Մատչելիության հղումներ

Թոմ դե Վաալ․ «Ադրբեջանը Վաշինգտոնից նեղսրտելու պատճառներ շատ ունի»


 «Քարնեգի կենտրոնի» Կովկասի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալ
«Քարնեգի կենտրոնի» Կովկասի գծով ավագ փորձագետ Թոմաս դե Վաալ
Ադրբեջանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների հեռանկարի հարցում Թոմաս դե Վաալը հոռետես է: «Քարնեգի կենտրոնի» Կովկասի գծով ավագ փորձագետի վերջին վերլուծականը Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին է:

Հեղինակն անդրադառնում է Ադրբեջանում վերջին շրջանում տեղի ունեցող ճնշումներին, որոնք իրականացվում են, մասնավորապես, արևմտամետ ակտիվիստների, քաղաքական գործիչների և իրավապաշտպանների դեմ:

Վերլուծականում հիշատակվում են ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության վերջին տարվա «զոհերը»՝ ընդդիմադիր առաջնորդներ Իլգար Մամեդովը, Թոֆիկ Յագուբլուն, Ադրբեջանի ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին, ով վերջերս դատապարտվել է 5.5 տարվա ազատազրկման, լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, իրավապաշտպաններ Արիֆ և Լեյլա Յունուսները, որոնց նկատմամբ հետաքննություն է սկսվել: Փորձագետը հիշել է նաև մի շարք արևմտյան կազմակերպությունների՝ ինչպիսիք են USAID-ն, NDI-ը, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանը, որոնք մշտապես ճնշումների են ենթարկվում Բաքվի իշխանությունների կողմից:

Միացյալ Նահանգների, Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի հասցեին հնչեցված քննադատությունների տարափը, սակայն, այդ երկրի իշխանությունների կողմից ընկալվեց որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին: Փորձագետն անդրադառնում է նաև Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի և Ալիևի կառավարության միջև տարաձայնություններին: Ադրբեջանցիների խնդրանքով դեսպան նշանակված Ռիչարդ Մորնինգսթարը, ով Ադրբեջանի անկախության հիմնաքարը համարվող «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղի ծրագրի հեղինակներից է, Ալիևի վարչակազմի կողմից մեղադրվեց Ադրբեջանում մայդան կազմակերպելու փորձի մեջ այն բանից հետո, երբ դեսպանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում քննադատեց երկրում առկա արատավոր երևույթները:

Թոմ դե Վաալը գրում է նաև, որ ադրբեջանական վերնախավը բազմաթիվ խմբավորումների է բաժանվել․ գոյություն ունի արևմտամետ խմբավորում, որն ակնհայտորեն նահանջում է վերջին ամիսներին, սակայն չի կարելի ասել, որ Բաքուն ընտրություն է կատարել Ռուսաստանի օգտին: Թերևս Ադրբեջանը փորձում է կոմպլեմենտար քաղաքականություն վարել, եզրակացնում է դե Վաալը:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ փորձագետն արձանագրում է՝ «Ադրբեջանը Վաշինգտոնից նեղսրտելու պատճառներ շատ ունի, հայկական լոբբին էլ իր հերթին է բարդացնում Բաքվի կյանքը: Դեռևս 1992 թվականին ղարաբաղյան հակամարտության ժամանակ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Ազատության պաշտպանության ակտի 907-րդ ուղղումը, որն արգելում է ամերիկյան կառավարությանն Ադրբեջանին որոշակի տեսակի օգնության տրամադրումը, առայսօր ուժի մեջ է, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանն այդ պատերազմում պարտվել է»:

Թոմ դե Վաալի կարծիքով, այն բանից հետո, երբ դեսպան Մորնինգսթարի առաքելությունն այս ամառ ավարտվի, Վաշինգտոնը պետք է կարողանա դեսպանի պաշտոնին նշանակել այնպիսի անձի, ով կկարողանա հաղթահարել առկա լարվածությունը և Վաշինգտոնին հնարավորություն տա վերագտնել իր ազդեցության լծակները Ադրբեջանում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG