Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Անպատասխան չենք թողնելու որեւէ գործողություն»


Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը մի հանդիպման ժամանակ, արխիվային լուսանկար

Հայաստան - Նախագահ Սերժ Սարգսյանը մի հանդիպման ժամանակ, արխիվային լուսանկար

«Մենք անպատասխան չենք թողելու մեր քաղաքացիների, պետական սահմանների եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որեւէ գործողություն», - այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Յուրաքանչյուր հայ զինվորի կորուստը` մեր ողջ ժողովրդի կորուստն է: Զոհվածների ընտանիքների հետ միասին սգում ենք մենք բոլորս: Հակառակորդին տրվող պատասխանի առումով չկա համաչափության այնպիսի աստիճան, որը կարող է սփոփել մեր վիշտը», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, ընդգծել է Սերժ Սարգսյանը` պատասխանելով սահմանային վերջին միջադեպերի վերաբերյալ Panorama.am ինտերնետային պարբերականի թղթակցի հարցին։

«Ես մշտապես ասել եմ, որ շփման գծում սադրանքները չափազանց վտանգավոր են: Նաեւ ասել եմ, որ դրանք ստանալու են կոշտ պատասխան: Վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերը եւս դրա վկայությունն են», - նշել է նախագահը` շարունակելով. - «Կա՛մ այս սադրանքներն իրականացվել են Ադրբեջանի ղեկավարության հանձնարարությամբ, եւ այդ դեպքում նրանք անձնական պատասխանատվություն են կրում զինադադարի` Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորության խախտման համար, կա՛մ այդ երկրի Զինված ուժերը գտնվում են հրամանատարության հսկողությունից դուրս, եւ այդ դեպքում մենք պետք է պատրաստ լինենք գործ ունենալ առանձին դաշտային հրամանատարների, այլ ոչ թե կազմակերպված բանակի հետ»:

«Մենք չունենք զինված ուժ կիրառելու որեւէ դրդապատճառ, քանի որ համարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման միակ ուղին բանակցայինն է, եւ կարգավորումը պետք է բխի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորությունից: Իսկ լուծման ճանապարհով առաջ շարժվելու համար, ինչպես բազմիցս նշել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, բնակչությանը պետք է պատրաստել խաղաղության: Ադրբեջանական կողմը շարունակում է ուղիղ հակառակն անել` այլատյացության խրախուսումը դիտելով որպես երկրի քաղաքացիների ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու միջոց», - ասել է Սերժ Սարգսյանը` հատկապես ցավալի համարելով այն հանգամանքը, որ «սադրիչ գործողությունները տեղի են ունեցել հենց այն օրը, երբ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Մոսկվայում ընթանում էր վստահության միջոցների ամրապնդմանը միտված` Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականների հանդիպումը, իսկ տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում էր գտնվում մեկ այլ համանախագահ պետության` ԱՄՆ-ի պետքարտուղարը»:

«Մենք չենք ցանկանում իրավիճակի սրում, բայց անպատասխան չենք թողելու մեր քաղաքացիների, պետական սահմանների եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված որեւէ գործողություն: Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը ստացել են խիստ հրահանգ ցուցաբերել զսպվածություն եւ զգոնություն` միեւնույն ժամանակ կանխել եւ պատժել հակառակորդի ցանկացած սադրանք: Վստահ եմ, որ միջազգային հանրությունը եւ Ադրբեջանի բնակչությունը հասկանում են, թե ում խղճի վրա է զոհվածների արյունը», - հայտարարել է Հայաստանի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG