Մատչելիության հղումներ

ՀՀԿ խոսնակը չի կարծում, թե Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի հրապարակած պահանջները «ավելի ընդգրկուն են կամ օրակարգային են», քան թե կառավարության արդեն իսկ հաստատված ծրագիրը:

Իշխող կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացած նիստի ընթացքում քննարկվե՞լ են այս շաբաթ Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի` «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, ՀՅ Դաշնակցություն և «Ժառանգություն» խմբակցությունների հրապարակած 12 պահանջները, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե դրանց անդրադարձ եղել է, բայց հատուկ քննարկում այդ կետերի վերաբերյալ չի եղել:

«Այդ կետերի մեջ կան նաև պոպուլիստական առաջարկներ, իսկ պոպուլիստական առաջարկները մեզ համար ընդունելի չեն», - շարունակեց ՀՀԿ խոսնակը, - «Կան նաև կետեր, որոնց արդեն իսկ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը թե՛ լսումների միջոցով է անդրադարձել, թե՛ նաև իր քաղաքական ծրագրերում է անդրադարձել, և այդ իմաստով մենք առաջ ենք շարժվել մեր քաղաքական օրակարգում և համոզված եղեք, որ ցանկացած իրատեսական առաջարկ, ցանկացած իրատեսական քայլ մենք պատրաստ ենք ընդունելու և իրականացնելու: Այսօր կառավարությունը ունի ընդունված ծրագիր Ազգային ժողովի կողմից և կառավարությունը առաջ է շարժվելու այդ ծրագրերով, և չեմ կարծում, որ մեր գործընկերների առաջարկած կետերը շատ ավելի ընդգրկուն են կամ օրակարգային են, քան թե մերը»:

Շարմազանովը հիշեցրեց, որ մոտ 3 շաբաթ առաջ կառավարության ծրագրի ընդունումից հետո վարչապետը պատրաստակամություն էր հայտնել լսելու և իրենց գործունեության մեջ ընդգրկելու այն առողջ առաջարկները որոնք պոպուլիստական չեն։ Իսկ թե որոնք են 12 պահանջներից պոպուլիստական, այսինքն` անընդունելի Հանրապետականի համար, Շարմազանովը չցանկացավ մատնանշել, փոխարենը ասաց, թե դրանք բազմաթիվ են, և որոշ ժամանակ անց այդ կետերի շուրջ մասնագիտական գնահատականներ կհնչեցվեն։

Իշխող կուսակցության խոսնակը նաև կոչ արեց նորմալ նայել այն փաստին, որ իշխանությունը ընդդիմության ոչ բոլոր կարծիքներն է ընդունում։

«Իսկ եթե մեր ընդդիմադիր գործընկերները ցանկանում են իրենց բոլոր պահանջները, ինչպես իրենք են ասում` առաջարկները, իրականացնեն, ապա դրա համար մի ճանապարհ կա` 2017-ի պառլամենտական ընտրությունները», - հավելեց իշխող կուսակցության ներկայացուցիչը:

Հիշեցնենք` ներկայացնելով իրենց 12 առաջարկները, ԱԺ ոչ իշխանական ուժերը քառյակը հայտարարել էր, թե ակնկալում է, որ իշխանությունները դրանք պետք է իրականացնեն մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը:

Կիսելյովը` «շատ փոքր հարց»


Վերջերս ընդդիմադիր պատգամավորների քննադատության թիրախում հանրապետականները կրկին հայտնվել էին ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ կայացած աղմկահարույց հանդիպումից հետո։ Այն հարցին, թե արդյոք Հանրապետականի նիստում քննարկվել է այդ հանդիպման ընթացքում կուսակցության անդամների պահվածքը, Շարմազանովը արձագանքեց, թե այս հարցին չափից շատ ուշադրություն է դարձվում։

«Ես կարծում եմ, որ Կիսելյովը այն պերսոնան չէ, որ մենք պետք է ազգովի, գիշեր-ցերեկ քննարկենք նրա պահվածքը», - նշեց նա: - «Մեր նիստերի ընթացքում քաղաքական կյանքի բոլոր իրադարձություններին անդրադարձ արվում է, որովհետև մենք քաղաքական կուսակցություն ենք: Դա շատ փոքր հարց է, որ Հանրապետության նախագահը դրան արձագանքի»:

Հիշեցնենք` Կրեմլի քարոզչամեքենայի` «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, Ազգային ժողովում մի շարք հանրապետական պատգամավորների ներկայությամբ հայտարարել էր, թե Հայաստանում պետք է ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել լեզվի մասին օրենքը, և սպառնացել, թե այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա։ Ընդ որում, «Լեզվի մասին» օրենքի խախտմամբ` առանց հայերեն թարգմանության անցկացված այդ հրապարակային հանդիպման ժամանակ ազգային արժեքներ քարոզող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ընդամենը հակադարձել էր, թե կապ չի տեսնում ռուսերենի իմացության և հայ-ռուսական ռազմավարական համագործակցության միջև:
XS
SM
MD
LG