Մատչելիության հղումներ

Չինարի գյուղի բնակիչներն ասում են, որ մոտակայքի սահմանային հենակետերում անցած գիշեր դարձյալ կրակոցներ են հնչել, սակայն գյուղի ուղղությամբ բարեբախտաբար չեն կրակել:

Գյուղում այսօր իրավիճակը լարված էր, թեեւ դա չէր խանգարում, որ մարդիկ զբաղվեին իրենց առօրյա գործերով:

Իսկ լարվածությունը զգացվում էր նրանց խոսքում. ոմանք կատակում էին, թե ադրբեջանական կողմից կրակոցներն այնքան սովորական են դարձել, որ եթե մի քանի օր կրակոցի ձայներ չեն լսում, զարմանում են:

Ադրբեջանական դիրքերը գտնվում են հենց Չինարի գյուղը շրջապատող բարձունքում, մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Գյուղը կարծես ափի մեջ լինի, եւ դա է պատճառը, որ ադրբեջանական կողմից պարբերաբար կրակում են գյուղի ուղղությամբ: Կրակոցների հետքերը կարելի է տեսնել գյուղի տների ու մանկապարտեզի պատերին: Մանկապարտեզում երեխաների համար նույնիսկ հատուկ թաքստոց են պատրաստել, որտեղ պատսպարվում են երեխաները, երբ կրակահերթեր են հնչում:

Գյուղացիները պատմում են, որ Չինարիի հողատարածքների մի մասը գտնվում են այնպիսի գոտում, որտեղ աշխատել պարզապես հնարավոր չէ, քանի որ վստահ չեն, որ աշխատանքների ժամանակ կրակոցներ չեն հնչի: Ասում են, որ եղել են դեպքեր, երբ կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ:

Չնայած այդ ամենին, նկատեցինք, որ նորոգվում էին գյուղի ճանապարհները:

Չինարի գյուղի եկեղեցին՝ Խորանաշատը, գտնվում է ադրբեջանական դիրքերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Եկեղեցու գտնվելու վայրը գյուղացիները համարում են ամենավտանգավորներից մեկը, սակայն դա չի խանգարում նրանց, անտեսելով վտանգը, բարձրանալ եկեղեցի եւ նույնիսկ մկրտություն անել:

Չինարիից ուղեւորվեցինք Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաք: Ի տարբերություն Չինարիի բնակիչների, ճամբարակցիները անակնկալի էին եկել ադրբեջանցիների դիվերսիոն գործողություններից։ Ասում էին, որ քաղաքի մերձակայքի հենակետերում վերջին տարիներին համեմատաբար հանգիստ է, սակայն վերջին իրադարձությունները ցնցել էին նաեւ ճամբարակցիներին ու լարվածություն առաջացրել բնակչության շրջանում:

Վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումներից պաշտոնական տվյալներով հայկական կողմից զոհվել է 4 հայ զինծառայող։

XS
SM
MD
LG