Մատչելիության հղումներ

Լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած Սյունիքի մարզպետի որդին եւ թիկնապահը կալանավորված են:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը նրանց նաեւ մեղադրանքներ է առաջադրել Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով: 19-ամյա Տիգրան Խաչատրյանը եւ 25-ամյա Զարզանդ Նիկողոսյանը մեղադրվում են շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ: Փաստորեն, ըստ քննչական մարմնի, հունիսի 1-ին մարզպետի որդին եւ թիկնապահը Բուդաղյան եղբայրների վրա տանը պահվող ապօրինի զենքից են կրակ բացել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Խաչատրյանի եւ Նիկողոսյանի նկատմամբ նշանակված երկամսյա կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունները: Նման նախաձեռնությամբ կասկածյալների փաստաբաններն են հանդես եկել. կասկածյալներն այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում են, հայտնում է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած դեպքի հետեւանքով, հիշեցնենք, անցած շաբաթ օրը զոհվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը: Վիրավորվել էին նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը եւ Նիկոլայ Աբրահամյանը, ով մարզպետի ազգականն ու թիկնապահն է: Դեպքը երեկոյան է տեղի ունեցել, Սդղի լճի մերձակայքում կազմակերպված ճաշկերույթից հետո, որին ի դեպ, մի շարք պաշտոնյաներ են մասնակցել, նրանց թվում` Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ներկա են եղել նաեւ սպանված Ավետիք Բուդաղյանն ու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Տարածված տեղեկությունների համաձայն` նրանց մեջ հենց այդ ճաշկերույթի ժամանակ է վեճ ծագել, ինչից հետո էլ երեկոյան Ավետիք Բուդաղյանը հայտնվել է Սուրիկ Խաչատրյանի տանը: Երեք անչափահաս երեխաների հայր, հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանին այսօր հուղարկավորեցին:

Իսկ Գորիսից Երեւան` Զինվորական հոսպիտալ տեղափոխված Արտակ Բուդաղյանը վերակենդանացման բաժանմունքում է: Սպային երկու անգամ արդեն վիրահատել են, հնարավոր է` էլի վիրահատեն: Չնայած վիրավորված սպան գիտակցության է եկել, բայց բժիշկները նրա առողջական վիճակը ծանր կայուն են գնահատում: Բուդաղյանի մոտ մուտքն արգելված է. ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Զինվորական հոսպիտալում, նա մինչեւ այժմ տեղյակ չէ, որ եղբայրը սպանվել է: Նրա հետ միայն կինն է շփվել է, իսկ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ կարճատեւ զրույց է ունեցել: Բժիշկները խորհուրդ չեն տալիս Բուդաղյանին եղբոր մահվան մասին հայտնել:

Զինված ուժերի սպան կրծավանդակից ներքեւ է վիրավորում ստացել, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Զինվորական հոսպիտալում Բուդաղյանին վիրահատած բժիշկ Սեւակ Շահբազյանը:

«Հիվանդի մոտ եղել է որովայնի բութ, գնդակային կույր վիրավորում. դա նշանակում է, որ գնդակը դեռ Արտակի որովայնում էր, սակայն երեկ այն տեղային անզգայացմամբ հեռացվել է: Մեկ գնդակ ենք հեռացրել, Գորիսում վիրահատության ենթարկվել է, լյարդի պատռված վերքն են կարել, որից հետո հիվանդը տեղափոխվել է մեզ մոտ: Ըստ էպիկրիզի տվյալների` այնտեղ գնդակ չեն հեռացրել մարմնից», - ասաց Շահբազյանը` հավելելով. - «Հաշվի առնելով այն, որ հիվանդի վիճակը գնահատվում է ծանր կայուն, հետեւաբար ամեն պահի մենք կարող ենք հետվիրահատական բարդության հետ առնչվել, ինչը նշանակում է, որ կարող է եւս մեկ կամ երկու անգամ վիրահատության հարց ծագել»:
XS
SM
MD
LG