Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանը ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից


Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Սյունիքի մարզպետի հրաժարականը։

Պաշտոնից ազատվելու դիմումը Սուրիկ Խաչատրյանն այսօր առավոտյան է ներկայացրել, եւ գործադիրի նախապես հրապարակված օրակարգում հարցն ընդգրկված չէր։

Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրացուցիչ հարցերի քննարկմանը ներկայացրեց մարզպետի դիմումը։

Որեւէ լրացուցիչ մեկնաբանություն այսօրվա նիստում չհնչեց, մինչդեռ, հիշեցնենք, մարզպետի տան մոտ հունիսի մեկին տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո Սուրիկ Խաչատրյանը հայտարարել էր, թե որոշել է ժամանակավորապես թողնել մարզպետի իր լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իր վերադաս մարմնից ստացել է թույլտվություն, իսկ կառավարությունն էլ մինչեւ օրս չէր մեկնաբանում, թե ինչ է նշանակում՝ ժամանակավորապես թողնելը այն դեպքում, երբ Սահմանադրությունը նման բան չի նախատեսում։

Թեեւ գործադիրն այսօր շրջանցեց պաշտոնից ժամանակավորապես ազատելու հարցը, մարզպետին միանգամից պաշտոնանկ անելով, այդուհանդերձ քաղաքացիական ակտիվիստները, ովքեր այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջեւ, գոհ չէին այս որոշումից։

Ակտիվիստ Դավիթ Սանասարյանի փոխանցմամբ, իրենց պահանջն է, որ Սուրիկ Խաչատրյանը քրեական պատասխանատվության ենթարկվի։

«Եթե իր տղան է, կամ իր անվտանգության աշխատակիցն է՝ իր թույլտվությամբ են արել։ Մթնոլորտի ստեղծողը ինքն է։ Ի՞նչ եք կարծում, ինչ-որ պատահական քաղաքացի կարո՞ղ է զենք վերցնել ու կրակել։ Ոչ, այդ մարդիկ գիտեն, որ դրա համար իրենք պատասխանատվության չեն ենթարկվելու։ Եթե այս պատիժը չլինի, եթե մարդիկ ոչ թե բեմադրության արդյունքում պաշտոնից դուրս գան, այլ պատասխանատվություն կրեն իրենց արած ամեն ինչի համար, միանշանակ այնտեղ ուրիշ մեկի հետ էլ է պատահելու», - կարծիք հայտնեց Սանասարյանը։

Կառավարության շենքի առաջ հավաքված ակտիվիստները հիշեցնում էին, որ նախկինում էլ Սյունիքի մարզպետի հանցագործություններն անպատիժ են մնացել: Նրանց վրդովվեցրել էր զինդատախազի պնդումը, թե Սուրիկ Խաչատրյանը դեպքի վայրում չի եղել եւ կարծիք էին հայտնում, որ դա նշանակում է` գործը հենց սկզբից սխալ հունով է ընթանում:

Սուրիկ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով ստեղծված նախաձեռնությունը մտադիր է բողոքի ակցիաներ անցկացնել նաեւ հենց Սյունիքում` Գորիս եւ Կապան քաղաքներում:

Դավիթ Սանասարյանի խոսքով, տեղացիների հետ կապի մեջ են, եւ ընդվզում կա` չնայած վախի մթնոլորտին:
XS
SM
MD
LG