Մատչելիության հղումներ

Վրաստանն առաջիկայում «հազիվ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր ստանա»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ ասուլիսում, 2-ը հունիսի, 2014
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համատեղ ասուլիսում, 2-ը հունիսի, 2014
Վրաստանն առաջիկայում հազիվ թե ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր ստանա: Երկուշաբթի երեկոյան Բեռլինում այս մասին հայտարարեց Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը՝ իր վրաց պաշտոնակից Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:

«Ես կարծում եմ, որ [Վրաստանին] անդամակցության գործողությունների ծրագիր առաջարկելու հարցը սեպտեմբերին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի քննարկման թեմաների շարքում չի լինի: Մենք տեսնում ենք այն առաջընթացը, որ արձանագրել է Վրաստանը, տեսնում ենք, թե այդ երկիրը ինչ ջանքեր է գործադրում Աֆղանստանում: Ուելսյան համաժողովի ընթացքում մենք պետք է լրջորեն մտածենք, թե ինչպես հարկավոր ընդգծել այն փաստը, որ Վրաստանը դաշինքի լավ գործընկերն է: Կարծում եմ, որ անդամակցության գործողությունների ծրագրից բացի այլ ուղիներ ևս կան»,- հայտարարեց Մերկելը:


Հյուսիսատլանտյան դաշինքի համաժողովը կայանալու է սեպտեմբերի սկզբին: Դրան ընդառաջ Վրաստանի անդամակցության հարցի շուրջ ՆԱՏՕ-ի ներսում որոշակի տարաձայնություններ են ի հայտ եկել:

Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը, մի շարք վրաց լրագրողների հետ զրույցում նշել է.- «Այժմ հարկավոր է քննարկել, թե դաշինքը Վրաստանին ընդառաջ ինչ հավելյալ քայլ կարող է կատարել: Մի կողմից կա անդամակցության գործողությունների ծրագիրը, որի կողմնակիցներն են Վրաստանն ու դաշինքին անդամակցող պետություններից մի քանիսն: ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեկ այլ խումբ Վրաստանի անդամակցության հարցում ավելի զուսպ է տրամադրված, ուստի այս պահին դժվար է խոսել միասնական դիրքորոշման մասին»։

«Որպես այլընտրանք կարող է որոշակի փաթեթ շրջանառության մեջ դրվել: Այն կարող է ենթադրել ավելի ակտիվ քաղաքական երկխոսություն, ՆԱՏՕ-ի և Վրաստանի կապերի սերտացում»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատել է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն: Բեռլինյան ուղևորության ընթացքում վարչապետ Ղարիբաշվիլիին ուղեկցող վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում Փանջիկիձեն ասել է.- «Մերկելի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև այլ ուղիներ [անդամակցության առաջարկից բացի], որոնց միջոցով հնարավոր կլինի հաստատել Վրաստանի արձանագրած առաջընթացը: Դաշնային կանցլերի` մեզ ուղղված ուղերձը հստակ էր. Ուելսում Վրաստանի գործադրած ջանքերին ադեկվատ գնահատական է տրվելու»։

Վրաստանի եվրաասոցացման ծրագրերը հաստատուն են

Վրաստանի վարչապետի բեռլինյան այցի մյուս առանցքային թեման Եվրամիության հետ հարաբերություններն էին: Այստեղ, ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամակցության, Բեռլինը որևէ վերապահում չունի։

«Մենք իհարկե շատ ուրախ ենք, որ Վրաստանը շարժվում է Եվրամիության ուղղությամբ: Դրա դրևորումներից մեկը դառնալու է Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի առաջիկա ստորագրումը»,- նշում էր դաշնային կանցլերը:

Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով էլ՝ Վրաստանն առաջիկայում կանի ամեն ինչ կառավարման և տնտեսական համակարգերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու համար: Այս մասին Ղարիբաշվիլին նշում էր Անգելա Մերկելի հետ բանակցությունների ավարտին՝ Reuters գործակալությանը տված հարցազրույցում։

«Մենք պարտավոր ենք արդիականացնել մեր երկիրը Եվրոպական միության առաջ քաշած չափանիշներին համապատասխանելու համար: Մեզ համար Ասոցացման համաձայնագիրը Վրաստանի եվրոպականացման ու արդիականացման ուղենիշային ծրագիր է»:

Բեռլինում կայացած բանակցությունների ընթացքում, սակայն, Ղարիբաշվիլին հատուկ ընդգծում էր, որ իր կառավարությունը, ի տարբերություն նախորդ իշխանությունների, չի պատրաստվում արտաքին քաղաքականության եվրատլանտյան ուղղությունը զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին:

«Վրաստանն ապացուցեց, որ նոր իշխանությունները կայուն են, որ գոյություն ունի կանխատեսելի և շատ պրագմատիկ կառավարություն, որը ցանկանում է բարելավել հարաբերությունները բոլոր հարևանների, մասնավորաբար, Ռուսաստանի հետ»,- ասել է Ղարիբաշվիլին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG