Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու չունի»


ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ ՀԱԿ-ը «Լեւոն Տեր-Պետրոսյանից լավ նախագահի թեկնածու չունի»` պատասխանելով հարցին, թե պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո Տեր-Պետրոսյանը ինչպե՞ս է շարունակելու մնալ քաղաքականության մեջ եւ արդյո՞ք 2013-ի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը:

ՀԱԿ առաջնորդը մայիսի 8-ի հանրահավաքում, տեղեկացնելով պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, միաժամանակ հայտարարել էր, որ դա ամենեւին չի նշանակում քաղաքական գործունեությունը դադարեցնել։

«Նա շարունակում է մնալ ՀԱԿ-ի առաջնորդը, եւ եթե ինձ հարցնեք՝ ո՞վ է ամենահավանական թեկնածուն առաջիկա նախագահական ընտրություններում, ես կարծում եմ, որ այդ հարցն անվիճելի է Կոնգրեսի ներսում: Տեր-Պետրոսյանը շարունակում է լինել անվիճելի հեղինակություն, եւ ավելի լավ թեկնածու մենք չունենք», - ասաց Զուրաբյանը:

Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ՀԱԿ-ը համամասնական ընտրակարգով ստացել է քվեների 7.08 տոկոսը: ՀԱԿ 7 պատգամավորների շարքում Տեր-Պետրոսյանի փոխարեն խորհրդարան կմտնի դաշինքի համամասնական ցուցակի 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Հրանտ Բագրատյանը:

Զուրաբյանը հերքեց շրջանառվող այն լուրերը, որ Բագրատյանը նշանակվում է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար:

«Խմբակցությունն ինքը պետք է ընտրի խմբակցության ղեկավարին, եւ դրա մասին դեռ որեւէ խոսակցություն մեր մեջ չի եղել», - ասաց նա:

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը եւս վայր է դնում մանդատը, Զուրաբյանը հիշեցրեց այդ մասին Սարգսյանի հրապարակային հայտարարությունները:

«Դա մի իրողություն է, որ ինքն արդեն փաստել է: Նաեւ մեր խորհրդակցությունների ժամանակ, մեր կենտրոնական շտաբի նիստում, քաղխորհրդի նիստերում ինքը դրա մասին հայտարարություն արել է, որ պատրաստվում է մանդատը դնել», - նշեց Զուրաբյանը` հավելելով, որ ընտրություններից հետո Սարգսյանի հետ այդ հարցով որեւէ խոսակցություն չի ունեցել:

Արամ Սարգսյանը առայժմ հրաժարվում է հարցազրույցից:

ՀԱԿ-ը չի համարում, որ խորհրդարանական մանդատները վերցնելով ՝ լեգիտիմացնում է ընտրությունների արդյունքները:

«Մանդատները վերցնելն ինչպե՞ս կարող է նշանակել ընտրությունների լեգիտիմությունն ընդունել», - ասաց Զուրաբյանը. - «Եթե Հայաստանում լինեին ազատ եւ արդար ընտրություններ, ընտրությունները հիմնովին չկեղծվեին, ես վստահ եմ` ՀԱԿ-ը կստանար 50-60 մանդատ: Այդ 50 մանդատից մեզ հասել է 7-ը, այսինքն մեզանից գողացել են 43 մանդատ: Հիմա ո՞ր տրամաբանությամբ մենք պետք է մեր ժողովրդից ստացած 7 մանդատը տանենք ու հանձնենք այդ գողերին: Հակառակը, պետք է գնանք, որ մեր մնացած 43 մանդատները հետ ստանանք…մենք պետք է օգտագործենք խորհրդարանի ամբիոնը ժողովրդին ոտքի կանգնացնելու նպատակով»:

Բացառելով խորհրդարանում մեծամասնություն ստացած ՀՀԿ-ի հետ կոալիցիան` Զուրաբյանը պատրաստակամություն հայտնեց խորհրդարանում «այս արատավոր համակարգը փոխելու պատրաստ» ուժերի հետ համագործակցությունը: Այն դիտարկմանը, թե ինչո՞ւ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդն ու ներկայացուցիչները ընդհանրապես չխոսեցին ԲՀԿ-ի մասին, արդյո՞ք երկու ուժերի «ճանապարհները բաժանվում են», Զուրաբյանն արձագանքեց. - «Որեւէ քաղաքական ուժի մասին խոսելը երբեք ինքնանպատակ չի եղել, խոսել ենք, երբ դրա նպատակահարմարությունը եղել է: Այսօր որեւէ նպատակահարմարություն չկար խոսելու, եւ չենք խոսել»:

Անդրադառնալով խորհրդարանում ԲՀԿ-ի հետ համագործակցակցության հնարավորություններին` Զուրաբյանն ասաց. - «ԲՀԿ-ի հետ համագործակցությունը հնարավոր է, եթե տեսնենք, որ կա շահագրգռվածություն այս ընտրական մեխանիզմները փոխելու: Արդեն կերեւա կա այդ շահագրգռվածությունը, թե` ոչ: Համենայնդեպս, այս ընտրությունների շրջանում այդ շահագրգռվածությունը կար»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ընտրությունների վերաբերյալ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի լռությունը, հաշվի առնելով, որ նրա ուղերձում ընտրակեղծիքների մասին որեւէ հիշատակում չկար, ՀԱԿ համակարգողը պատասխանեց. - «Ընտրությունների վերաբերյալ մենք մեր գնահատականները տվեցինք, մնացած ուժերն իրենք պետք է որոշեն, թե ինչ գնահատական են տալիս: Մայիսի 7-ին ընտրությունների վերահսկման միասնական շտաբի նիստում անգամ մշակել ենք հայտարարության տեքստ, եւ մենք մեր համաձայնությունը տվել ենք այդ տեքստին: Հիմա մյուս ուժերից է կախված, թե արդյո՞ք նրանք պատրաստ են այդ տեքստը հրապարակել»:

Հավելենք, որ ՀԱԿ-ը խորհրդարան մտնելուց հետո չի դադարեցնելու հանրահավաքային պայքարը:

please wait

No media source currently available

0:00 0:05:45 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG