Մատչելիության հղումներ

Գեւորգ Փայասյանի հայրը` Ասատուրը, ընդամենը 15 տարեկան էր, երբ ստիպված էր փախչել իր հարազատ Այնթապից, որը գտնվում է ժամանակակից Թուրքիայի հարավ-արեւելքում:

Նրա ամբողջ ընտանիքը սպանվել էր օսմանյան զորքերի կողմից Անատոլիայում 1915-1922 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանության եւ տեղահանության տարիներին։

Միայնակ նա ոտքով կտրում-անցնում է մոտ 130 կմ` ապաստան գտնելով սիրիական Հալեպ քաղաքում: Ասատուրից անկախ, հրաշքով փրկվում է նաեւ նրա 9-ամյա քույրը՝ Նեկտարը, անցնելով նույն ճանապարհը:

Հալեպում Ասատուրը գտնում է քրոջը: Այստեղ ուսում է ստանում, ընտանիք կազմում, հիմնում սեփական ձիաբուծարանը:

Սակայն նրա որդու` ռադիոսարքավորումներով զբաղվող 69-ամյա գործարար Գեւորգի համոզմամբ, իր հայրը, երախտապարտ լինելով Սիրիային իր ժողովրդին «ողորմած գրկաբացությամբ» ընդունելու համար, մինչեւ կյանքի վերջը չի կարողացել ձերբազատվել այն խորը վերքից, որ թողել էր սեփական տան ու ընտանիքի ոչնչացման տեսարանը:

«Հայրս միշտ հիշում էր Այնթապի հայրական տունը», - ասում է նա, - «Պատմում էր, թե ինչպես է փախել թուրքերից ու հասել Սիրիա: Թուրքերը սպանել են նրա ծնողներին, հարազատներին: Եվ միայն ինքն ու քույրն են փրկվել»:

Եվ ահա՝ գրեթե մեկ դար անց, արդեն որդին է փախչում՝ հեռանալով մի քաղաքից, որն իր հորը ժամանակին տվեց անվտանգ ապաստան, քանի որ 17-ամսյա արյունալի մարտերը Սիրիայի կառավարական զորքերի եւ ընդդիմադիր ապստամբների միջեւ մոտենում են Հալեպին:

Հարուստ պատմություն, անորոշ ապագա


Հալեպի հարյուրավոր բնակիչներ վիրավորվել են, տասնյակ մարդիկ սպանվել Սիրիայի ամենախոշոր քաղաքում վերջին շաբաթներին ընթացող մարտերի ժամանակ։ Կառավարական զինուժի ինքնաթիռները ռմբակոծում են բնակելի շենքերը, իսկ ապստամբները փողոցային մարտեր են մղում են` քաղաքում իրենց վերահսկողությունը հաստատելու համար:

Տասնյակ հազարավոր բնակիչներ լքել են Հալեպը՝ փորձելով խուսափել բռնությունից։ Հեռացողների թվում են նաեւ շուրջ 3 հազար հայեր, ովքեր ուղեւորվել են Լիբանան եւ Հայաստան՝ ետեւում թողնելով իրենց հարուստ պատմությունն ու խիստ անորոշ ապագան:

Հայերը Հալեպում դարեդար ապրել են դեռ մինչեւ Առաջին աշխարհամարտի դարաշրջանի կոտորածները: Քառասուն նահատակների եկեղեցին, որը 15-րդ դարի Առաքելական եկեղեցի է, հայկական սփյուռքի հնագույն գործող եկեղեցիներից մեկն է: Ենթադրվում է, որ առաջին հայերը Հալեպում հաստատվել են մ.թ.ա. 1-ին դարում:

Բայց քաղաքի ժամանակակից հայ համայնքի հիմքերը դրել են հենց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը եւ տեղահանությունը:


Այդ տարիներին հազարավոր հայեր լցվեցին Հալեպ։ Հաստատվելով մանկատներում կամ փախստականների ճամբարներում, որոնք գտնվում էին քաղաքի ծայրամասերում, հայերը սկզբնական շրջանում պայքարում էին սովի եւ հիվանդությունների դեմ:

Սակայն, ըստ Դեյվիսում Կալիֆոռնիայի համալսարանի Մերձավոր Արեւելքի պատմության մասնագետ Քիթ Դեւվիդ Ուաթենփաուի, հայերը հաստատակամորեն հաղթահարում էր դժվարությունները: Հաջորդ սերունդն արդեն հիմնում էր սեփական ձեռնարկությունները, բացվում հիվանդանոցներ, գրադարաններ, մշակութային կենտրոններ:

«Ժամանակի ընթացքում կարիքավոր փախստականներից, հիմնականում փրկված կանանց եւ երեխաներից կազմված բնակչությունից հայերը դարձան միջին խավի մարդիկ», - ասում է նա: -«Նրանք ներգրավված էին առեւտրի, կրթության, բժշկության, ստոմատոլոգիայի ասպարեզներում, ինչպես նաեւ ավանդական հայկական մասնագիտություններում` գորգագործություն, ոսկերչություն եւ այլն: Այնպես որ, նրանք փոխեցին Հալեպը, եւ Հալեպը փոխեց նրանց»:

Ինտեգրված եւ բարգավաճ


Ենթադրվում է, որ Հալեպի հայկական բնակչությունը ժամանակին կազմել է շուրջ 220 հազար մարդ:

Համայնքը վայելում էր լայն մշակութային ինքնավարություն, եւ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը աջակցում էին հայալեզու դպրոցներին, թատրոններին եւ մարզական ակումբներին:

Լինելով քրիստոնյա փոքրամասնություն հիմնականում մահմեդականներով բնակեցված քաղաքում, հայերը, այդուհանդերձ, իրենց էական տեղն ունեն Հալեպի բազմամշակութային, առեւտրական գործունեության մեջ ներգրավված բնակչության մեջ, որը ներառում է քրդերին, չերքեզներին, քրիստոնյա արաբներին, ինչպես նաեւ երկրի մեծամասնությունը կազմող սուննի մահմեդականներին:

«Հալեպը բարգավաճ քաղաք է դարձել նաեւ համայնքների բազմազանության շնորհիվ», - ասում է Ուաթենփաուն: - «Հալեպցիներն աշխարհի առջեւ բաց լինելու աներեւակայելի զգացողություն ունեն»:

Եվ չնայած սիրիահայերին արգելված էր ձեւավորել քաղաքական կուսակցություններ կամ ներկայացված լինել իշխանության վերին օղակներում, նրանց համայնքը հեռու էր գետտո լինելուց՝ թերեւս չձուլված, բայց միանշանակորեն ինտեգրված: Համարյա բոլոր հայ երիտասարդները ազատ խոսում են արաբերեն, շատերը սովորում են համալսարաններում, որտեղ ուսուցումը արաբերենով է, կամ ծառայում են սիրիական բանակում:

1970 -ականներից ի վեր հալեպահայերը նաեւ ունեն բարենպաստ կապեր իշխող վարչակազմի հետ: Որպես ալավի փոքրամասնության անդամներ թե' Հաֆեզ ալ-Ասադը, թե' նրա որդին՝ ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը ակտիվորեն սիրաշահել են երկրի էթնիկ փոքրամասնություններին` ամրապնդելով նրանց դիրքերն ընդդեմ սուննի ընդդիմության:

Այդ համագործակցությունը հանգեցրել էր սիրիահայերի համար հարաբերականորեն անվտանգ տարիների: Բայց Հալեպում ծնված, իսկ այժմ Բոստոնի համալսարանի հայոց պատմության եւ գրականության պրոֆեսոր Սիմոն Փայասլյանի կարծիքով, այս կապը կարող է «թունավոր» ազդեցություն ունենալ, եթե եւ երբ Ասադի վարչակարգը տապալվի:

«Հայ համայնքը սկսել են շատ սերտորեն նույնացնել Ասադի իշխանության հետ այնպես, ինչպես եւ մի շարք այլ փոքրամասնությունների խմբերը, որոնք համագործակցում էին Ասադի վարչակազմի հետ», - ասում է նա: - «Այժմ խնդիրն այն է, որ եթե Ասադի վարչակարգը տապալվի եւ ընդդիմությունն իր ձեռքում կենտրոնացնի իշխանությունը, այն կարող է, որպես վրեժ, հարձակումներ ձեռնարկել հայ համայնքի ներկայացուցիչների վրա»:

Բռնությունները ահագնանում են


Հալեպի հայկական թաղամասերը մնում են հիմնականում կառավարական ուժերի վերահսկողության տակ: Սակայն վատթարացող վիճակն ու բռնությունները անհանգստացնում են հայերին, որոնցից շատերին արդեն սկսել է անհանգստացնել նաեւ Մերձավոր Արեւելքից Եգիպտոսի ղպտերի եւ այլ քրիստոնյա փոքրամասնությունների դանդաղ արտահոսքը` տարածաշրջանում աճող իսլամիստական ազդեցության ներքո:

Հալեպահայերից շատերը դեռեւս հիշում են 1982 թ. Համայի կոտորածի հետեւանքները, երբ Հաֆեզ ալ-Ասադի հրամանով իրականացված սուննի մահմեդականների զանգվածային սպանդից հետո «Մահմեդական եղբայրության» անդամները փողոցներում հարձակվում էին հայ դպրոցականների վրա:

Հետեւելով ընթացիկ հակամարտության սրմանը՝ Գեւորգ Փայասյանը մտավախություն ունի, որ հայերը նորից կհայտնվեն սուննիների հակազդեցության թիրախում:

«Բաշար ալ-Ասադն բարեկամաբար է տրամադրված»,- ասում է նա: - «Նրա շնորհիվ էր, որ մենք ազատ էինք ու լավ էինք ապրում տարբեր ազգերի ու դավանանքի մարդկանց շրջանում: Եթե Ասադը չլինի, մահմեդականները [իսլամիստները] հայերին վատ կվերաբերվեն: Դա է պատճառը, որ շատ հայեր հեռացան Հալեպից»:

Ապրիլին Գեւորգ Փայասյանը եւ նրա կինը՝ Հելենը կողպել են Հալեպի Նոր Գեղի թաղամասում գտնվող հարմարավետ երկսենյականոց բնակարանը եւ դստեր հետ միասին մեկնել Հայաստան` միանալու ավելի վաղ մեկնած երկու որդիներին:

Փայասյաններն այսօր բնակվում են Երեւանի կենտրոնում գտնվող վարձակալած ընդարձակ բնակարանում, որի պայմանները թեեւ վատ չեն, բայց, ինչպես նրանք են ասում, Հալեպի տան պայմաններին չեն հասնի: Անցումային շրջանը բազմաթիվ դժվարություններով է ուղեկցվում սիրիահայ ընտանիքի համար: Գեւորգին չի հաջողվում աշխատանք գտնել եւ ընտանիքը ապրում է պիցցերիայում աշխատող որդու վաստակի շնորհիվ: Վիճակն այդքան ծանրացավ, որ շաքարախտով հիվանդ 61-ամյա Հելենը, որ Հալեպում մշտապես զբաղվել է տան տնտեսությամբ, նույնիսկ սկսել է մտածել աշխատանք փնտրելու մասին:

Կայուն արտագաղթ


Երբ Փայասյանները լքում էին Հալեպը, նրանք իրենց հետ վերցրել են միայն ամենակարեւոր իրերը, քանի որ շուտով վերադառնալու հույս ունեին: Սակայն իրենց փախուստից չորս ամիս անց, նրանք ասում են, որ, ամենայն հավանականությամբ, մշտապես կմնան Հայաստանում, թեեւ դա կնշանակի Հալեպում թողնել իրենց փրկությամբ Հալեպին պարտական Ասատուրի, Նեկտարի եւ ընտանիքի մյուս անդամների շիրիմները:

«Երջանիկ էինք այնտեղ», - ասում է Փայասյանը: - «Բայց վիճակը փոխվեց»:

Ուաթենփաուն, ով 1990-ականներին ապրել եւ սովորել է Հալեպում, կասկածում է, թե նույնիսկ ներկա հակամարտության ավերածությունները կարող են ստիպել հայ համայնքին մոտ ապագայում լքել քաղաքը: Սակայն կանխատեսում է, որ հաջորդ քառորդ դարի ընթացքում տեղի հայ բնակչությունը դանդաղորեն կանհետանա՝ փոքրամասնությունների կամ քրիստոնյաների համար ոչ բարենպաստ մթնոլորտի պատճառով:

«Եթե Հալեպը կորցնի իր հայերին, եթե կորցնի իր արաբախոս քրիստոնյաներին, Հալեպը կկորցնի իր յուրօրինակությունը, նաեւ` աշխարհի հետ առեւտրային հիմքի վրա գործակցելու կարողությունը: Եթե Հալեպը չկարողանա գոյատեւել որպես բազմամշակութային քաղաք, ես իսկապես կանհանգստանամ մնացած տարածաշրջանի համար՝ հանդուրժողականության, մարդու իրավունքների եւ տարբեր տեսակի մարդկանց կողք-կողքի ապրելու եւ բարգավաճելու ունակությանն առնչվող խնդիրների առումով», - ասում է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG