Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր պատգամավոր. Իշխանությունը պետք է ընտրի ՀՀԿ-ն կամ երկիրը փրկելու միջև


Ընդդիմադիր պատգամավոր. Իշխանությունը պետք է ընտրի ՀՀԿ-ն կամ երկիրը փրկելու միջև
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Ընդդիմադիր պատգամավոր. Իշխանությունը պետք է ընտրի ՀՀԿ-ն կամ երկիրը փրկելու միջև

Ըստ Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, իշխանությունը պետք է որոշի` փրկել կա’մ Հանրապետականին, կա’մ երկիրը:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ Մանուկյանն այս հայտարարությունն արեց` անդրադառնալով քառյակի կողմից իշխանությանը ներկայացրած 12 կետանոց պահանջներին. - «Այդ կետերը ցանկության դեպքում մեծ դժվարությամբ կարող են կատարվել: Բայց կատարվելու դեպքում լուրջ քանդուքարափ է լինելու Հանրապետական կուսակցությունը»:

Քառյակի անդամ ՀԱԿ-ը կարծում է, որ այս պահին էլ ստեղծված իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է: Բայց քառյակը այդ պահանջները կատարելու համար մինչև սեպտեմբերի վերջը ժամանակ է տվել իշխանությանը:

«Ժամանակն ընդդեմ մեզ է աշխատում», - ասաց Մանուկյանը` հավելելով, այդուհանդերձ, որ իրենք ընդառաջում են գործընկեր Դաշնակցությանն ու ԲՀԿ-ին, որոնք այս պահին նպատակահարմար չեն համարում իշխանության հրաժարականը պահանջելը: - «Մենք հույս ունենք, մենք աշխատում ենք հասնել նրան, որ սեպտեմբերի վերջին այնպես, ինչպես մենք ենք մտածում, այդպես մտածողների քանակը շատ կլինի քաղաքական դաշտում»:

«Բարգավաճ Հայաստան»-ը չի շտապում գաղտնազերծել իր քայլերի հաջորդականությունը: Բայց, ինչպես հավաստիացրեց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դրանք գոյություն ունեն, հստակ են. - «Եկեք իրադարձություններն արհեստականորեն առաջ չմղենք: Վստահ եղեք, որ հանրությունը հաստատ չի հիասթափվի»:

ՀՀԿ-ի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, խոստացավ. - «Որևէ կետ անպատասխան չի մնա: Իրավիճակից ելնելով, դրանք կդարձնենք քննարկման առարկա և նաև կնշենք, թե որոնք են ընդունելի: Եվ չի նշանակում, որ իմպերատիվ այն ամենը, ինչ գրված է, դրանք պետք է կատարվեն իշխանության կողմից: Մենք մեր մոտեցումները կցուցաբերենք: Որոշ մասը նաև սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ»:

Հենց սահմանադրական բարեփոխումներն էլ, Արամ Մանուկյանի կարծիքով, «կքանդեն ՀՀԿ-ի տունը». - «Երբևէ Հանրապետականից երես են թեքելու Սերժ Սարգսյանից, հատկապես` սահմանադրական բարեփոխումների նախագիծը չանցնելու դեպքում»:

«Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարեց, որ պայքարելու է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Նրանց մտահոգությունները կիսում են նաև քառյակի մյուս ուժերը:

Աղվան Վարդանյանը (ՀՅԴ) կարծում է, որ գործին պետք է խառնվի կառավարությունը. - «Կառավարությունը կարող է քննարկել, լուծումներ գտնել և այդ ծախսերը փակել այլ աղբյուրներից, այլ միջոցներից, այնտեղ վարկային պարտավորություններ կան, դրանք վերաձևակերպել, դրանք անտոկոս տրամադրել այդ ընկերությանը` եթե ուզում է, բայց չգնալ թանկացման»:

Կիսելյովի հայտարարությունների կապակցությամբ խորհրդարանն այսօր երկրորդ փուլով էր ալեկոծվում: Վրդովված էին բոլորը. ընդդիմադիրները և իշխանական Հանրապետականը: Վերջինիս խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, իհարկե, ընդդիմադիրների նման ճարտասան չգտնվեց, բայց իրենց վերաբերմունքն արտահայտեց. - «Չենք արժեվորում Կիսելյովին»:

«Կիսելյովի պահվածքի համար մենք բոլորս ենք մեղավոր. նրան շուքով դիմավորոցներից մինչև համարժեք պատասխան չտվողները», - հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը` շարունակելով. - «Ինձ մոտ մի պահ տպավորություն էր, թե Ազգային ժողովի շենք Դալայ Լաման է մուտք գործելու և երբ հարցրեցի` ո՞ւմ եք այսպես սրտատրոփ սպասում, նաև իմ լրագրող գործընկերներին, պարզվեց մի վերլուծաբանի, որի նողկալի քծնանքը առ Պուտին ավելի նողկալի է, քան երբևէ ժամանակին մենք սովետ պրոպագանդային ժամանակ տեղնում էինք առ Չեռնենկո, Անդրոպով և Բրեժնև: Եվ երբ որ դու թույլ ես տալիս, որ քո երկրի խորհրդարանում թքեն քո երեսին, այստեղ մեղավորը առաջին հերթին մենք ենք, որովհետև եթե դու նման լիազորություն տալիս ես ինչ-որ մի լժե-վերլուծաբանի, ապա միշտ էլ կգտնվի այն անկիրթ-անդաստիարակը, որը իրեն թույլ կտա Հայաստանի Հանրապետության խորհրդարանում մեզ դաստիարակելու և մեզ սովորեցնելու»:

Աղվան Վարդանյանը «կիսելյովներին պաշտպանողներին» նվիրեց իր բանաստեղծություններից մեկը. - «Պնակալեզ, պատեհապաշտ բ-ի տղերք/Անհայրենիք, անսրբություն, անաղուհաց:/Ոչինչ մաքուր չմնաց, որ չպղտորեք:/Եվ ձեր որդիք ամեն անգամ, երբ ձեզ հիշեն/Ձեր աճյունը պղծվելու է գերեզմանում»:
XS
SM
MD
LG