Մատչելիության հղումներ

Սիրիահայ կշեռքների մասնագետը` տաքսիստ անծանոթ Երևանում


39-ամյա Մկրտիչ Մինասյանը Հալեպից 8 ամիս առաջ է հայրենիք տեղափոխվել ու անմիջապես անցել գործի։ Բայց փորձառու արհեստավորը, ով Սիրիայի տարբեր քաղաքներում էլեկտրոնային կշեռքների մասնագետ էր, հայրենիքում ընտանիքը պահելու համար ընտրել է իրեն անծանոթ, խորթ աշխատանքը։ Չորս ընկերներով միացել ու հարազատ Հալեպի անունով նոր տաքսի ծառայություն են բացել։ Արդեն ունեն իրենց հաճախորդները:

«Սկզբում ճանապարհները չգիտեի: Շատ մարդիկ, որ նստում էին, ասում էի` խնդրում եմ ցույց տաք ճանապարհը: Շատ սիրով ցույց էին տալիս», - պատմում է Մինասյանը:

Մկրտիչն ասում է, թե կյանքում մտքով էլ չէր անցնի, որ մի օր տաքսի կվարի, այն էլ հարազատ Սիրիայից հեռու անծանոթ Երևանում։

«Կյանքն է ստիպում պատերազմի վախը դեռևս չթոթափած` ոտքի կանգնել ու անցնել գործի»,-ասում է Մկրտիչն ու նշում, որ անհամեմատելի է Հալեպի ու Երևանի կյանքը։

Լավ աշխատանքից, բարեկեցիկ կյանքից հետո Մկրտիչն, ինչպես և հայրենիք տեղափոխված սիրիահայերից շատերը, հազիվ օրվա հաց է վաստակում։ Օրական աշխատում է մինչև19 ժամ, որ կարողանա ծայրը ծայրին հասցնել։ Կյանքը հայրենիքում թանկ է, գործ գտնելը դժվար, այս է պատճառը, որ հալեպահայ տաքսիստը չի դժգոհում նոր աշխատանքից, այլ փորձում է հաղթահարել դժվարությունները: Պատահել է` տուգանվել Հայաստանի ծանրաբեռնված երթևեկության խնդիրները հաղթահարելու ճանապարհին, երբեմն էլ` արժանացել է ոստիկանության ներողամիտ վերաբերմունքին։

«Մեծ տղաս պետական համալսարան է ուսանում: Իսկ մյուսն էլ 12-րդ դասարան է: Իրենք առավոտ պարապում են համալսարանում և դպրոցում, կեսօրից հետո էլ մատուցող են աշխատում, որ օգնեն մի քիչ», - պատմում է Մկրտիչ Մինասյանը, - «Կարող եմ ասել, որ այս ժողովրդի նման յոլա ենք գնում»:

Դժվարություններն աստիճանաբար պակասում են, «Հալեպի» տաքսիստները ծանոթանում են Երևանի փողոցներին։

Անցած տոներին «Հալեպ» տաքսի ծառայությունը ևս աշխատել է։ Ամանորի վաստակից գոհ են։

«Մենք Աստծուց մեկ բան ենք խնդրում, որ մեր քաղաքը խախանդվի, մենք վերադառնանք այն կյանքին, որ ապրում էինք», - հալեպահայերի անունից խոսում է Մկրտիչը:

Հալեպ տաքսի ծառայության հիմնադիրները մտադիր են ընդլայնել իրենց գործը՝ նոր ավտոմեքենաներ ձեռք բերել, նոր վարորդներ ընդունել աշխատանքի։ Բայց Մկրտիչ Մինասյանի երազանքն է շարունակել Հալեպի իր գործը. առայժմ հնարավորություն չկա։
XS
SM
MD
LG