Մատչելիության հղումներ

Սուրեն Խաչատրյանը ժամանակավորապես թողել է մարզպետի լիազորությունները


Գորիսում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանությունից երկու օր անց Խաչատրյանը հանդես է եկել հայտարարությամբ։

«Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում եւ Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին», – ասված է Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում, – «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը եւ արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլեւս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»:

Սուրիկ Խաչատրյանն այսօր աշխատանքի չի ներկայացել Գորիսի նստավայր, վկայեց մարզպետի օգնականը Գորիսում։ Խաչատրյանի քարտուղարուհին Կապանի նստավայրից հայտնեց, որ մարզպետը աշխատանքի չի ներկայացել նաեւ Կապան։ Նա չի պատասխանում հեռախոսազանգերին։

Առայժմ հստակ չէ, թե Սուրիկ Խաչատրյանը կոնկրետ ո՞ր վերադաս մարմնից է թույլտվություն ստացել լիազորությունները մինչեւ նախաքննության ավարտը դադարեցնելու համար. «Ազատություն» ռադիոկայանը պարզել է, որ ոչ վարչապետը, ոչ էլ տարածքային կառավարման նախարարը առայժմ Սուրեն Խաչատրյանից որեւէ դիմում չեն ստացել։ Օրվա ընթացքում լուրեր էին շրջանառվում, թե Սյունիքի մարզպետը փորձել է հանդիպել Հայաստանի նախագահին, բայց դա նրան չի հաջողվել։ Նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, ըստ էության, չի հերքել այդ լուրը։

Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով Գորիսի զորամասի հրամանատարն է, կրծքավանդակից ներքեւ ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։

Փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, եւ թիկնապահը՝ Զարզանդ Նիկողոսյանը։

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի հարազատները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեցին, որ տեղի ունեցածի համար մեղավոր է Սյունիքի մարզպետը։ Նրանք նշում էին, որ սպանված Ավետիք Բուդաղյանը Գորիսում միակ մարդն էր, ով 2010 թվականին համարձակվել էր թեկնածությունն առաջադրել մարզպետի հովանավորությունը վայելող գործող քաղաքապետի՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նելսոն Ոսկանյանի դեմ։ Գորիսի քաղաքապետի հաջորդ ընտրությունները նախատեսված են եկող տարի։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գորիսի քաղաքապետը «ցավալի փաստ» որակեց տեղի ունեցածը։

«Խնդրում եմ, մի քաղաքականացրեք։ Սա պատահական երեւույթ է։ Մեղավորը ո՞վ է՝ մեղավորը կպարզվի», - հավելեց Նելսոն Ոսկանյանը։ - «Ինչո՞ւ այսօր Ամերիկայում 14 մարդու սպանում են, պատահար չէ, Գորիսում մի դեպք եղել է... պատահար է, ցավալի պատահար է։ Պատահար լինում է, բայց եթե ասեք ընդհանուր առմամբ այդպիսի դրություն կա, այդպիսի դրություն չկա։ Ամենաանվտանգ քաղաքը Գորիսն է»։

Նշենք, որ շարքային գորիսեցիները խուսափում էին հրապարակային հայտարարություններ եւ գնահատականներ հնչեցնել։
XS
SM
MD
LG