Մատչելիության հղումներ

Վրաստանի դեսպան․ «Հայաստանի վերաբերյալ Մոսկվայի հետ չենք խոսի»


Նոյեմբերին Հայաստան կժամանի Վրաստանի էկոնոմիկայի նախարարը՝ երկու երկրների միջև առևտրային հարաբերություններում առաջացած «որոշ դետալներ հստակեցնելու» համար:

Եվրամիության ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելուց և Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո, հայ-վրացական առևտրային հարաբերություններում ի հայտ են եկել խնդիրներ, որոնց լուծման նպատակով առաջիկայում կկայանան երկկողմ բանակցություններ:

Այս մասին հոկտեմբերի 17-ին «Ազատության» հետ զրույցում հայտնեց Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:

«Կան որոշ դետալներ, որոնք հարկավոր է հստակեցնել: Հենց այդ նպատակով նոյեմբերի 11-ից 12-ը Երևան է ժամանելու Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, որպեսզի այստեղ մենք մանրամասնորեն անցնենք բոլոր այդ հարցերի վրայով: Հարկավոր է աչքի անցկացնել երկու պայմանագրերը, պետք է համեմատել մեր ու ձեր պարտավորությունները, և եթե կան ինչ-որ կետեր, որոնք հակասում են միմյանց՝ մեր պարտավորությունները, ձեր պարտավորությունները, այդ դեպքում պետք է կոնկրետ ելքեր փնտրել այդ իրավիճակից: Չեմ կարծում, որ նման հարցեր շատ կլինեն: Անգամ ենթադրում եմ, որ անհաղթահարելի հարցեր չեն լինի», - ասաց Թենգիզ Շարմանաշվիլին:

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումից առաջ (և այժմ էլ) փորձագետները մտահոգություն էին հնչեցնում, որ հայ-վրացական առևտրային փոխհարաբերությունները կարող են տուժել՝ երկու երկրների՝ տարբեր տնտեսական համակարգերում հայտնվելու հետևանքով: Սակայն եթե Վրաստանի համար հարցը, թերևս, այդքան էլ մեծ նշանակություն չունի, ապա իրավիճակն այլ է Հայաստանի պարագայում, քանի որ տարանցման վրացական ուղին անփոխարինելի է հայաստանյան գործարարների համար:

«Մենք դեռևս ծանոթ չենք Եվրասիական միության հետ ձեր պայմանագրի վերջնական տարբերակին: Այնպես, որ պետք է արհեստավարժները նստեն ու համեմատեն մեր պարտավորությունները Եվրոպայի առջև և ձեր պարտավորությունները Եվրասիական միության առջև», - նշեց Թենգիզ Շարմանաշվիլին:

«Ազատության» հարցին, թե արդյոք Վրաստանն ու Հայաստանը կկարողանա՞ն լուծել ի հայտ եկած խնդիրները՝ առանց Բրյուսելի ու Մոսկվայի հետ համաձայնեցման, դեսպան Շարմանաշվիլին կարճ պատասխանեց՝ «կկարողանան» և դադարից հետո շարունակեց․ - «Հարցերի մեծ մասը մենք կկարողանանք լուծել: Եթե կլինեն ինչ-որ դետալներ, որոնք նույնպես կծագեն մեր պարտավորություններից․․․ Եթե կլինեն այնպիսի պարտավորություններ, որոնց կապակցությամբ հարցերի մի շրջանակ պետք է համաձայնեցնել Եվրամիության ու Եվրասիական միության հետ, ապա՝ այո՛, կհամաձայնեցնենք»:

«Բայց չեմ կարծում, որ մեր փոխհարաբերությունները այդքան մեծ հարց են, որ պետք է նրանց մոտ ինչ-որ բան համաձայնեցնել: Եվրամիության հետ մենք և դուք ունենք առևտրային արտոնյալ պայմաններ: Մեր երկրները այդքան մեծ չեն, որպեսզի մեր երկկողմ առևտրային հարաբերությունները իրենց ազդեցությունը ունենան ԵՄ ու ԵՏՄ տնտեսությունների վրա, որպեսզի նրանք էլ դեմ լինեն հայ-վրացական առևտրատնտեսական սերտ հարաբերություններին»:

«Սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի: Անձամբ ես լավատես եմ, որովհետև տեղյակ եմ ինչպես Վրաստանի, այնպես էլ Հայաստանի կառավարությունների մոտեցումներին»,- ընդգծեց դեսպանը:

«Հայաստանի վերաբերյալ Մոսկվայի հետ մենք չենք խոսի: Հայաստանի հետ մեր հարաբերությունների վերաբերյալ խոսելու ենք Երևանի հետ: Մեր երկկողմ հարաբերությունները, մեր երկկողմ հարաբերություններն են, իսկ եթե հետո ինչ-որ մեկը կցանկանա ինչ-որ բան հստակեցնել իր դաշնակցի հետ, դա արդեն իր գործն է», - եզրափակեց Թենգիզ Շարմանաշվիլին:

XS
SM
MD
LG