Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայի հարցում Մոսկվայի և Արևմուտքի միջև հակասությունն ու ռուբլու փոխարժեքի անկումը, ըստ Financial Times հեղինակավոր պարբերականի, սասանում է այն հիմքը, որի վրա կառուցված է հզոր Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին Վլադիմիր Պուտինի երազանքը:

Թերթի լրագրողը բելառուս վարորդի հետ անցել է Մինսկից Մոսկվա տանող ճանապարհը:

«Մայրուղում վարորդներին ողջունող «Բարի գալուստ Ռուսաստան» վահանակը տեսնելով՝ բելառուս Ռոմանը արհամարհանքով փնչացրեց: Նրա բեռնատարը, որ նրբերշիկ էր տանում մերձակա ռուսաստանյան Սմոլենսկ քաղաքը, քիչ առաջ ստիպված էր մոտ մեկ ժամ կանգնել մաքսակետում», - պատմում է լրագրողը` շարունակելով․ «Թեև դեռ երեք տարի առաջ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը առևտուրը դյուրացնելու նպատակով որոշել էին վերացնել մաքսակետերն իրենց սահմաններից, սակայն հիմա մաքսավորները կրկին վերադարձել են սահմանային Կրասնայա Գորկա անցակետը և համատարած ստուգումներ են անցկացնում՝ զննելով գրեթե բոլոր մեքենաները»:

«Այս սահմանը գրեթե անհետացել էր, սակայն հիմա շատ դժվար է դարձել այստեղով անցնելը», - թերթի հետ զրույցում ասել է բելառուս վարորդը՝ հավելելով․ - «Եթե այլ տարբերակ ունենայի, կնախընտրեի այս կողմով ընդհանրապես չգնալ»:

«Իրականում, սակայն, ամեն ինչ պետք է բոլորովին այլ կերպ լիներ», - գրում է հեղինակավոր թերթի լրագրողը և պարզաբանում․ - «Բելառուս վարորդին կանգնեցնելուց չորս օր առաջ՝ հունվարի 1-ին, ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միությունը: Ծրագիր, որը նպատակ ունի ընդարձակել Մաքսային միությունը, ստեղծել մեկ միասնական շուկա և ի վերջո անցնել մեկ միասնական արժույթի»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար սա ավելին է, քան լոկ տնտեսությունը: Շատ վերլուծաբաններ պնդում են, որ իրականում սա գործիք է երբեմնի հզոր պետությունը վերականգնելու համար: Մի բան, որ առանցքային տեղ ունի Պուտինի օրակարգում:

«Եթե հաշվի առնենք այս դաշինքի ընդլայնման ծրագրերը, ապա պարզ կդառնա դրա նպատակը՝ վերադարձնել կայսրությունը», - ասել է Արևելյան Եվրոպայի երկրներից մեկի՝ անանուն մնալ նախընտրած մի դիվանագետ:

Սակայն փաստն այն է, որ չնայած Պուտինի այդ ծրագրերին, Եվրասիական տնտեսական միությունում Ռուսաստանի առանցքային դաշնակիցներից մեկը՝ Բելառուսը, վերջին շրջանում ոչ միայն վերականգնել է մաքսային ստուգումները, այլև հայտարարել է երկկողմ առևտուրը ռուբլուց դոլարի փոխելու մասին: Սա, ըստ փորձագետների, լուրջ հարված կարող է հասցնել ինտեգրացիոն գործընթացին:

«Բելառուսի և Ղազախստանի տեսանկյունից, իրավիճակը շատ լուրջ է: Մինչև վերջերս նրանք հույս ունեին օգուտներ ստանալ մեկ միասնական տարածքի ստեղծումից: Սակայն ռուբլու փոխարժեքի անկումը տրամագծորեն փոխեց իրավիճակը», - ասել է ռուս փորձագետ Սերգեյ Բելպալովը:

«Չնայած տարածաշրջանում Պուտինը համարվում է մի առաջնորդ, որը կարողացավ վերադարձնել Ռուսաստանի երբեմնի փառքն ու հարգանքը, այդուամենայնիվ, նրա վարած քաղաքականության պատճառով այժմ Ռուսաստանը գրեթե հայտնվել է մեկուսացման մեջ: Եվրասիական տնտեսական միությունը դիտարկվում է որպես Ռուսաստանը համաշխարհային ուժ դարձնելու պլատֆորմ, ինչը, սակայն, հիմա ընդամենը պատրանքի է նման», - ասել է եվրոպացի դիվանագետը՝ նկատելով․ - «Մենք սկսեցինք ուկրաինական ճգնաժամով, որը Պուտինը սկզբում հաղթում էր: Սակայն իրականում նա օգտագործեց իր բոլոր քարտերը, եղածն էլ այժմ ավարտին է հասցնում սկսված տնտեսական ճգնաժամը՝ խարխլելով նախկին Խորհրդային միության տարածքում հզոր դաշինք ստեղծելու հիմնասյուները»:

XS
SM
MD
LG