Մատչելիության հղումներ

Կառավարությունը դեռեւս չի պարզաբանել Սյունիքի մարզպետի հայտարարությունը


Սուրեն Խաչատրյան
Սուրեն Խաչատրյան
Կառավարությունն արդեն մի քանի օր է` լռություն է պահպանում եւ որեւէ պարզաբանում չի տալիս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարության հետ կապված։

Գորիսյան արյունալի միջադեպից հետո, երբ մարզպետի տան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով Գորիսի զորամասի հրամանատարն է, ծանր վիրավորվեց, Սյունիքի մարզպետը հայտարարություն տարածեց, նշելով, որ որոշել է թողնել մարզպետի իր լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իր վերադաս մարմնից ստացել է թույլտվություն:

Թե ո՞վ է վերադասը, որից Սուրիկ Խաչատրյանը թույլտվություն է ստացել եւ ինքնակամ որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր լիազորությունները, անհայտ է։ Որեւէ պետական մարմին առ այսօր չի ստանձնել այդ վերադասի պատասխանատվությունը։ Մինչդեռ, Սահմանադրության 88.1 հոդվածի համաձայն, մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ, իսկ կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ մարզպետը արձակուրդում է, ապա նախագահի հրամանագրի համաձայն, նրան արձակուրդ տրամադրում է կրկին վարչապետը, եւ այս պարագայում առնվազն տարօրինակ է վարչապետի լռությունը։ Ստացվել է մի իրավիճակ, որ մի ամբողջ մարզի ղեկավար որոշել է ժամանակավորապես դադարեցնել իր լիազորությունները, բայց անհայտ է, թե ինչ հիմքով եւ որ օրենքով։ Անհայտ է նաեւ, թե ո՞վ է այժմ կատարում մարզպետի պարտականությունները։ Մարզպետարանից այսօր էլ մեզ փոխանցեցին, որ Սուրիկ Խաչատրյանը աշխատանքի չի եկել։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, պետաիրավական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը գրավոր դիմել է վարչապետին, նրան տալով 6 հարց, մասնավորապես՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը շարունակո՞ւմ է կատարել մարզպետի լիազորությունները, թե՞ ոչ, վերադաս մարմնից ստացած թույլտվության մասին վարչապետը տեղեկացվա՞ծ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ր վերադաս մարմնի մասին է հայտարարում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, արդյոք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը գտնվում է արձակուրդի՞ մեջ, թե՞ ոչ, արդյոք մարզպետը աշխատանքից բացակայելու հիմքերի մասին որեւէ փաստաթուղթ ներկայացրե՞լ է, արդյոք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազատման մասին կառավարության որոշում առկա՞ է, թե՞ ոչ։

Նշենք, որ վարչապետը պատգամավորի հարցերին կարող է պատասխանել 10-օրյա ժամկետում, սակայն Զարուհի Փոստանջյանը խնդրել է արձագանքել հնարավորինս արագ։

Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյան
«Հնարավոր է՝ լինեն իրավական հիմքեր ժամանակավոր դադարեցնելու իր լիազորությունները։ Բայց վերադասը ո՞վ է՝ մենք չգիտենք, վերադասը ինչի՞ կապակցությամբ է թույլ տվել, եթե տեղի է ունեցել սպանություն եւ մի անձի էլ ծանր հրազենային մարմնական վնասվածքներ են հասցրել, ապա սա իրավական հիմք չի կարող հանդիսանալ տվյալ անձի լիազորությունները ժամանակավոր դադարեցնելու համար։ Երկու օր է անցել՝ կառավարությունը որեւէ կերպ չի անդրադառնում, թե որո՞նք են հիմքերը, թեպետ այս հարցը հուզում է հասարակությանը։ Եվ հաշվի ենք առնում նաեւ, որ ինչի մեջ է նաեւ հասարակության կողմից կասկածվում Սուրեն Խաչատրյանը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանեց Զարուհի Փոստանջյանը։

Մեր տեղեկություններով, վաղը կառավարության նիստում նախատեսվում է, որ վարչապետը կանդրադառնա Սյունիքի մարզպետի ինքնակամ ժամանակավոր հրաժարականին։
XS
SM
MD
LG