Մատչելիության հղումներ

Նախարարը չի կարծում, թե յուրաքանչյուր կրակոցի համար ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի


Սեյրան Օհանյանն ասում է՝ սահմանում իրավիճակը կայուն լարված է, հրադադարի խախտումներն էլ նորություն չեն։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, թե յուրաքանչյուր կրակոցի համար ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի:

Այս հայտարարությունը նախարարն արեց այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի այն հարցին, թե արդյոք երեկ Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում քննարկվե՞լ է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը:

Հիշեցնենք, Նախիջևանի կողմից կրակոցներ էին հնչել, ինչի հետևանքով զոհվել էր երկու հայ զինծառայող:

«Ընդհանուր առմամբ հավաքական ուժերը այսօր ավելի մեծ գործողությունների համար են։ Ես շատ դեպքերում չեմ հասկանում, որ յուրաքանչյուր կրակոցի կամ յուրաքանչյուր խախտման համար ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի։ ՀԱՊԿ-ի ուժերի գործարկման համար գոյություն ունի ընթացակարգ, որը պետք է քննարկի պետության մեջ, այնուհետև հանրապետության նախագահի ղեկավարությամբ ներկայացվի հայտ, որպեսզի նրանք այս կամ այն տարածաշրջանում գործողություններ իրականացնեն»,- ասաց նախարարը։

Օհանյանն անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին: Նա նշեց, թե սահմանում իրավիճակը կայուն լարված է, և հակառակորդի կողմից կատարվող հրադադարի խախտումները նորություն չեն Հայաստանի համար: Պաշտպանության նախարարի փոխանցմամբ՝ հասարակությունը պետք է հասկանա և համակերպվի այն իրավիճակի հետ, որ ունենք չլուծված հակամարտություն, և պետք է հակառակորդի ռազմատենչ եռանդը լուծենք կանխարգելիչ հակագործողություններով:

«Նրանց փորձը՝ դիտարկել և տեսնել մեր թույլ և ուժեղ կողմերը, կարծում եմ, դիտավորյալ և պլանավորված բնույթ են կրում»։

ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանը հորդորեց պաշտպանության նախարարին, թե մեկ-մեկ էլ հայկական կողմը պետք է ագրեսիվ լինի և համարժեք պատասխան տա ադրբեջանական կողմին: Օհանյանն ասաց, թե Հայաստանը կոնկրետ Նախիջևանի հատվածում այլ մարտավարություն է ընտրել:

«Մեր սահմանային իրավիճակի յուրաքանչյուր հատվածի համար մենք ունենք և ռազմավարություն, և պահի համար մարտավարություն։ Ինչ վերաբերում է կանխարգելման և զսպման մեխանիզմներին, ապա դրանք զուտ մասնագիտական խնդիրներ են, որոնք իրենց մեջ պարունակում են գաղտնիություն։ Ուզում եմ հավաստիացնել, որ պատասխանները շատ խիստ են լինում, շատ դեպքերում նույնիսկ կանխարգելում են»,- ասաց նախարարը՝ շարունակելով.- «Եթե հարցը վերջին զոհերի մասին, որ մենք ունեցանք նախիջևանյան հատվածում, ապա մեր մարտավարությունը այդտեղ այնպիսին է, որ ամեն ինչ անենք լարվածության ևս մեկ օջախ չստեղծելու համար»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG