Մատչելիության հղումներ

«Քանի դեռ Ուկրաինայի սահմանը չի հսկվում, խաղաղություն չի լինի»


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր նստավայրում ընդունել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական հարցերով քարտուղար Վիկտորիա Նուլանդին, Կիև, 6 հոկտեմբերի, 2014թ.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն իր նստավայրում ընդունել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական հարցերով քարտուղար Վիկտորիա Նուլանդին, Կիև, 6 հոկտեմբերի, 2014թ.

Բրյուսելը Մոսկվայի հանդեպ կիրականացնի հավասարակշռված քաղաքականություն։

«Ուկրաինայի նախագահի քայլերը գնահատելի են»

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երեկ Կիևում ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի Եվրոպական և Եվրասիական հարցերով քարտուղար Վիկտորիա Նուլանդին։

«Մեր համոզմամբ, առանց սահմանը փակելու, առանց մեր սահմանների նկատմամբ Ուկրաինայի հսկողությունը վերականգնելու, հնարավոր չէ հակամարտության խաղաղ կարգավորումը։ Հսկվող սահմանն ինքնիշխան պետության առանցքային տարրն է»,- ասել է Պորոշենկոն։

Ուկրաինայի ղեկավարն Ամերիկայի դիվանագիտության բարձրաստիճան ներկայացուցչին ասել է, որ հարևանի հետ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է ապահովել ուկրաինացի սահմանապահների վերադարձը և տեղակայումը սահմանի ամբողջ երկայնքով։

Նա ասել է նաև, որ ռուս անջատականների հսկողության ներքո գտնվող արևելյան տարածքներին ձմռան շեմին մարդասիրական աղետ է սպառնալու, եթե ներկայիս վիճակը չփոխվի և չվերականգնվի գազի ու էլեկտրականության մատակարարումը։

Նուլանդն, իր հերթին, գովեստով է խոսել Պորոշենկոյի քաղաքական քայլերի մասին։

«Խաղաղությունը պաշտպանելու և պատերազմին վերջ տալու ձեր անձնական խիզախությունը գնահատելի են», - ասել է պետքարտուղարի տեղակալը։

«Սատարել անկախ, ինքնիշխան, դեմոկրատական, արևմտամետ Ուկրաինային»

ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին խիստ մտահոգում են Ուկրաինայում պետական ուժերի և ռուս անջատականների կնքած հրադադարի բազմաթիվ խախտումները։

Խոսելով Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Ստոլտենբերգն ասել է, որ Ռուսաստանը պարտավոր է բանեցնել իր ազդեցությունն անջատականների վրա և համոզել նրանց պահպանել հրադադարի ռեժիմը։

Ստոլտենբերգի փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի թիվ մեկ խնդիրն է «ամրացնել դաշինքի անդամների անվտանգությունը և սատարել անկախ, դեմոկրատական, արևմտամետ Ուկրաինային»։

Նոր զոհեր Ուկրաինայի արևելքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Անվտանգության խորհրդի նիստում նշել է, որ Ուկրաինայում հրադադարը շատ անկայուն է, հատկապես Դոնեցկի օդակայանի շրջանում։ Այնտեղ երեկվա դրությամբ կողմերը հրետակոծել են միմյանց։

Դոնեցկը գրեթե ամբողջությամբ հայտնվել է անջատականների հսկողության տակ, բացառությամբ օդակայանի, որի շուրջ էլ մերթ ընդ մերթ կատաղի բախումներ են լինում։

Անցած օրում սպանվել է 5 և վիրավորվել է 28 ուկրաինացի զինծառայող։ Կիևի պաշտոնական տվյալներով, ապրիլից մեկնարկած մարտերում զոհվել է 956 ուկրաինացի զինծառայող։

«Եվրամիության դիրքորոշումը կախված կլինի ռուս արջի արձագանքից»

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆեդերիկա Մողերինին Եվրախորհրդարանում ասել է, որ անհրաժեշտ է հավասարակշռված քաղաքականություն վարել Ռուսաստանի նկատմամբ, համատեղել վճռականությունն ու դիվանագիտությունը։

«Բալանսը կախված կլինի ռուս արջի արձագանքից»,- ասել է Եվրամիության արտգործնախարարը։

Վերլուծաբանները նշում են, որ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում երկյուղով են ընդունել նրա նշանակումն այդ պաշտոնում՝ ենթադրելով, որ իտալուհին չի ցանկանում կոշտ քայլերով պատասխանել Մոսկվայի ագրեսիային։

XS
SM
MD
LG