Մատչելիության հղումներ

Խզմալյանի կարծիքով, Կիսելյովին պետք է «պատասխանել ծրագրով»


Հայաստան -- Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը (ձախից) և «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Ռուս-հայկական խորհրդարանական ակումբի 5-րդ նիստի ժամանակ, 11-ը հունիսի, 2014թ․

Հայաստան -- Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը (ձախից) և «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը Ռուս-հայկական խորհրդարանական ակումբի 5-րդ նիստի ժամանակ, 11-ը հունիսի, 2014թ․

Կինոռեժիսոր, նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանը խայտառակություն է որակում «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի նախօրեի հայտարարությունները, թե Հայաստանում պետք է ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել լեզվի մասին օրենքը, այլապես դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա։

Նշենք, որ Կիսելյովը նման հայտարարություն էր արել չորեքշաբթի օրը Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ։

«Երբ դա ասում է բոլորովին ոչ վերջին մարդը ռուսաստանյան այսօրվա իշխանության սանդղակում, և դա ասում է, փաստորեն, հեռուստատեսության ղեկավարը, իսկ հեռուստատեսությունը Ռուսաստանում հիմա կրակի առաջին գծի վրա է, ապա դրան իհարկե պետք է վերաբերել լուրջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը, - «Ես բոլորովին չեմ ակնկալում, որ այստեղի ստրկամիտ իշխանություններ իրենց կոչող մարդիկ դրան արձագանքեն, որովհետև նրանք, փաստորեն, թույլ են տալիս, որ մեր երկրի ներքին հարցերը, մշակութային կարևորագույն հարցերը՝ երկրի ինքնության համար, մշակութային, լեզվական քաղաքականությունը որոշի դեսպանը կամ ինչ-որ լրագրող, որը ճակատագրի բերմամբ այսօր ժամանակավոր իշխանություն է ներկայացնում։ Սա ազգային խայտառակություն է՝ ո՛չ առաջին, ո՛չ վերջին։ Սա Աստանայի մայլի տրամաբանության մեջ է տեղավորվում ամբողջությամբ, միանշանակ իրենք արդեն չեն էլ թաքցնում իրենց 5-րդ, այսպես կոչված, շարասյան գոյությունը։ Սա ծրագիր է և ծրագրին պետք է պատասխանել ծրագրով։ Դա մեր ազգային փրկության ծրագիրը պետք է լինի»:

Հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով Կիսելյովի հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանի իշխանությունները անհանգստացած են Հայաստանում առկա հակակրեմլյան տրամադրություններից։

«Դա թելադրված է հենց կրեմլյան քաղաքականությամբ, որը բավական ագրեսիվ է և չի բավարարվում քաղաքական լուծումներով, որոնք կարողանում էր ստանալ Հայաստանից: Նաև հանրային դաշտի վրա է ուզում տարածել իր իշխանությունը, որը մինչ այժմ դեռ չի ստացվել։ Ինչքան էլ համարենք, որ Հայաստանում ընդվզում չկա՝ կա մեծ դժգոհություն հենց Մաքսային միությանը միանալու տեսանկյունից, հենց եվրաասոցացման գործընթացը չշարունակելու տեսանկյունից, և կարծում եմ, որ նրանք շատ լավ էլ հետազոտել են դաշտը և բավական զայրացած են հայ հանրության հակառուսական, ինչ որ տեղ հակակրեմլյան տրամադրություններից»,-ասաց հրապարակախոսը։
XS
SM
MD
LG