Մատչելիության հղումներ

Սիրիահայ երեխաների համար դպրոցում դասերը կանցկացվեն արաբերեն


Սիրիայի հնչակյան կուսակցության վարչության անդամ Վազգեն Մեսրոպյանլրագրողների հետ հանդիպմանը Երեւանում:
Սիրիայի հնչակյան կուսակցության վարչության անդամ Վազգեն Մեսրոպյանլրագրողների հետ հանդիպմանը Երեւանում:

Հայաստանի սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը դիմել էր ՀՀ վարչապետին` թույլ տալ Երեւանում ստեղծել դպրոց, որտեղ դասերը կանցկացվեն արաբերեն եւ սիրիական դպրոցական ծրագրով :

Կառավարությունը հավանություն է տվել ՍԴՀԿ-ի առաջարկին, եւ սեպտեմբերի 24-ից Երեւանի թիվ 14 հիմնական դպրոցում բոլոր դասարաններին զուգահեռ կգործեն սիրիական դասարաններ, որտեղ, հայերենից բացի, բոլոր առարկաները կդասավանդվեն արաբերենով:

Դպրոցի շենքը տրամադրել է Հայաստանի կառավարությունը, իսկ ուսուցիչները աշխատավարձ կստանան Կիլիկյան բարեսիրական միությանից, որը Հալեպում հովանավորում է Հայկական Կիլիկյան ճեմարանի գործունեությունը:

Ըստ Սփյուռքի նախարարության տվյալների՝ այսօր Հայաստանում մոտ 280 սիրիահայ դպրոցական երեխա է ապրում, ովքեր սեպտեմբերի1-ից հաճախում են տարբեր հայկական դպրոցներ Երեւանում: Սիրիայի հնչակյան կուսակցության վարչության անդամ Վազգեն Մեսրոպյանի կարծիքով, այս աշակերտների մեծ մասը կցանկացա տեղափոխվել սիրիական ծրագրով աշխատող թիվ 14 դպրոց:

«Մեր նպատակն այն է, որ այստեղ գտնվող սիրիահայ երեխաները չկտրվեն այնտեղի [Սիրիայի] ծրագրից: Այսինքն` այն ծրագրիը, որ պետք է անցնեին Սիրիայում, շարունակեն այստեղ, եւ երբ վերադառնան Սիրիա խնդիրներ չունենան եւ տարի չկորցնեն: Այս ծրագիրը համաձայնեցրել ենք Սիրիայի դեսպանատան հետ», - հայտնեց Վազգեն Մեսրոպյանը:

Հնչակյան կուսակցությունը լուծել է նաեւ ուսուցիչների հարցը. Սիրիայում գործող Կիլիկյան եւ մի քանի այլ հայկական դպրոցների բազմաթիվ ուսուցիչներ այժմ Հայստանում են եւ կդասավանդեն սիրիահայերի համար ստեղծված հատուկ դպրոցում:

Հայաստանում, Սփյուռքի նախարարություն տվյալներով, այսօր մոտ 2000 սիրիահայ է ապրում, իսկ Վազգեն Մեսրոպյանը կարծում է, որ սիրիահայերի թիվը Հայաստանում հասնում է 4-5 հազարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG