Մատչելիության հղումներ

logo-print

SIPRI. «Բաքուն եւ Երեւանը շարունակում են զինվել»


Հայ զինծառայողները հայ - ադրբեջանական սահմանագոտում, արխիվային լուսանկար

Հայ զինծառայողները հայ - ադրբեջանական սահմանագոտում, արխիվային լուսանկար

«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում իրականացված` զենք ու զինամթերք ձեռք բերելու գործարքները, պատվերներն ու նոր զինատեսակների ներկրման ծրագրերը մեծացնում են երկու երկրների միջեւ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման հավանականությունը», - նշում են Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` SIPRI-ի մասնագետներն իրենց տարեկան զեկույցում:

Ռազմական խնդիրները` մասնավորաբար զենքի ու զինամթերքի համաշխարհային շուկայում արձանագրվող զարգացումները դիտարկող ու վերլուծող այս կենտրոնի մասնագետներն այսօր հրապարակված զեկույցում նշում են. - «Ադրբեջանն ու Հայաստանը պարբերաբար սպառազինությունների մրցավազք սկսելու փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում»:

Անդրադառնալով պաշտոնական Բաքվի` վերջին տարիներին որդեգրած քաղաքականությանը, SIPRI-ի մասնագետները նշում են. - «Ադրբեջանը ռազմական ուժի կիրառման մարտաշունչ հռետորաբանության ֆոնին զգալիորեն ավելացրել է ներկրվող զենքի ծավալները»:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից ձեռք բերված զենքերին, ապա ստոկհոլմցի վերուծաբանները նշում են, որ հանրությանն այս մասին տրամադրվող տեղեկատվությունը «սահմանափակ բնույթ է կրում»:

Չնայած այդ հանգամանքին` SIPRI-ի մասնագետները նկատում են, որ 2010 եւ 2011 թվականներին Հայաստանը հայտարարել է ավելի ժամանակակից զինատեսակներ գնելու մտադրության մասին` «Ադրբեջանի սպառազինության գնումների աճող ծավալներին ի պատասխան»:

Արձանագրելով, որ տարիներ առաջ ԵԱՀԿ-ի կողմից սահմանված զենքի մատակարարումների էմբարգոն ուժի մեջ է, SIPRI-ի զեկույցը շարունակում է. - «Կազմակերպության անդամ պետությունները, սակայն, տարբեր կերպ են մեկնաբանում այս էմբարգոն` շարունակելով սպառազինություններ մատակարարել թե՛ Հայաստանին եւ թե՛ Ադրբեջանին: Ռուսաստանը երկու պետությունների պարագայում էլ զենքի թիվ մեկ մատակարարն է»:

«Հայաստանը զենքի մատակարարների ավելի սահմանափակ շրջանակ ունի եւ լրջորեն կախված է Ռուսաստանից», - պնդում են զեկույցի հեղինակները` նշելով, որ Ադրբեջանն այս առումով ընտրության անհամեմատ ավելի լայն հնարավորություններ ունի:

«Ադրբեջանը վերջին շրջանում զենքի արտադրության լիցենզիաներ է ձեռք բերել Իսրայելից, Թուրքիայից եւ Հարավային Աֆրիկայից: Դա Բաքվին հնարավորություն կտա արտերկրյա տեխնոլոգիաներն օգտագործել հայրենական ռազմական արդյունաբերությունը զարգացնելու նպատակով», - նշում են Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի մասնագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG