Մատչելիության հղումներ

Կոլերով․ «Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետեր, իհարկե, լինելու են»


Մոդեստ Կոլերով, արխիվ

Մոդեստ Կոլերով, արխիվ

Ռուսաստանցի փորձագետի հավաստմամբ՝ ԵՏՄ-ին անդամակցելու դիմաց Հայաստանի առջև որևէ քաղաքական պայման չեն դրել:

Եվրասիական տնտեսական միությունը, ինչպես Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն է սիրում ասել, սոսկ տնտեսական միություն է, և Հայաստանի առջև այդ միությանը անդամակցելու դիմաց որևէ քաղաքական պայման չեն դրել, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց ռուսաստանցի հայտնի փորձագետ, «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:

Նա հավելեց, որ եթե այս միությունը լիներ քաղաքական, Նազարբաևն առաջինը կհրաժարվեր դրան անդամակցելուց:

Հիշեցնենք, որ Ղազախստանը, այդուամենայնիվ, հետխորհրդային ռազմաքաղաքական միության՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է:

Մոդեստ Կոլերովի փոխանցմամբ, Հայաստանին ներկայացված պահանջները տնտեսական են՝ 800-կետանոց «ճանապարհային քարտեզը»: Նույն պայմանները պետք է կատարեր նաև Ղրղըզստանը, սակայն Ղրղըզստանին, ի տարբերություն Հայաստանի, Մինսկում չընդունեցին, և սա, ըստ ռուսաստանցի փորձագետի, «փոխզիջումային որոշում էր, քայլ առաջ դեպի Հայաստան, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանն էլ բոլոր «տնային աշխատանքները» դեռ չի ավարտել»:

Ինչ վերաբերում է ցավոտ հարցին՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետերին, նման կետեր, իհարկե, լինելու են, համոզմունք հայտնեց Կոլերովը: «Մաքսային ծառայության ներկայացուցիչն էլ անպայման լինելու է Հայաստանի և Ղարաբաղի միջև արդեն գոյություն ունեցող սահմանին», - ասաց փորձագետը և հավելեց՝ սակայն ակնհայտ է նաև, որ ղարաբաղյան արտադրությունը այսօր եվրասիական շուկա է դուրս գալիս հայաստանյան ապրանքի անվան տակ, և այդպես էլ շարունակվելու է: «Եթե այդ ապրանքի վրա նշված լինի, որ այն արտադրվել է Հայաստանում, որևէ խնդիր չի առաջանա», - նշեց Կոլերովը:

Ռուսաստանցի փորձագետը ասաց նաև, որ Հայաստանը Եվրասիական միության լիիրավ անդամ է լինելու, որևէ հատուկ կացություն չի ունենալու:

Ինչ վերաբերում է հայաստանցի միգրանտներին հուզող խնդրին, ապա Մոդեստ Կոլերովի պնդմամբ՝ Հայաստանի քաղաքացիները Եվրասիական միության անդամ երկրներում ազատ աշխատելու իրավունք են ունենալու: Սա Եվրասիական միության հիմնական սկզբունքներից է՝ աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժ՝ առանց սահմանափակման, ասում է ռուսաստանցի փորձագետը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG