Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահի տեսակետները քարոզող «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը չորեքշաբթի երեկոյան, հյուրընկալվելով Հայաստանի Ազգային ժողովում, հայտարարեց, որ եթե Հայաստանում ռուսաց լեզվին ավելի մեծ տեղ չտրվի, դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա և Հայաստանի անվտանգությունը կտուժի:

Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի, հանրապետական խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանի, Հայկ Բաբուխանյանի, Տաճատ Վարդապետյանի ներկայությամբ Կրեմլի խոսնակը հրամայական տոնով պահանջեց Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել լեզվի մասին օրենքը, քանի որ ռուսաց լեզուն, ըստ Կիսելյովի, Հայաստանում նահանջ է ապրում:

Չորեքշաբթի երեկոյան Ազգային ժողովի «Ռուսական գրքի գրադարանում», որը բացվել էր անցած տարի դեկտեմբերին Պուտինի երևանյան այցի կապակցությամբ, տեղի ունեցավ Ռուս-հայկական խորհրդարանական ակումբի 5-րդ նիստը, որին եթե հայկական կողմից մասնակցում էին Ազգային ժողովի փոխնախագահի մակարդակով, ռուսական կողմը ներկայացված էր լրատվական գործակալության ղեկավարի գլխավորությամբ:

Ակումբի նիստը նվիրված էր հասարակական կազմակերպությունների գործունեությանը:

Մոսկվայից ժամանած Դմիտրի Կիսելյովը, Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Արտաքին քաղաքական հետազոտությունների և նախաձեռնությունների ինստիտուտի տնօրեն Վերոնիկա Կրաշենինիկովան, ով Ռուսաստանում արտերկրից ֆինանսավորում ստացող ՀԿ-ներին «օտարերկրյա գործակալ» կոչող օրենքի նախաձեռնողներից է, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնում էին, թե որքան վտանգավոր են արևմտյան ֆինանսավորում ստացող ՀԿ-ները:

Խոսակցությունը հասավ ղարաբաղյան խնդրին, երբ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց, թե այն երկիրն է ժողովրդավար, որը ճանաչում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ինչպես օրինակ Ռուսաստանը, որը ճանաչել է ինքնորոշվելու ղրիմցիների իրավունքը: Բաբուխանյանը հույս հայտնեց, որ մի օր էլ Ռուսաստանը կճանաչի նաև ինքնորոշվելու Լեռնային Ղարաբաղի իրավունքը, ինչին անմիջապես հաջորդեց Կիսելյովի ռեպլիկը, թե՝ «միայն ձեզանից հետո»:

«Եթե ուզում եք խոսել Լեռնային Ղարաբաղի մասին, խնդրեմ: Ես անձամբ կարծում եմ, որ այսօր ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը նշանակում է գործել Հայաստանի ազգային շահերի դեմ և Հայաստանը չպետք է շտապի այդ առումով, որովհետև այն ավտոմատ կերպով պատերազմ է նշանակում», - շարունակեց Կրեմլի խոսնակը, - «Պատերազմը խաղաղությունից վատ բան է՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի համար: Ձեզ դուր չեկավ, որ սահմանին սպանեցին երկու հոգու, իսկ եթե պատերազմական ժամանակ լինի, կսպանեն ոչ թե երկուսին, այլ հարյուր հոգու, հազարի և ամեն օր: Հայկական պետականության գոյությունը աշխարհում կարող է երաշխավորել միայն մեկ երկիր՝ Ռուսաստանը, և Ռուսաստանը այդ պարտավորությունը վերցրել է ՀԱՊԿ շրջանակում: Բայց եթե Երևանում ռուսական դպրոցներ գործնականում չեն մնացել և Հայաստանում ռուսաց լեզուն հեռացող երևույթ է, դա նշանակում է, որ ռուսական մշակույթը նույնպես հեռանում է և աստիճանաբար թուլանում է կապը Ռուսաստանի հետ: Այս միտումը շատ վտանգավոր է»:

Չնայած հայ պատգամավորները ու հատկապես Հայկ Բաբուխանյանը անմիջապես սկսեցին Դմիտրի Կիսելյովին համոզել, որ իրականությունն այլ է՝ Հայաստանում կա Սլավոնական համալսարան, ուր, ինչպես հպարտությամբ ասաց Բաբուխանյանը, ինքը անգամ դասավանդել է, բացի այդ հայկական դպրոցներում պարտադիր ուսանում են ռուսաց լեզուն, սակայն այս փաստարկները կարծես թե չհամոզեցին Կիսելյովին: Նա ասաց, թե Երևանում տաքսի է նստել, և վարորդը ռուսերենով անգամ հաշվել չգիտեր և ուղղակի պահանջեց Հայաստանում ավելացնել ռուսական դպրոցների թիվը, փոխել լեզվի մասին օրենքը, այլապես՝ դա կազդի անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության վրա:

Հայաստանում ռուսական դպրոցների ավելացման օգտին խոսեց նաև դեսպան Կովալենկոն, և մեր երկրում չորս տարի Ռուսաստանը ներկայացրած Կովալենկոն հայտարարեց, թե իր կարծիքով ռուսերենը պետք է Հայաստանում լինի երկրորդ պետական լեզուն:

Դմիտրի Կիսելյովի պահանջից հետո Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը վերջապես որոշեց արձագանքել, թե որևէ կապ չի տեսնում երևանյան տաքսիստների ռուսերենի իմացության և հայ-ռուսական ռազմավարական համագործակցության միջև:

Խորհրդարանում խախտում են «Լեզվի մասին» օրենքը

Ռուս-հայկական խորհրդարանական ակումբի նիստը անցավ միայն ռուսերենով, չկար հայերեն թարգմանություն և պատգամավորների ներկայությամբ խախտվեց «Լեզվի մասին» օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետը՝ «Հայաստանի Հանրապետության պետական մարմինները պարտավոր են համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու զանգվածային այլ միջոցառումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»:

Եվրոպական արժեքները՝ հակաքրիստոնեական


Ռուս-հայկական խորհրդարանական ակումբի 5-րդ նիստից առանձնացնենք ևս մեկ դրվագ:
Իշխող ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը հայտարարեց․ - «Այն, ինչ այսօր անվանում են եվրոպական արժեքներ, ես կարծում եմ, որ հակաքրիստոնեական են, գլոբալ արժեքներ են և ոչ մարդկային»:

Այս հայտարարությունը ուշագրավ է նաև այն պատճառով, որ ընդամենը մեկ տարի առաջ՝ 2013-ի հունիսի 25-ին Վարշավայում գտնվող Հայաստանի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց․ - «Մենք եվրոպական արժեքներ կրող ժողովուրդ ենք և մեր նպատակն է զարգացնել մեր հասարակությունը հենց այդ արժեքների հիման վրա»:

Ի դեպ, Բաբուխանյանի այդ խոսքերի ժամանակ հանրապետական պատգամավորներից որևէ մեկը չարձագանքեց:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG