Մատչելիության հղումներ

logo-print

Պատգամավորները վրդովված են. պահանջեցին ԱԺ-ն զերծ պահել Կիսելյովի «հաչոցներից»


Ընդդիմադիր պատգամավորները Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող են և ցինիկ են որակում Ազգային ժողովում երեկ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի այն հայտարարությունները, թե հայերը իրենց իսկ անվտանգությունից ելնելով պետք է փոխեն «Լեզվի մասին» օրենքն ու ավելացնեն ռուսական դպրոցները։

Հայաստանի խորհրդարանում անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել, հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյան՝ ընդգծելով, որ ռուս լրագրողը անհարգալից տոնով և ենթատեքստով է խոսել Հայաստանի, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի մասին:

«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ տարածքում persona non grata` անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը»,- ասաց Փաշինյանը։

Պուտինի վարչակազմի խոսափողը համարվող «Россия сегодня» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովը չորեքշաբթի Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ սկանդալային հայտարարություններ էր արել՝ ասելով, թե Հայաստանում պետք է ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել «Լեզվի մասին» օրենքը, այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա։

Կիսելյովի հետ հանդիպմանը մասնակցած հանրապետական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ իր հերթին հակադարձեց, թե այն ինչ ասում է Փաշինյանը, չի համապատասխանում իրականությանը.- «Նման բան, ինչ որ ասաց պարոն Նիկոլը, տեղի չի ունեցել ընդհանրապես, որևէ վիրավորական արտահայտություն չի եղել»։

Թեժ բանավեճին փորձեց միջամտել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը.- «Միշտ մտածեք՝ Հայաստանը, հայոց լեզուն հայերի համար բավականին լուրջ հոգևոր արժեք են, այնպես որ եթե նման իրողություններ կան, կփորձենք տեսնել, թե ինչի հետ են կապված»։

Ձայնի իրավունք խնդրեց դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը. նա էլ Ազգային ժողովի նախագահին հիշեցրեց՝ Հայաստանում պետական լեզուն հայերենն է: Խորհրդարանում երեկ տեղի ունեցած հանդիպումը ամբողջությամբ ռուսերեն լեզվով է անցկացվել՝ առանց թարգմանության:

«Ես խնդրում և պահանջում եմ, հետայսու Ազգային ժողովում տեղի ունեցող որևէ քննարկում, որևէ խորհրդակցություն, որևէ բանավիճային ակումբ... պետական լեզվի կարգավիճակը պահպանել և ապահովել թարգմանություն»,- ասաց Վարդանյանը։

Դաշնակցական պատգամավորը նաև անդրադարձավ այն փաստին, որ ռուս լրագրող Կիսելյովին Ազգային ժողով են բերել հատուկ մեքենայով՝ նրան խորհրդարանական այգու միջով հասցնելով ուղիղ մուտքի մոտ։

«Կարծում եմ՝ մենք նաև ունենք արարողակարգային խնդիր։ Եթե Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում օդակայանից հասնում է հյուրանոց 2.5 ժամում, բոլորին այլ կարգի պատվիրակությունը կարող է Դեմիրճյան փողոցից ոտքով հասնել մինչև Ազգային ժողովի շենք»,- նկատեց Վարդանյանը։

Ընդդիմադիր պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն էլ նկատեց, որ նման միջոցառումներին պետք է կանչել նաև այլ տեսակետներ ունեցող պատգամավորների, որպեսզի երբ վիրավորում են հայ ժողովրդին, պատասխան տվող լինի:

«Պարոն Բաբուխանյանը ուղղակի ստում է, որովհետև այդ հանդիպումը ամբողջությամբ դրված է համացանցում, որտեղ հստակ երևում է՝ հայ ժողովրդի հասցեին վիրավորական և հայոց պետականությանը սպառնացող ցինիկ արտահայտություններ են արվել։ Հիշեցման կարգով՝ ցինիկ բառի արմատը շուն բառն է, հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս։ Պահանջում ենք հետայսու զերծ պահել հայոց խորհրդարանը նման հաչոցներից»,- ասաց Արզումանյանը։

Հայկ Բաբուխանյանը անպատասխան չթողեց Արզումանյանի այս հայտարարությունը՝ նրա հասցեին հնչեցնելով խիստ վիրավորական արտահայտություններ:

Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալիկ Արզումանյանից, դաշնակցական Աղվան Վարդանյանից և Նիկոլ Փաշինյանից բացի որևէ այլ ընդդիմադիր պատգամավոր այս խնդրին չանդրադարձավ և քննադատական խոսքեր չհնչեցրեց Պուտինի վարչակազմի խոսափողը համարվող Կիսելյովի հասեցին:

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով խորհրդարանի մուտքի մոտ անձամբ էր դիմավորել Կիսելյովին և նրա հետ մասնակցել էր հայտնի քննարկմանը, ընդգծեց, թե Կիսելյովը ընդամենը մի լրագրող է, ով արտահայտել է իր կարծիքը, և մենք պետք է լսենք այդ կարծիքը:

«Ինքը էդպես է մտածում։ Դա նշանակում է, որ մենք պիտի դա իմանանք, հասկանանք, պիտի տեսնենք, թե ինչու են այդ մարդիկ այդպես մտածում, ոչ թե ականջներս փակենք, գլուխներս մտցնենք ավազի մեջ և ասենք՝ «չէ, Կիսելյովն էլ թող չգա, ոչ մեկն էլ թող չգա, ոչ մեկին չենք ուզում լսել»։ Իսկապես ուզում եմ հավատաք, որ ոչ միայն եղավ մի խոսքը, այլև եղավ այդ խոսքի համարժեք պատասխանը, որ «ընկեր ջան, բոլորովին տաքսու վարորդով չի որոշվում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ապագան կամ աստիճանը։ Եթե նկատեցիք, իրենք շատ լուրջ դիսկոմֆորտ զգացին»,- ասաց Նաղդալյանը։

Ի պատասխան այն հարցի, թե ինչո՞ւ են մի լրագրողի այդքան պատվավոր ընդունելության արժանացնում, բացում Ազգային ժողովի դռները և ինչպես պաշտոնական արարողությունների ժամանակ է տեղի ունենում՝ դիմավորում խորհրդարանի մուտքի մոտ, Հերմինե Նաղդալյանն ասաց, թե դա տեխնիկան խնդիրների է հետ էր կապված:

Ի դեպ նկատենք, որ ընդունված կարգի համաձայն, Ազգային ժողովի տարածք մեքենայով կարող են մուտք գործել միայն խորհրդարանի խոսնակը, փոխնախագահները, հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարները: Մյուսները պարտավոր են ոտքով հասնել խորհրդարանի շենքին: Բայց ինչպես տեսնում եք, ռուս լրագրողի համար հատուկ բացառություն է արվել:

Ի պատասխան մեր հարցի, թե ինչո՞ւ էին որոշել Դմիտրի Կիսելյովին կանչել խորհրդարան, Ազգային ժողովի փոխնախագահն ասաց ,թե դա Ռուսաստան-Հայաստան բարեկամական խորհրդարանական ակումբի նախաձեռնությունն էր: Պարզվում է՝ Կիսելյովը որոշակի ծրագրեր է պատրաստվում իրականացնել Հայաստանում:

«Կարծում եմ, մամուլի միջոցների համագործակցության խնդիրներին է վերաբերում այդ ծրագիրը»,- ասաց Նաղդալյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG