Մատչելիության հղումներ

Տավուշի սահմանագոտում հունիսի 4-ին զոհված զինվորներից Կարեն Դավթյանի ծառայությանը երկու շաբաթ էր մնացել․ 23-ամյա երիտասարդը հունիսի 18-ին պետք է ավարտեր ծառայությունն ու վերադառնար։ Լուսակերտից էր։

Նրանց տուն՝ մեր այցելության ժամանակ մայրը՝ Ռուզաննա Սարգսյանը, եւ տատը՝ ժենյա Լալայանը, պատմում էին, որ երեք հայ զինվորի կյանք խլած միջադեպի նախօրեին հեռախոսազրույց են ունեցել զինվորի հետ, եւ Կարենը խոստացել է, որ անպայման կվերադառնա՝ խոսքի տերը կլինի։

«Կյանքում առաջին ու վերջին անգամ մամային ստեց», - արցունքներն աչքին ասում էր Ռուզաննա Սարգսյանը։

2010 թվականի գարնանն էր Կարեն Դավթյանը զորակոչվել բանակ՝ Ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը գերազանցությամբ ավարտելուց հետո։ Մտադիր է եղել բանակից վերադառնալուց հետո շարունակել ուսումը։

Հարազատները պատմում էին, որ Կարենը շատ գոհ է եղել ծառայությունից, դիրքեր գնալուց երբեք չի դժգոհել։ Հակառակը՝ ասել է, որ դիրքերում ավելի շատ ժամանակ է ունենում պարապելու եւ կարդալու: Թեեւ ծնողները Ռուսաստանում են բնակվում, բայց ինքը չի ցանկացել խուսափել ծառայությունից ու նրանց մոտ գնալ կամ ծառայությունն ավարտելուց հետո տեղափոխվել Ռուսաստան։

«Կարենից մնացին նկարներն ու կարմիր դիպլոմը», - ասում էին հարազատները՝ ընդգծելով, որ հրազենային ու բեկորային վնասվածքներից զոհված Կարենի մահվան հանգամանքների անաչառ քննություն են ակնկալում։

«Արդար քննություն պիտի լինի՝ իմանանք։ Ասին՝ թուրքի գյուլլից գնաց՝ ձեռքներս ծալենք նստե՞նք, համակերպվե՞նք։ Մեզ լրիվ մանրամասն փաստերով պետք է ներկայացնեն», - ասում էին նրանք։

Պաշտոնական տվյալներով վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումներից հայկական կողմից զոհվել է 4 հայ զինծառայող։ Նրանցից՝ 20-ամյա Զոհրաբ Բալաբեկյանը եւս պետք է առաջիկա օրերին ավարտեր զինծառայությունը, գյումրեցի 20-ամյա Հրաչ Սարգսյանը աշնանն էր ավարտելու, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մարտական դիրքերում երեկ զոհված մուղնեցի 20-ամյա Վարդան Օհանյանը՝ մյուս տարի։

Ինչ վերաբերում է հակառակորդի վերջին օրերի դիվերսիոն գործողությունների հետեւանքով վիրավորվածներին. պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկություններով 8-ը վիրավոր կա, նրանցից 4-ը տեղափոխվել են նախարարության կենտրոնական կլինիկական հոսպիտալ։ Հոսպիտալի պետ, զորամասի հրամանատար Արամ Ասատուրյանը փոխանցեց, որ նրանց վիճակը միջին ծանրության է, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

XS
SM
MD
LG