Մատչելիության հղումներ

Ռասմուսեն. Վրաստանը մի օր անպայման կանդամակցի ՆԱՏՕ-ին


Բելգիա -- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը լրագրողների հետ հանդիպմանը, 4-ը հունիսի, 2014
Բելգիա -- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը լրագրողների հետ հանդիպմանը, 4-ը հունիսի, 2014
Ի՞նչ է առաջարկելու Հյուսիսատլանտյան դաշինքը Վրաստանին՝ անդամակցության գործողությունների ծրագրի փոխարեն: Որքան մոտենում է Ուելսում սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն, այնքան այս հարցն ավելի հրատապ է դառնում երկու կողմերի համար էլ:

Շաբաթասկզբին Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, թե առաջիկա սեպտեմբերին Վրաստանին անդամակցություն գործողությունների ծրագիր հազիվ թե առաջարկվի:

Ինչպես նշում են ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրները, Վրաստանի անդամակցության հարցը պառակտում է մտցրել դաշինքի շարքերում: Դաշինքում առանցքային դերակատարություն ունեցող եվրոպական պետությունները՝ նախ և առաջ Գերմանիան կոչ են անում չշտապել: Սկանդինավյան և բալթյան տարածաշրջանի պետությունները հակառակը կողմ են առաջիկա ամիսներին արդեն Վրաստանին անդամակցության գործողությունների ծրագիր առաջարկելու գաղափարին:

Այս հակասությունները զգալի էին նաև այսօր Բրյուսելում ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ընթացքում: Մշտապես Վրաստանի՝ եվրատլանտյան կառույցների սերտ ինտեգրման օգտին հանդես եկող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար դանիացի Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր ևս կրկին հայտարարում էր, որ Վրաստանը անդամակցելու է դաշինքին, բայց թե երբ` հայտնի չէ:

«Մենք հավատարիմ ենք այն որոշմանը, որ կայացվեց 2008 թվականին Բուխարեստի գագաթաժողովի ընթացքում: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ այն պահին, երբ համապատասխանի դաշինքի ներկայացրած բոլոր պահանջներին: Ավելի ուշ այս ամիս դաշինքի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Վրաստանի ձգտումները: Ես համոզված եմ, որ առաջիկա սեպտեմբերին Ուելսի համաժողովի ընթացքում մենք կկարողանանք արձանագրել այն առաջընթացը, որ ցուցաբերել է Վրաստանը վերջին ժամանակահատվածում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Խոսելով առաջընթացի կոնկրետ ցուցանիշների մասին` Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշել է.- «Վրաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հատկապես պաշտպանական և անվտանգության ոլորտներում թափանցիկության և հաշվետու գործողությունների ապահովման առումով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG