Մատչելիության հղումներ

Նախարար․ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները «ավելի զգայուն» կդառնան Հայաստանի համար


Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան, 15-ը հոկտեմբերի, 2014թ․

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյան, 15-ը հոկտեմբերի, 2014թ․

Էկոնոմիկայի նախարարը չի բացառում, որ Կառավարությունը կվերանայի այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չի թաքցնում, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները առաջիկայում «ավելի զգայուն» կդառնան Հայաստանի տնտեսության համար:

Այսօր կայացած ասուլիսում նախարարը միաժամանակ չբացառեց, որ Կառավարությունը կարող է վերանայել այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը․ իշխանությունները խոստացել են այս տարի ապահովել 4 տոկոս տնտեսական աճ:

«Պատժամիջոցները, ըստ էության, իրենց ազդեցության մասով ավելի զգայուն կարող են լինել, եթե չկանգնեցվի, ու ես, ճիշտն ասած, բոլորս էլ պիտի հույս ունենանք, որ այնուամենայնիվ, այս հարցերը կկարգավորվեն», ասաց - Կարեն Ճշմարիտյանը:

Հարցին, թե Կառավարությունը չի՞ պատրաստվում վերանայել 2014-ի տնտեսական աճի ցուցանիշը, Ճշմարիտյանն այսպես պատասխանեց․ - «Դեռևս դրա համար դժվար է, այս եկող երեք ամսվա համար միանգամից այդպիսի կանխատեսում անելը դժվար է»:

Ռուսաստանի կառավարությունը և միջազգային հեղինակավոր կառույցները կտրուկ նվազեցրել են այս տարի Ռուսաստանում սպասվող տնտեսական աճի ցուցանիշները՝ նաև պատժամիջոցների հետևանքով: Օրինակ, եթե անցած տարվա հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր, որ 2014-ին Ռուսաստանը կունենա 3 տոկոս տնտեսական աճ, ապա այս հոկտեմբերին հրապարակված գնահատականի համաձայն՝ աճը կլինի ընդամենը 0.2 տոկոս:

Եվրամիությունից հետո Ռուսաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, և պայմանավորված այս հանգամանքով նույն ԱՄՀ-ն երկու շաբաթ առաջ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությանը սպասվում են դժվարին ժամանակներ՝ գրեթե երկու անգամ իջեցնելով Հայաստանի այս տարվա տնտեսական աճի իր կանխատեսումը՝ այն հասցնելով 2.6 տոկոսի:

Միաժամանակ, աստիճանաբար ավելի են նվազում Ռուսաստանից Հայաստան եկող ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները․ եթե այս տարվա մայիսին՝ նախորդ մայիսի հետ համեմատած ընդամենը 1.1 տոկոսով քիչ էր փոխանցվել, ապա օգոստոսին փոխանցումները կրճատվեցին ավելի քան 9 տոկոսով:

Ճշմարիտյան․ «Խորացնելու ենք մեր տնտեսական համագործակցությունը ԵՄ երկրների հետ»

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ չնայած անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանը խորացնելու է տնտեսական համագործակցությունը ԵՄ երկրների հետ:

«Եվրամիության հետ արդեն կազմակերպվել են արդեն, պայմանավորվածություն կա, բանակցություններ, որպեսզի մենք ընտրենք այն ձևաչափը և այն խորության աստիճանը, որի ուղղությամբ գնալու ենք», - փոխանցեց նախարարը:

Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ Եվրամիության կողմից 2014 թվականի հունվարի 1-ից տասը տարով Հայաստանին տրված GSP+ համակարգը պահպանվելու է, ըստ որի Հայաստանից ԵՄ արտահանվող ավելի քան վեց հազար անուն ապրանքների նկատմամբ գործելու է զրոյական մաքսատուրք: Բրյուսելը, այդուհանդերձ, 2-3 տարին մեկ մոնիթորինգի է ենթարկելու իրավիճակը և իրավունք ունի մինչև ժամկետի ավարտը չեղարկել Հայաստանին ընձեռած հնարավորությունը:

«Պայմանագրում կետ չկա, որ ԼՂ սահմանին դրվելու է մաքսակետ»

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Եվրասիական միությանը անդամակցելուց հետո Հայաստանը մաքսակետ տեղադրելու է Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին՝ Ճշմարիտյանն ասաց․ - «Պայմանագրում այդպիսի կետ չկա, որ դրվելու է մաքսակետ»:

Դիտարկմանը, որ պայմանագրում նշված է, որ միությանն անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ Սահմանադրությամբ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, նախարարն արձագանքեց․ - «Հայաստանի Հանրապետությունը․․․ Իր գոյության ընթացքում՝ 1988 թվականից սկսած, չկա որևէ պայմանագիր, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն նշված չլինի, և ես այդ հարցին այդքանով եմ պատասխանում»:

Իսկ հարցն այն մասին, թե կարելի է հետևաբար ասել, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ հավասար կօգտվի ԵՏՄ-ի շուկայից, էկոնոմիկայի նախարարն անպատասխան թողեց․ - «Անցնենք այլ հարցի»:

Վերջում նշենք, որ ամփոփելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հոկտեմբերի 10-ից 12-ը ԱՄՆ կատարած այցը՝ Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի հետ «պլանավորված է» 2014-2017 թվականների ընթացքում իրականացնել 711 միլիոն դոլարի վարկային փաթեթ:

XS
SM
MD
LG