստան մուտք գործելու իրավունքից՝ ավելի վաղ այնտեղ գտնվելու տարիներին վարչական իրավախախտումներ թույլ տալու կամ միգրացիոն ոլորտի օրենսդրությունը խախտելու համար։

Անցած 4 ամիսներին Հայաստանից ներման խնդրանքով 2 հազար դիմում է ուղարկվել Ռուսաստանի միգրացիոն ծառայություն: Ռուսական կողմը ընդամենը 300 դիմում է բավարարել:

Թեև Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը մտահոգիչ է համարում այս թիվը, այդուհանդերձ, փաստում է, որ ի վերջո որոշում կայացնելու իրավունքը Ռուսաստանինն է:

«Պատճառ մեկ, որ անձի վերաբերյալ դատական ատյանի վճիռ կա: Պատճառ երկուս, որ անձի վերաբերյալ Ռուսաստանի մուտքի արգելանքը դրվել է ոչ թե Միգրացիոն ծառայության կողմից, այլ ուրիշ իրավապահ մարմինների, դա Միգրացիոն ծառայության կոմպետենցիայից դուրս է՝ դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն կամ ուրիշ օղակներ, որը Միգրացիոն ծառայության գործառույթներից դուրս է», - մեկնաբանեց Եգանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG