Մատչելիության հղումներ

Սիրիայում կրկին հայ է զոհվել


Հալեպը ռմբակոծությունից հետո, 24-ը սեպտեմբերի, 2012
Հալեպը ռմբակոծությունից հետո, 24-ը սեպտեմբերի, 2012
Սիրիայում շարունակվող բախումների հետեւանքով կրկին հայ է զոհվել: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռեիսյանը սպանվածը Վարդան Մութաֆյանն է: Նա բնակվում էր Դեր Զորում, սակայն այնտեղի վիճակի վատթարացման պատճառով տեղափոխվել էր Հալեպ` փորձելով ավելի ապահով վայրում ապրել:

«Երեկվա պայթյունից չորս մահացածներից մեկը Մութաֆյանն էր, կան տասնյակ վիրավորներ, որոնցից մեկը հայուհի է: Բոլոր վիրավորները այժմ բժշկական խնամքի տակ են», - ասաց Ռեիսյանը:

Այսպիսով Սիրիայում ծավալված արյունալի բախումների հետեւանքով զոհվել է ավելի քանի երկու տասնյակ սիրիահայ: Հարցին, թե արդյոք հայաշատ թաղամասերում սիրիահայերը փորձո՞ւմ են ինքնապաշտպանության դիմել, Հալեպի առաջնորդարանի խոսնակն ասաց, թե մարդիկ սպանվում են ոչ թե հարձակումներից, այլ ռումբերի պայթյուններից, որոնցից պաշտպանվել հնարավոր չէ:

«Ավելի շատ պատահական ռումբերն են, որոնք անակնկալի կարող են բերել եւ զոհեր խլել: Մեր հաստատությունների եւ մեր դեմ ուղղակի հարձակում չի եղել», - ասաց նա:

Հալեպի առաջնորդարանի մամուլի խոսնակ ասաց, թե հայերից կազմված ինքնապաշտպանական ջոկատների կարիք չկա, քանի որ հայկական համայնքին որեւէ վտանգ չի սպառնում, եւ համայնքը որեւէ մեկի համար թիրախ չէ:

«Սակայն քաղաքի մեջ կան թաղային ինքնապաշտպանության խմբեր, որոնք քաղաքացիներից են կազմված եւ որոնց մեջ եթե պատահական հայ եղած լինի, ազգը դրա մեջ դերակատարություն չունի եւ ոչ էլ կազմակերպող կողմ է: Մենք որեւէ մի կողմի թիրախ չենք, որպեսզի այդ նախազգուշական եւ ինքնապաշտպանական միջոցառումների մաս կազմենք եւ դեմ ենք եղբայրասպան որեւէ կռվի: Մեզ համար կա մեկ սիրիացի ժողովուրդ, եւ կողմերի գաղափարը ինքնաբերաբար մեզ համար խորթ է», - ասաց Ռեիսյանը:

Նա հավելեց, որ սիրիահայ համայնքը նաեւ նյութական մեծ կորուստներ է կրում, քանի պայթյուններից ավերվում են բնակելի տներ, խանութներ, եւ շատ մարդիկ հայտնվել են ծանր վիճակում:

Մեծի Տանն Կիլիկոս Արամ Առաջին կաթողիկոսի կոչից հետո սիրիահայերին օգնելու պատրաստակամություն են հայտնել տարբեր երկրների հայ համայնքներ, հայկական կազմակերպություններ: Խոստացված դրամական միջոցները, սակայն, դեռ տեղ չեն հասել:

«Հավաքված գումարները Սիրիա կամ Հալեպ չեն հասել», - նշեց Ռեիսյանը` միաժամանակ վստահություն հայտնելով, որ դրանք «հարմար փոխանցումով կկատարվեն»:

Սիրիահայերին օգնություն տրամադրելու նպատակով, հիշեցնենք, հասարակական կազմակերպություն էր ստեղծվել նաեւ Հայաստանում` «Օգնի'ր եղբորդ»: ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ) անցած շաբաթ հրավիրած ասուլիում ասել էր, որ նախաձեռնության շրջանակներում մոտ օրերս ինքնաթիռով մարդասիրական օգնություն կուղարկվի Սիրիա:

Այդ օգնությունը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, առայժմ Սիրիա չի հասել: Պատճառն այն է, որ հավաքվել է ավելի շատ բեռ, կան կարող էր տանել նախատեսված ինքնաթիռը, ուստի իրենք այժմ ինքնաթիռի հարցն են լուծում:

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) անդամ, Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի քաղաքական մարմնի անդամ Վազգեն Յակուբյանը այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ՀԲԸՄ-ն օգոստոսի 1-ին որոշում է կայացրել մեկ միլիոն դոլար տրամադրել սիրիահայերի կարիքների համար: Նրա փոխանցմամբ, որոշվել է նաեւ Հայաստանում ստեղծել սիրիահայերի խնդիրները համակարգող հասարակական կազմակերպություն, որի գործունեության համար միության արդեն տարածք է տրամադրել:

«Այդտեղ Հայաստանում գտնվող սիրիահայերը կարող են հավաքներ ունենալ, հանդիպումներ, քննարկել իրենց հուզող հարցերը: Հաշվի առնելով, որ Հայաստանում ապաստանած սիրիահայերի մեծամասնությունը աշխատանք չունենալու պատճառով չեն կարող վճարել բնակարանների վարձավճարները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը պատրաստակամություն է հայտնել այդ հարցում աջակցել այն սիրիահայերին, որոնք ապրում են Երեւանից դուրս», - հայտարարեց Յակուբյանը:
XS
SM
MD
LG