Մատչելիության հղումներ

Տեր-Թադևոսյան․ «Հայկական ուժերը պատրաստվում են շոշափելի հարվածներ հասցնել»


Արկադի Տեր-Թադևոսյան, արխիվ

Արկադի Տեր-Թադևոսյան, արխիվ

«Ադրբեջանն այն ռեսուրսը չունի, որպեսզի կարողանա միայնակ փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում», - համոզված է պաշտոնաթող գեներալը:

Հայկական ուժերը պատրաստվում են շոշափելի հարվածներ հասցնել ադրբեջանական կողմին, և այդ ուղղությամբ նախապատրաստություններն ընթացքի մեջ են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտոնաթող գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ նշելով, թե «ինքը նման տեղեկություններ ունի»:

Հիշեցնենք՝ հունիսի 5-ին Նախիջևանի հետ սահմանին հակառակորդի կրակոցից սպանվեցին հայկական բանակի պայմանագրային երկու զինծառայողներ՝ Արարատի զինկոմիսարիատից զորակոչված 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը: Տեղի ունեցածը լայն արձագանք ստացավ հանրությունում: «Իրավիճակի սրումը հղի է Ադրբեջանի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ», - ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հունիսի 6-ին կայացած հանդիպմանը հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Եթե մերոնք առաջիկայում պատասխան հարվածներ չհասցնեն, ադրբեջանցիները կհամարեն, որ մենք թուլացել ենք: Պետք է միայն հարվածներ հասցնել, ընդ որում՝ շոշափելի հարվածներ: Ես ոչ միայն սպասում եմ, այլև գիտեմ, որ նման հարված նախապատրաստվում է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Լեռնային Ղարաբաղի բարձրագույն՝ «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Տեր-Թադևոսյանի խոսքով, Ռուսաստանից սպառազինություն գնելով ու սահմանին նման քայլերի դիմելով՝ Ադրբեջանը նպատակ ունի ճնշում գործադրել Հայաստանի և միջազգային միջնորդների վրա, որպեսզի բանակցային գործընթացում հնարավորինս ընդառաջ գնան Բաքվի ցանկություններին:

«Նպատակը պատերազմ սկսելը չէ: Հաշվի առնելով Ադրբեջանի պարտավորություններն ու առաջիկա տարիների ծրագրերը միջազգային էներգետիկ ոլորտում, հայկական ուժերի մոտ առկա սպառազինությունը, ուժերի հարաբերակցությունը, հայ - ռուսական պայմանավորվածությունները, միջազգային հանրության՝ ԱՄՆ-ի, Եվրամիության ու Իրանի, բացասական մոտեցումը Ղարաբաղում ստատուս քվոն ուժով փոխելու որևէ նախաձեռնության հետ կապված, չեմ կարծում, որ Բաքվում նպատակ են հետապնդում պատերազմ սկսել», - ասաց պաշտոնաթող գեներալը:

Նրա համոզմամբ՝ «Ադրբեջանն այն ռեսուրսը չունի, որպեսզի կարողանա միայնակ փոխել ուժերի հարաբերակցությունը Հարավային Կովկասում, ուր ներկայացված են նաև գերտերությունները, իսկ պատերազմը նշանակում է, որ դու անտեսում ես գոյություն ունեցող շահերը և ուզում ես փոխել իրավիճակը»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG