Մատչելիության հղումներ

Զինդատախազ. Սյունքի մարզպետարանի քայլը «նախաքննության տվյալների հրապարակում չէ»


Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյան
Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյան
Սյունիքի մարզպետարանի կողմից Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի տեսագրության սղագրումն ու տարածումը նախաքննության տվյալների հրապարակում չէ, քանի որ մինչեւ տեսագրության առգրավումը այն գտնվել է Խաչատրյանի ընտանիքի անդամների տրամադրության տակ: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:

«Դատավարական տեսակետից, քանի որ այդ տեսաձայնագրությունը մինչեւ նախաքննության մարմնի կողմից առգրավվելը, բնականաբար, եղել է մասնավոր անձանց, այս դեպքում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամների տրամադրության տակ, հետեւապես մենք դա չենք կարող դիտել որպես նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների եւ տվյալների հրապարակում, եւ դատավարական տեսակետից ես դրան արձագանք չեմ կարող տալ», - ասաց Կոստանյանը` հավելելով. - «Բայց, այնուամենայնիվ, պետական մարմնի կողմից իր իրավասությանը չվերաբերող հարցերի կապակցությամբ տեղեկատվության հրապարակումը ես անընդունելի եմ համարում եւ ոչ կոռեկտ»:

Պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է առգրավվել տեսագրությունը, զինդատախազն ասաց, թե դեպքից ժամեր անց: Մյուս հարցին, թե այդ դեպքում մի քանի ժամում ինչպե՞ս են մարզպետարանի աշխատակիցները կարողացել դիտել տեսագրությունը եւ անգամ սղագրել այն, Կոստանյանը պատասխանեց, թե այդ մի քանի ժամվա ընթացքում նրանք կարող էին դիտել, անգամ պատճենահանել տեսագրությունը: Եթե մարզպետարանի աշխատակիցները կարող էին այդ մի քանի ժամում դիտել, անգամ պատճենահանել, ապա չէին կարո՞ղ նաեւ մոնտաժել տեսագրությունը. այս հարցադրմանն ի պատասխան` զինդատախազն ասաց, թե գործնականում դա բացառում է:

«Չեմ կարծում, որ այդքան կարճ ժամանակահատվածում որեւէ մոնտաժման հնարավորություն լիներ, որովհետեւ ա. ժամանակն էր կարճ, բ. տեխնիկական հնարավորությունները, վստահ եմ, որ բացակայում են, որը հնարավորություն կտար նրանց մոնտաժելու», - ասաց Կոստանյանը:

Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանն էլ, Սյունիքի մարզպետարանի կողմից տեսագրության սղագրության տարածմանն անդրադառնալով, ասաց, թե չլիազորված մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումը փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ անթույլատրելի է: Հարցին, թե այդ դեպքում արդյոք դա պատժելի արա՞րք չէ, Տռուզյանը պատասխանեց. - «Եթե խոսքը գնում է որեւէ պետական մարմնի կողմից ոչ իր լիազորություններին, գործառույթներին վերաբերող պաշտոնական հաղորդագրության տարածմանը, ապա դա արդեն դատախազության գործառույթներից դուրս է: Թերեւս այդ հարցի մեկնաբանության եւ գնահատականի համար դուք պետք է դիմեք այլ պետական մարմնի: Չեմ կարող ասել, թե որ պետական մարմինը պետք է անդրադառնալ այս հարցին` կառավարությունը՞, տարածքային կառավարման նախարարությունը՞, թե՞ որեւէ այլ գերատեսչություն»:

Գորիսյան արյունալի դեպքից հետո, երբ անգամ նախաքննական մարմինը որեւէ տեղեկատվություն չէր տրամադրում Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած տեսագրությունից, Սյունիքի մարզպետարանը երեկ անակնկալ կերպով հայտարարություն տարածեց, թե մարզպետարանի աշխատակիցները Սուրիկ Խաչատրյանի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը եւ ներկայացրել տեսագրության իրենց սղագրությունը:

Մարտական ֆիլմ հիշեցնող այդ սղագրության համաձայն` առաջինը կրակել են Բուդաղյան եղբայրները, մասնավորապես, գնդապետ Արտակ Բուդաղյանը: Թե ովքեր են կրակել Բուդաղյանների վրա եւ նրանցից մեկին սպանել, մյուսին` վիրավորել, անհայտ է: Սղագրության համաձայն` կրակողները տեսապատկերում չեն երեւում: Ստացվում է, որ երբ Բուդաղյանները կրակում են, երեւում է, իսկ երբ նրանց վրա են կրակում, մեկին էլ սպանում, չի երեւում:

Ուշագրավ է, որ ըստ այս սղագրության` տեսապատկերներում Սյունիքի մարզպետը ընդհանրապես չի երեւում, թեեւ նա տանն է: Մինչդեռ նրա կինը` Լորետա Բարսեղյանը, ակտիվ դերակատարություն է ունենում` փորձելով կանխել կրակոցները եւ «երեք կրակոցի ուղղություն, կարծեք, հաջողվում է փոխել», պնդում են մարզպետարանի աշխատակիցները:

Ի դեպ, ըստ մարզպետարանի աշխատակիցների տեսագրությունը անձայն է: Եթե այդպես է, ապա հարց է առաջանում, թե ինչպե՞ս է մարզպետարանի շարքային աշխատակիցներին հաջողվել պարզել, որ տիկին Լորետային հաջողվել է փոխել հենց երեք կրակոցի ուղղություն, այլ ոչ թե, ասենք, հինգ կրակոցի, երբ անձայն տեսագրության մեջ կրակոցների քանակը որոշելը լուրջ ունակություններ է պահանջում: Հարց է նաեւ այն, թե ինչպե՞ս կարող էր Սուրիկ Խաչատրյանը ոչինչ չլսել եւ չտեսնել, երբ նրա տան մոտ նման մարտեր էին ընթանում:

Հաշվի առնելով, որ այսօր կառավարությունը ընդունել է մարզպետի առավոտյան ներկայացրած հրաժարականը, զինդատախազը Գեւորգ Կոստանյանին հարցրեցինք, թե հնարավո՞ր է, որ արդեն նախկին մարզպետը ներգրավվի քրեական գործում որպես մեղադրյալ:

«Անկախ նրա հրաժարականի դիմում ներկայացնելու կամ ընդունելու փաստից, այդ գործընթացը ընթանալու էր, եւ եթե հիմքեր լինեին մարզպետին մեղադրանք առաջադրելու կամ որեւէ այլ կերպ քրեական գործում ներգրավելու, բնականաբար, դա տեղի էր ունենալու: Վերջինիս պաշտոնանկությունը որեւէ կապ չունի քրեադատավարական պրոցեսի հետ: Բոլոր վարկածներն էլ քննվում են եւ քննության փուլում առաջ քաշված բոլոր հնարավոր վարկածները կամ կհերքվեն, կամ կհաստատվեն: Ըստ այնմ` պարզ կլինի քրեական հետապնդում կհարուցվի այս կամ այն այլ անձի նկատմամբ, թե` ոչ», - վստահեցրեց զինդատախազը:
XS
SM
MD
LG