Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ խուճապի մատնվելու կարիք չկա


Հայաստանի պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հայ - ադրբեջանական սահմանին իրավիճակը վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից, և խուճապի մատնվելու կարիք չկա։

«Հակառակորդը մի քանի օր շարունակ ապատեղեկատվության և քաղաքական սադրանքների միջոցով լարում առաջացրեց նախիջևանյան սահմանին, և երեկվա կրակոցների հետևանքով մենք երկու զինծառայող կորցրեցինք: Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է, իհարկե, և ինչպես այսօր էլ պաշտպանության նախարարը Անջեյ Կասպշիկի հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրավիճակը հղի է լուրջ հետևանքներով և Ադրբեջանի համար կարող է շատ ծանր լինեն այդ հետևանքները, եթե չհասկանա, չտանի որոշակի լիցքաթափման», - մեզ հետ զրույցում տեղեկացրեց պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով․ - «Դրդապատճառները՝ ինչպես եղավ, ինչու եղավ, չեմ կարող ասել՝ ավելի շատ քաղաքական գնահատականի խնդիր ունի: Մենք միայն կարող ենք ասել, որ սահմանի վրա իրավիճակը վերահսկում են ՀՀ զինված ուժերը, և պետք չէ մատնվել խուճապի, չկա ոչ մի զորահավաք, չկա ոչ մի տեղահանություն, չկա ոչ մի նման բաներ: 20 տարի շարունակ Զինված ուժերը ինչպես խնդիրը լուծել են՝ շարունակում են լուծել: Ցավոք, լինում են կորուստներ, որովհետև մենք մարտական իրավիճակում ենք՝ մենք պատերազմում ենք»:

Երեկ հրադադարի ռեժիմը խախտվել էր Նախիջևանի սահմանից, Երասխի ուղղությամբ, իսկ Նախիջևանի հետ Հայաստանի սահմանը մշտապես համարվել է շփման գծի համեմատաբար անվտանգ հատվածը։ Երեկվա կրակոցների զոհ են դարձել պայմանագրային երկու զինծառայողներ՝ Արարատի զինկոմիսարիատից զորակոչված 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը։ Սա ոչ թե ադրբեջանական կողմից դիվերսիայի փորձ է եղել, այլ, նախնական տեղեկություններով, դիպուկահարներն են կրակել մարտական հենակետի ուղղությամբ։ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ Նախիջևանի սահմանին լարվածությունը նորություն է, զինադադարի կնքումից ի վեր, նախարարի խոսնակի հավաստմամբ, սա հայ - նախիջևանյան սահմանին հրադադարի ռեժիմի խախտման բացառիկ դեպքերից է։

Մեր դիտարկմանը, թե կան մեկնաբանություններ, որ այնտեղ նաև Թուրքիան է ներգրավված, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց՝ «չի բացառվում»: Հարցին՝ իսկ դա ավելի վտանգավոր չէ՞, մեր զրուցակիցը արձագանքեց՝ «մեզ համար հակառակորդը միշտ վտանգավոր է»:

Հարցին՝ այսինքն պատերազմի վերսկսման հավանականությունը մեծանո՞ւմ է, ՊՆ խոսնակն արձագանքեց․ - «Այս պահին շատ ավելի հավանական, քան թե երե՞ք ամիս առաջ, մե՞կ ամիս առաջ՝ շատ չի տարբերվում»:

Համացանցում և մամուլում էին տարածվել նման տեղեկություններ, թե Նախիջևանի սահմանակից այդ տարածքից բնակչությանը տարհանում են, ինչը նախարարությունը պաշտոնապես հերքում է:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի շուրջ, այստեղ տեսնում էր Թուրքիայի անմիջական ազդեցությունը:

«Նախիջևանի հատվածում շատ քիչ են եղել կոնֆլիկտային այդպիսի իրավիճակներ, շատ քիչ, և սա շատ մտահոգիչ է մի քանի պատճառներով. առաջինը՝ Թուրքիան այնտեղ ունի սպայական բարձրաստիճան կազմ, խորհրդատուներ, այնպես որ՝ դա առանց նրանց տեղեկության լինել չէր կարող։ Երկրորդ՝ Նախիջևանը Ղարաբաղյան ճակատ չէ, Հայաստանի սահման է»,- նշեց Շիրխանյանը։

Անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվել էր առանձին զորամիավում, որը կոչվում է «Առանձին համազորային բանակ»։ Թե որոնք են դրա գործառույթները՝ հստակ չէ։ Հայաստանյան լրատվամիջոցները, այսօր հիշեցնելով այս մասին, եզրակացրել են, որ Նախիջևանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման երեկվա դեպքի արմատները պետք է այդտեղ փնտրել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ այս առիթով այսօր ասել է, որ համազորային բանակի ձևավորման ընթացքում հայկական կողմը միշտ տեղեկություն ունեցել է Թուրքիայի կողմից աջակցության, այդ տարածքում վարձկանների առկայության, փոքր ստորաբաժանումների առկայության մասին:

Վահան Շիրխանյանն ընդգծեց, որ Նախիջևանը հատուկ կարգավիճակ ունի Ադրբեջանի կազմում, այն և՛ Թուրքիայի անմիջական ուշադրության կենտրոնում է, և՛ Ադրբեջանի, որովհետև՝ «իրենք հասկանում են, որ Հայաստանի համար ամենավտանգավոր զարգացումները կարող են լինել Նախիջևանի կողմից»։

«Հայաստանը պետք է անի համապատասխան քայլեր»,- ընգծեց նա,-«Առաջինը՝ շատ զգոն հսկողության տակ պիտի պահի ամբողջ Նախիջևանի տարածքը, և երկրորդը՝ պետք է հայտարարի, որ սրանով Ադրբեջան-Թուրքիան Հայաստանին ուզում են ասել, որ սպառնալիքը նույնանում է՝ Ադրբեջանից՝ Ղարաբաղի, Նախիջևան-Թուրքիայից՝ Հայաստանի նկատմամբ, այսինքն սպառնալիքի նույնացման խնդիր է դրված»:

Այս զարգացումների և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հեռանկարի միջև Վահան Շիրխանյանը ուղիղ կապ էր տեսնում, համոզմունք հայտնելով, որ Բաքուն փորձում է խոչընդոտել այդ գործընթացին:

«Իրենք ուզում են աշխարհին ապացուցել, որ՝ մենք պատրաստ ենք ամեն ինչի, եթե դուք մեր օգտին ղարաբաղյան խնդիրը չլուծեք»,- նշեց նա։
XS
SM
MD
LG