Մատչելիության հղումներ

logo-print

Ոսկեպարի մոտ հինգ ադրբեջանցի զինվոր է զոհվել


Հայ զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսանկար

Հայ զինծառայողները զորավարժությունների ժամանակ, արխիվային լուսանկար

Կատաղի բախումները հայ - ադրբեջանական սահմանագծի հյուսիսային հատվածում շարունակվում են: Այսօր առավոտյան Ադրբեջանի Ղազախի շրջանի եւ Հայաստանի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանային հատվածում զոհվել են ադրբեջանցի հինգ զինծառայողներ:

Այս մասին տեղեկությունը մի քանի ժամ առաջ տարածել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ադրբեջանի ռազմական գերատեսչության պնդմամբ` սահմանային մարտը սկիզբ է առել այսօր վաղ առավոտյան` տեղական ժամանակով ժամը 6։30:

«Հայկական դիվերսիոն խումբը փորձել է մոտենալ Ադրբեջանի զինված ուժերի` Ղազախի շրջանի Աշաղի Ասքիփարա գյուղում գտնվող դիրքերին, սակայն կանգնեցվել է ադրբեջանական կողմից արձակված կրակի շնորհիվ», - նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ այս միջադեպի արդյունքում զոհվել է չորս զինծառայող, եւս մեկը զոհվել է Ղազախի շրջանում գտնվող բարձունքներից մեկի ուղղությամբ հայկական կողմից արձակված կրակահերթերի արդյունքում:

Նույն իրադարձության մասին Հայաստանի պաշտպանության նախարարության` այսօր կեսօրին տարածած հաղորդագրությունը տրամագծորեն հակառակ պատկերն է ներկայացնում: Պաշտոնական Երեւանի պնդմամբ` հայ զինծառայողների գործողությունները պաշտպանական բնույթ են կրել, երբ լուսադեմին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ է շարժվել ադրբեջանական 15-20 հոգանոց դիվերսիոն մի խումբ:

«Հայ դիրքապահների զգոնության շնորհիվ դիվերսիոն խումբը հայտնաբերվել է եւ ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում վնասազերծվել: Ադրբեջանական կողմից, ըստ նախնական տվյալների, կա հինգ զոհ, բազմաթիվ վիրավորներ: Դիվերսիոն խմբի մյուս անդամներին հաջողվել է փախչել` իրենց հետ տանելով զոհերի դիակները եւ վիրավորներին», - հաղորդում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը` ընդգծելով, որ հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

Այսօր զոհված ադրբեջանցիների մեծ մասը ժամկետային զինծառայողներ են: Հինգ զոհվածներից չորսը 1993 թվականի ծնունդ են, զորակոչված Ադրբեջանի տարբեր շրջաններից` Եվլախ, Շեքի, Նաֆթաչալա:

Վերջին երկու օրերի բախումներին այսօր Բաքվում անդրադարձել է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը` նշելով, որ դրանք կքննարկի իր հայաստանցի պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի եւ Մինսկի խմբի համանախագահների հետ հունիսի 18-ին Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ:

«Փարիզյան բանակցությունների ժամանակ մենք կփորձենք բացատրել հայկական կողմին, որ ստեղծված պատային իրավիճակը իրատեսական չէ, եւ դրա արդյունքում սահմանագծին երիտասարդներ են զոհվում: Այս հարցը կքննարկենք նաեւ Հիլարի Քլինթոնի` Բաքու կատարելիք այցի շրջանակներում», - նշել է Մամեդյարովը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկօրյա այցով Բաքու կժամանի վաղը` հունիսի 6-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG