Մատչելիության հղումներ

Վարչապետ. ՀՀԿ-ն հակված է կոալիցիա կազմելու


Վարչապետը ճաշում է Հայրենական պատերազմի վետերանների հետ, 9 մայիս, 2012
Վարչապետը ճաշում է Հայրենական պատերազմի վետերանների հետ, 9 մայիս, 2012
Հայաստանի վարչապետ, իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը չորեքշաբթի Երեւանի Հաղթանակի զբոսայգում, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանում «տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որ ժողովուրդն իր կյանքում զգա [դրանք]»:

Հայաստանի Ազգային ժողովի եւ կառավարության անդամները` խորհրդարանի նախագահ Սամվել Նիկոյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այսօր այցելել էին Հաղթանակի զբոսայգի` մասնակցելու Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը:

Միջոցառման պաշտոնական մասից հետո, երբ Ազգային ժողովի նախագահն ու վարչապետը ճաշում էին Մեծ հայրենական պատերազմի վետերանների հետ, լրագրողները անմիջապես շրջապատեցին այն սեղանը, որի շուրջ նստած էին Սամվել Նիկոյանն ու Տիգրան Սարգսյանը:

«Մեր ժողովրդի կյանքը բարելավվելու է», - ասաց վարչապետը` ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե փոխոխություններ շա՞տ են լինելու, ինչպես ՀՀԿ-ն խոստանում էր իր նախընտրական` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսում:

Հարցին, թե արդյո՞ք նոր կոալիցիա կազմելու վերաբերյալ արդեն պայմանավորվածություններ կան, վարչապետը հակիրճ պատասխանեց. - «Այժմ գնում են բանակցություններ»:

Այստեղ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը առաջարկեց վարչապետին խմել «բանակցության հաջողության համար»:

Մի փոքր անց լրագրողների խնդրանքով կրկին անդրադառնալով նոր հնարավոր կոալիցիայի կազմավորմանը` վարչապետը հավելեց. - «Հիմա դեռեւս խմորումներին փուլ է, լցվեք համբերությամբ մի քանի օր, եւ ամեն ինչ պարզ կլինի»:

Վարչապետն ասաց` Հանրապետականը հակված է կոալիցիա կազմելու: Այն հարցին թե արդյո՞ք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրավիրվելո՞ւ է նոր կոալիցիա, Տիգրան Սարգսյանը արձագանքեց. - «Այս պահի դրությամբ ես զերծ կմնամ որեւէ գնահատականներից: Ճիշտ չէ հիմա գնահատականներ տալ, երբ հիմա գնում է այնպիսի փուլ, որ մենք պետք է կարողանանք ամփոփել ընտրությունների արդյունքները եւ տեսնենք, թե ինչ տարբերակներ կան: Դրա համար այս պահի դրությամբ գնահատականներ տալը սխալ է, պետք է լցվել համբերությամբ, մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի: Այս պահի դրությամբ մենք ոչ մի բան չենք բացառում»:

Տիգրան Սարգսյանը անդրադարձավ նաեւ մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ինքը ղեկավարելու է Ազգային ժողովը. - «Ամեն ինչ ասում են... իսկ ես ասում եմ` շնորհավոր բոլորիդ տոնը, եւ առաջին հերթին մեր վետերաններին շնորհավորենք այս տոնի կապակցությամբ եւ ցանկանանք նրանց առողջություն»:

«Էս ժուռնալիստները սենց են էլի, չեն թողնում մի կտոր վետերանների հետ վայելենք», - կատակով բողոքեց վարչապետը:

Վարչապետն ու ԱԺ նախագահը խմեցին վետերանների կենացը եւ ճաշեցին նրանց հետ: Ճաշացանկում հնդկաձավար էր, մի քանի 100 գրամ օղի, հյութ, հաց ու երշիկ:

please wait

No media source currently available

0:00 0:03:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG