Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Հալեպում հուղարկավորեցին կիրակի օրը զոհված 24-ամյա Զարե Քարդաշյանին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հալեպցի Րաֆֆի Մերջանյանը, ով ասաց, որ Զարեն Հալեպի Նոր Գյուղ թաղամասում տեղի ունեցած հրետակոծության զոհ է դարձել: Մոտ 12 տարեկան երկու հայ երեխաներ էլ վիրավորվել են:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեռ հստակ է մեկ զոհի մասին տվյալները: Երեկվա հրետակոծություններից զոհվել է Վարդան անունով մի հայ, իսկ Զարե Քարդաշյանի մասին լուրերը արտաքին գործերի նախարարությունը դեռեւս չի հաստատում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Րաֆֆի Մերջանյանը պատմեց, որ Հալեպի գրեթե բոլոր հատվածներում էլ տեղի են ունենում պայթյուններ, հնչում են կրակոցներ: Երեկվա պայթյուններից վիրավորվել է նաեւ նրա հարեւանը: Րաֆֆին ընտանիքով Հալեպի Վիլլաներ թաղամասում է բնակվում: Այստեղ այլ թաղամասերի համեմատ վիճակը համեմատաբար լավ է:

Մերջանյանը պատմում է, որ վիճակը գնալով անտանելի է դառնում: Ամեն ժամ քաղաքի տարբեր հատվածներում պայթյուններ, հրետակոծություններ ու կրակոցներ են լինում:

«Մենք հարազատներ ունենք մորքուրի կողմեն, որ կփախնին Նոր Գյուղի թաղամասեն, բոլորը աս կողմ գուքան: Շատ-շատ կրակոց կա», - ասաց Մերջանյանը` հավելելով, որ Նոր Գյուղի հայերը փախչում են այնտեղ գտնվող ապստամբներից, ովքեր այնտեղ նաեւ խաղաղ բնակչության ուղղությամբ են ռումբեր ու նռնակներ են նետում:

Րաֆֆին ասում է, թե ապստամբները զավթել են Նոր Գյուղում գտնվող հայերի խանութները, եւ դրանց տերերը չեն կարողանում ոտք դնել սեփական խանութները: Րաֆֆի խանութը եւս գտնվում է Նոր Գյուղ թաղամասում:

«Մենք չենք կրնար գործի երթալ: Իրենք նստած են», - ասում է նա:

Մեկ այլ միջադեպի մասին է պատմում Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը. երեկ Լիբանանից Հալեպ ուղեւորվող Թաշչյան ընտանիքը` ամուսիններն ու նրենց երկու երեխաները, Հալեպի օդանավակայանի ճանապարհին հայտնվել է կրակոցների տակ: Կրակոցներից կին վիրավորվել է, բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Շատ թեթեւ վերք է, հիվանդանոցում խնամել են եւ նույն օրը դուրս են գրել, այժմ իր տանն է», - ասում է Քանդահարյանը:

Հալեպում վերջին օրերի հրետակածություններից վնասվել են ջրատարերը, Գյուլբենկյան հիվանդանոցը, Սահակյան վարժարանը: Հիվանդանոցում, բարեբախտաբար, մարդ չի եղել: Ջրատարերի վնասման պատճառով քաղաքում խմելու ջրի խնդիր կա:

Արաբական ԶԼՄ-ների տվյալներով անցած շաբաթ օրը Հալեպում 90 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավոր են: Անցած շաբաթավերջին Սիրիայում զոհվածների
թիվը հասել է 180-ը:

«Արմավիան» վերականգնել է Երեւան-Հալեպ-Երեւան չվերթը

Անցած շաբաթ դեպի Սիրիա թռիչքները դադարեցրած ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը վերականգնել է չվերթները դեպի Հալեպ: Ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ ընդառաջել են սիրիահայերին, որոնք խնդրել են վերականգնել չվերթները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG