Մատչելիության հղումներ

Բագրատյանի համոզմամբ, Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղի առևտուրը օրինական է


ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյան

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի համոզմամբ, Հայաստանի շահերից չի բխում անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, ուր նպատակ կա մաքսակետ տեղադրել Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին:

«Մենք մտել ենք Առևտրի համաշխարհային կազմակերպություն, ճի՞շտ է: 98 թե 99 թվին մտանք: Սկզբից Ադրբեջանը բողոքում էր, թե՝ Ղարաբաղը չի կարող մտնել Առևտրի համաշխարհային կազմակերպություն: Բայց այնտեղ հստակ հարցադրում եղավ՝ այդ դեպքում թողեք, թող Ղարաբաղը Ադրբեջանի միջոցով առևտուր անի: Ասացին՝ մենք ճանապարհները բացող չենք, ռազմաճակատի գիծը բացող չենք: Ինչո՞ւ այդ հարցադրումը ճիշտ էր Առևտրի համաշխարհային կազմակերպության կողմից․ որովհետև Լեռնային Ղարաբաղը իզգոյ չէ, մերժված չէ: Նրա քաղաքական ճակատագիրը անհայտ է, բայց նա, որպես տարածք, օրինականորեն գոյություն ունի, ժողովուրդ գոյություն ունի, որպես տնտեսավարող միավոր գոյություն ունի, և նա պետք է առևտուր անի, նա պետք է ապրի: Այդ իսկ պատճառով Հայաստանի տարածքով Լեռնային Ղարաբաղի առևտուրը դա օրինական է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Բագրատյանը:

Նախկին վարչապետի խոսքով, Ասոցացման համաձայնագրի շուրջ Եվրամիության հետ բանակցությունները հաջողությամբ ավարտեցին և այնտեղ որևէ խնդիր չառաջացավ Ղարաբաղի հետ կապված՝ «նույնը չպետք է առաջանա Մաքսային միության հետ»:

«Վերցրեք, օրինակ, Հարավային Օսեթիան կամ Աբխազիան․ առևտուր անելու են, չէ՞, այդ մաքսային միության հետ: Նրանք, համենայնդեպս, Վրաստանի հետ Եվրոպական ասոցացման մեջ չեն մտնում: Հարց է ծագում՝ դրանք ի՞նչ է, իզոլացվո՞ւմ են: Ո՛չ», - նշեց Բագրատյանը:

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Մաքսային միության գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, անդրադառնալով միությանը Հայաստանի անդամակցության հարցին, ներկայացրեց Ադրբեջանի նախագահ Ալիևի նամակը և հայտարարեց, թե Հայաստանը պետք է Միությանը անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, ինչպես որ արել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցելիս:

Գագաթնաժողովին ներկա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևի հայտարարությանը, և միայն երկու օր անց Ծաղկաձորում կուսակիցների հետ հանդիպմանը ասաց․ - «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց որևէ վնաս չի կարող մեզ տալ»:

«Ո՞նց․․․ Ղարաբաղի ու Հայաստանի միջև մաքսակե՞տ: Օրինակ ես այն պատգամավորն եմ, որը քվեարկել է Ղարաբաղը ճանաչելու օգտին: Այսինքն ո՞նց, բա Ղարաբաղն ի՞նչ է անում: Ոչինչ չպետք է փոխվի այդ առումով: Այսինքն Ղարաբաղի ընկերությունները գրանցվում են Հայաստանում և առևտուր են անում: Ղարաբաղի բնակչությունն ունի հայկական քաղաքացիություն: Սա պետք է հստակ ասվի, սա աշխարհը գիտի՝ սա մենք չենք թաքցրել: Այդտեղ այլ հարց է՝ Հայաստանի նախագահը պատասխանեց, թե չէ: Լավ կլիներ պատասխաներ, կամ գալուց հետո պատասխաներ, կամ ձև գտներ պատասխանելու: Կամ արտգործնախարարը հայտարարություն աներ, եթե, իհարկե, արտգործնախարարը տիրապետում էր այն փաստերին, ինչ ես եմ ասում: Իմ կարծիքով նա չէր տիրապետում», - կարծիք հայտնեց նախկին վարչապետը՝ Աստանայում տեղի ունեցածին Հայաստանի արձագանքը բնութագրելով որպես «անտեղյակություն, անալիտիկ մտքի բացակայություն»:

Բագրատյանի կարծիքով, Աստանայում Ղարաբաղի հարցի նման կերպ արծարծումը հասցեագրված էր Ադրբեջանին՝ դա կոչ էր Բաքվին, մտածել Եվրասիական միությանն անդամակցելու մասին:

«Հասկացեք՝ ի՞նչ է Եվրասիական միությունը: Հիմա հիմնադիր անդամ Հայաստանը չդառավ, բայց դառնալու է չորրորդ անդամը: Հայաստանը միշտ այդ միությունում քվեարկելու է ինչպես Ռուսաստանը կասի՝ մենք արդեն դա տեսնում ենք: Հիմա ստացվում է, որ այնուամենայնիվ, մտնելով միություն, Նազարբաևը մտածում է նաև իր շահերի մասին՝ իսկ ինչո՞ւ այնտեղ չգա Ադրբեջանը: Ձայների հաշվարկ գոյություն ունի, չէ՞, կարևոր հարցեր քննարկելիս: Ինչո՞ւ այնտեղ չգա Ղրղըզստանը: Ես չեմ բացառում, որ այս Եվրասիական տնտեսական միության դեմ սկսեն պայքարել նրանք, ովքեր այն հիմնում են», - հավելեց Հրանտ Բագրատյանը:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG