Մատչելիության հղումներ

Ստոլտենբերգ. «ՆԱՏՕ-ն իր ուժերը կարող է տեղակայել որտեղ կամենա»


ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին այցը կատարել է Լեհաստան, որտեղ հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն իր ուժերը կարող է տեղակայել որտեղ կամենա: Այս հայտարարությունը նա արել է լեհական TVP Info հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում:

Վերլուծաբանները նշում են, որ Ստոլտենբերգը փաստորեն հարցականի տակ է դնում 1997 թվականին Ռուսաստանին տված խոստումը այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը արևելյան շրջաններում մշտական ռազմակայաններ չի տեղադրի:

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները վերջին ժամանակներում սրվել են Ուկրաինայի ճգնաժամի պատճառով:

Յենս Ստոլտենբերգը ասել է, որ մյուս տարի նախարարների հադիպմանը արագ արձագանքման ուժերի վերաբերյալ որոշում է ընդունվելու, «բայց առանց դրա էլ ՆԱՏՕ-ն ուժեղ բանակ ունի»,- նշել է նա:

Չնայած ՆԱՏՕ-ն որոշ չափով ուժեղացրել է դաշինքի անդամ Արևելաեվրոպական երկրների պաշտպանությունը, այնուամենայնիվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, թե ցանկանում են Ռուսաստանի հետ «կառուցողական հարաբերություններ» ունենալ:

Լեհական Gazeta Wyborcza թերթում այսօր հրապարակված հարցազրույցում նա ասել է, թե որևէ հակասություն չկա ուժեղ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ ունենալու միջև:

Նորվեգիայի նախկին վարչապետ, 55-ամյա Ստոլտենբերգը, սեպտեմբերի 1-ին ստանձնելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, հայտարարել էր, որ անվտանգության հիմնական խնդիրներ են՝ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում և Իրաքում իսլամական պետության խմբավորումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG